Թաթոյանը չի այցելել Գասպարիին, որովհետև զբաղված էր

Թաթոյանը  չի այցելել Գասպարիին, որովհետև զբաղված էր

Նոր ՄԻՊ Արման Թաթոյանը այսօր առաջին անգամ էր կառավարության նիստին մասնակցում։ Նիստից հետո նա բանավոր հայտարարություն արեց կալանավորված ակտիվիստ Վարդգես Գասպարիի մասին, որն արդեն տարածել էր գրավոր։ Ոչ մի նոր տեղեկություն հայտարարությունը չէր պարունակում։ «Ստացել ենք փաստաբանի կողմից ահազանգ։ Մեր աշխատակիցներն անմիջապես այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, տեսակցել են Վարդգես Գասպարիին, նաև դիմել եմ գլխավոր դատախազին, որպեսզի քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ընթացք տրվի, ընդ որում, հետևողական եմ լինելու այս հարցի հետ կապված», - ասաց Արման Թաթոյանը։ Նա անձամբ չի այցելել Գասպարիին, որովհետև զբաղված է եղել։ «ֆիզիկապես հասցնելու խնդիրն էր։ Երեկոյան բերման են ենթարկվել ակտիվիստներ և այնտեղ էլ պետք է լինեինք»։ Ի դեպ, մյուս ակտիվիստների  մոտ ևս Թաթոյանի աշխատողներն են եղել։ Նոր ՄԻՊ-ն ասաց, որ պարզաբանումներ է պահանջել արդարադատության նախարարից Գասպարիի հանդեպ վատ վերաբերմունքի հետ կապված, սակայն թե ինչ «վատ վերաբերմունքի» մասին է խոսքը, եղել է վերջապես բռնություն Գասպարիի նկատմամբ, թե ոչ և ինչ են արձանագրել իր աշխատակիցները, պարզ չդարձավ։  «Գասպարին հայտնել է, որ իր նկատմամբ վատ վերաբերմունք է եղել։ Նույնը ահազանգել են փաստաբանները։ Մենք ուսումնասիրում ենք տեղեկությունները», - պտտվեց-պտտվեց Թաթոյանն ու այդպես էլ ոչինչ չասաց։ Հիշեցնենք, որ Գասպարիին կալանավորել են իր գործով դատարան չներկայանալու համար։ Նա մեղադրվում է ոստիկաններին վիրավորելու համար: