Փարիսեցիություն

Փարիսեցիություն

Երբ լսում ես հանրապետական կարկառունների ելույթները, թե ինչպես են մտահոգ դեմքերով խոսում Ընտրական նոր օրենսգրքի նախագծի մասին, ինչպես են տարբեր բարդ մեխանիզմներ մտածում այդ գարշելի ընտրակեղծարարների դեմն առնելու եւ ընտրությունների արդարությունը կյանքի գնով ապահովելու համար, քիչ է մնում հավատաս, որ ինչ-որ մութ ուժեր՝ անկառավարելի ու հանցագործ, որոնք մեր պետության ու ժողովրդի վատն են ուզում, ամեն ընտրության ձախողում են մեր խեղճ իշխանության ջանքերը։ Սեւերես անում նրան։ Խայտառակում միջազգային հանրության առաջ։ Ի՜նչ տիտանական ջանքեր է գործադրում մեր ազնիվ ու անմեղ իշխանությունը, որ թույլ չտա ընտրությունների կեղծում, որ ժողովրդի քվեն տեղ հասցնի, իսկ այդ սրիկաներն ամեն անգամ ջուրն են գցում նրա ջանքերը, իրենց սեւ գործն անում։ Հիմա նոր, ծախսատար մեթոդներ են մտածում՝ էլ էլեկտրոնային քվեարկություն, էլ ընդդիմության իրավունքների ընդլայնում, էլ դիտորդների համար բացառիկ աշխատանքային հնարավորություններ՝ անօգուտ։ Անգամ անցած օրը Դավիթ Հարությունյանն էր չքմեղանում, թե՝ նույնիսկ թույլ ենք տվել, որ ընդդիմադիր կուսակցությունները սահմանապահներին հավասար իրավունքներ ունենան եւ կարողանան երկիր ելումուտ անողների ցանկերը ճշտել, իսկ այդ ծույլ ու անպիտան ընդդիմադիրները չեն օգտվում այդ իրավունքից։ Եվ ընդհանրապես, որ ընտրությունները մեզանում վատն են, եւ վստահություն չկա դրանց արդյունքների հետ կապված, միմիայն ընդդիմությունն է մեղավոր։ Այ, եթե նրանք յուրաքանչյուր ընտրատեղամասում կարողանային վստահված անձեր ունենալ եւ ընտրություններից հետո էլ հայտարարեին, որ դրանք փայլուն են անցել, հասարակությունը կվստահեր ընտրությունների արդյունքները։ Եվ բոլորը գոհ ու երջանիկ կլինեին։