«Տավարի», խոպանչու երազանքի եւ «Լուկօյլի» տնօրենի ոսկե ժամացույցի մասին

«Տավարի», խոպանչու երազանքի եւ «Լուկօյլի» տնօրենի ոսկե ժամացույցի մասին

Գեղարքունիքի մարզի Գեղահովիտ համայնքի բնակիչ Թաթուլ Գրիգորյանը շինարարի կրթություն չունի։ Ինժեներ-մեխանիկ է եւ հաշվապահ, բայց շինարարության ոլորտի ցանկացած խնդիր աչքերը փակ է լուծում։ Ռուսաստանում, խոպանի տարիներին, այս հմտությունը շատ է օգնել նրան։ Նա լավ գումար է աշխատել եւ կարողացել է մարել վարկը, որը վերցրել էր տուն կառուցելու համար։ Բայց շինարարական տաղանդը նաեւ խանգարել է եւ պատճառ է դարձել, որ վարպետին վտարեն ՌԴ-ից, թեեւ բոլոր փաստաթղթերը վարպետն ունի եւ պարտաճանաչ կերպով վճարումներ է կատարել Մոսկվայի մարզում աշխատելու թույլտվության համար։



«Խփեց, 4 ատամ թափեց բերանս»



Բանն այն է, որ այս լիցենզիան խոպանչիներին հնարավորություն է տալիս օրինական ձեւով աշխատելու Մոսկվայի մարզի ցանկացած տարածքում, բացի Մոսկվա քաղաքից։ Բայց հենց Մոսկվայում էր աշխատում Թաթուլի ռուս ընկերը, որը Մյասնիցկայա փողոցում գործ էր անում «Լուկօյլ» հանրաճանաչ ընկերության պատվերով։ Նա խնդրել է, որ Թաթուլը գնա, «մարդկային առումով» իրեն օգնի՝ խորհուրդ տա, թե ինչպես հարմարեցնել ջրահեռացման համակարգը, որ «Լուկօյլի» ջուրը դադարի լցվել։ Ու հենց այդ օրն էլ միգրացիոն ծառայության ջոկատը եկել, բոլորին հավաքել է, այդ թվում՝ նաեւ Թաթուլ Գրիգորյանին, ու տարել-փակել։ «Փաստաթղթերը բերեցին, դրեցին դեմս, որ ստորագրեմ, որ ես փաստաբանի կարիք չունեմ, որ ինձ իմ իրավունքներին ծանոթացրել են եւ այլն։ Հենց ուզեցի կարդալ, խփեցին դեմքիս։ Մի քանի անգամ ստիպեցին, որ ստորագրեմ, չստորագրեցի։ Դրանից հետո բերեցին մի տավարի, որը բռունցքով խփեց դեմքիս, չորս ատամներս միանգամից թափվեցին բերանիցս։ Ասեց՝ եթե չես ստորագրում, կամ բռնաբարություն կսարքենք, կամ նարկոտիկ։ Դրանից հետո միայն ստորագրեցի»,- պատմում է Գրիգորյանը։



Արա Աբրահամյանի «կանտորայում» ասել են՝ «ՌԴ պասպորտ բեր, որ քեզ օգնենք»



Մոսկվայի քաղաքային դատարանը պատրավորեցրել է նրան հեռանալ երկրից՝ 5 տարվա մուտքի արգելք դնելով։ Թաթուլ Գրիգորյանը դիմել է եւս երկու դատական ատյան, տեղեկանքներ է ներկայացրել, որոնցով ապացուցում է, որ Մոսկվա քաղաքում չի աշխատել․ «Տանտերը դիմում է գրել, որ ես աշխատել եմ իր տանը եւ մի քանի ժամով գնացել եմ Մոսկվա, բացատրություն է տվել «Լուկօյլի» տնօրենը, որ ես այնտեղ չեմ աշխատում, բացատրություն է տվել պրարաբը, որ ինքն է ինձ կանչել-բերել Մոսկվա՝ մի քանի ժամով, նրա 5 աշխատողները գրել են, որ ինձ չեն ճանաչում»։ Բայց ոչ մի փաստաթուղթ չի օգնել։ Դատարան է դիմել՝ վիճարկելով դեպորտն ու մուտքի նկատմամբ արգելքը, սակայն մերժել են պահանջը։ Երկրորդ ատյանը չի էլ կանչել Թաթուլին, որ իր ներկայությամբ դատը լսի։ Ռուս փաստաբանները եւս խաբել են նրան։ Փողերը վերցրել են ու անհետացել։ Ահա, այսպես են վարվում հայերի հետ մեր եղբայրական երկրում։ Դեռ ռուսները՝ մի կողմ։ Հայերը նույնպես հրաժարվում են օգնության ձեռք մեկնել։ «ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը բիզնես կենտրոն է, տեղեկանքների վրա փող աշխատող կառույց։ Այնտեղ ինձ ասացին, որ քանի որ գործը դատարանում է, մենք չենք կարող խառնվել։ Մի կին կար, ասաց՝ ես ձեզ կօգնեմ։ Բայց երբ գնացի մոտը, ներողություն խնդրեց՝ ասելով, որ եթե ինձ օգնի, իրեն գործից կհանեն»։ Ռուսաստանի հայերի միությունում էլ Թաթուլին պատասխանել են․ «Դուք լա՞վ եք կարդացել մեր անունը՝«Ռուսաստանի հայերի միություն»։ Երբ որ կունենաք Ռուսաստանի կարմիր պասպորտը, մենք ձեզ կօգնենք»։ Արա Աբրահամյանը, սակայն, Երեւանում բոլորովին այլ կերպ է խոսում։



«Լուկօյլի» գլխավոր տնօրենը ոսկե ժամացույց է նվիրել



Մոսկվայի դատարանների որոշումներն աղետ են Թաթուլ Գրիգորյանի համար։ Նա ամսական 300 հազար դրամի վարկ է փակում։ Ընտանիքում 5 հոգի են, 4-ը՝ բարձրագույն կրթությամբ, բայց աշխատում է միայն կինը՝ ստանալով 39 հազար 500 դրամ աշխատավարձ։ Ահա ինչու Թաթուլ Գրիգորյանը շարունակում է արդարություն փնտրել ՌԴ դատարաններում, որ մեկնի մի երկիր, որտեղ իրեն ստորացրել են, ջարդել են ատամները, վիրավորել։ «Ես դիմում եմ մեր գործարար մարդկանց։ Պատրաստ եմ կատարելու ցանկացած աշխատանք, 90-ականների սկզբին, երբ լույս չկար, ես կազմակերպել եմ հացի արտադրություն եւ Մարտունու շրջանի կես գյուղերին սպիտակ հացով եմ ապահովել։ Ցանկացած տեղ կաշխատեմ, միայն թե վարկս կարողանամ փակել»,- ասում է Թաթուլ Գրիգորյանը։ Ի դեպ, «Լուկօյլի» գլխավոր տնօրենի տեղակալը շինարարության գծով՝ Լոգաչեւը, ոսկե ժամացույց է նվիրել իր «պրարաբին» ջրահեռացման համակարգը վերակառուցելու համար, իսկ «պրարաբն» էլ ժամացույցը հանձնել է Թաթուլին, ասելով․ «Չեմ կարողանում կապեմ իմ թեւին, ամեն անգամ նայելուց ինձ մեկն ասում է՝ քոնը չէ»։