Որովհետև վարչապետը վարչապետ է, նախարարը՝ նախարար. վարչապետի «ցնցող» պատասխանները

Որովհետև վարչապետը վարչապետ է, նախարարը՝ նախարար. վարչապետի «ցնցող» պատասխանները

Քիչ առաջ լրագրողների հետ ճեպազրույց ունեցավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե տարեվերջին հայտարարել են` օպտիմիզացիայի են գնալու, բայց Սերժ Սարգսյանն իր քայլերով կարծես հերքում է իրեն, վարչապետն ասաց․ «Մենք կատարում ենք օպտիմիզացիա, եթե դուք նկատի ունեք մեկ նախարարության ավելացումը, ապա մենք հիմա արդեն համագործակցության մեջ ենք ՀՅԴ-ի հետ, և այդ քննարկումների արդյունքում մենք այդ որոշումը կայացրել ենք։ Դա քաղաքական որոշում էր։ Իսկ մենք օպտիմալացում իրականացնելու ենք, այսինքն՝ հաստիքների կրճատում, ինչպես ասել ենք՝ մեքենաների, և հիմա պատկան մարմինները զբաղվում են այդ հարցով»։



Hraparak.am-ի հարցին, թե ավելի լա՞վ են աշխատում դաշնակցական նախարարները ՀՀԿ-ականներից, վարչապետն ասաց․ «Դեռ վաղ է գնահատական տալ, կաշխատեն, կտեսնենք»։ 



Դիտարկմանը, թե Ընտրական նոր օրենսգրքով բավականին բարդանալու է ՀՀԿ-ի համար ձայներ ապահովելը, ինչպե՞ս են այս անգամ ապահովելու այդ ձայները, Աբրահամյանն ասաց, որ Հանրապետականի համար միշտ եղել է բարդ, բայց հաղթահարելի։



Իսկ երբ փորձեցինք ճշտել, թե ինչպե՞ս են հաղթահարելու, քանզի ԸՕ նոր նախագծով արհեստական խութեր են առաջացրել ընդդիմության համար, վարչապետը խուսափեց հարցին ըստ էության պատասխանելուց, փոխարենը արձագանքեց հետևյալ խիստ «բովանդակային» պատասխանով․ «Դուք Ձեր հարցերը տվեք, ինչո՞ւ եք ուրիշի հարցերը տալիս»։ Հետո էլ որոշեց պաշտպանել «համեստ մարդկանց», թե «համեստ մարդիկ ձեր շարքերում տեղ չունեն, մի քիչ էլ նրանց հերթ տվեք հարց տալու»։



Հետո հարց հնչեց ՊԵԿ-ի և ֆինանսների նախարարության առանձնացման մասին, թե լավ չէի՞ն աշխատում միասին, որ առանձնացրին։ Այդ պահին մեկ այլ լրագրող հարցրեց իր և Գագիկ Խաչատրյանի հարաբերություններից։ Վարչապետը մի պահ կանգ առավ, հետո որոշեց, որ ինքը պետք է պատասխանի իր և ֆինանսների նախարարի հարաբերությունների մասին հարցին, ոչ թե ՊԵԿ-ի ու ֆիննախի առանձնացման, որովհետև երևի պահի տակ կողմնորոշվեց, որ այդ հարցին պատասխան տալն իր համար ավելի շահեկան է։ Իսկ ֆիննախն ու ՊԵԿ-ի առանձնացման մասին հարցը թող մնա օդում կախված։



«Հիմա ո՞ր հարցին պատասխանեմ․․․ լարված չեն, ընդհանրապես որևէ նախարարի կամ վարչապետի հարաբերությունները չի կարող լարված լինել, դա միշտ հիշեք, բոլորիդ խորհուրդ եմ տալիս»,-չգիտես ինչու այս «կարևոր» հարցով որոշեց լրագրողների համար խորհրդատուի դեր ստանձնել պարոն Աբրահամյանը։ 



Իսկ ինչո՞ւ։ Վարչապետը տվեց տաֆտալոգիկ պատասխան․ «Որովհետև վարչապետը վարչապետ է, նախարարը՝ նախարար», ապա հավելեց, որ նմանատիպ խոսակցություններն ու բամբասանքները պիտի ավարտվեն, արդեն ժամանակն է։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ