Կարելի՞ է մարդուն թուրք անվանելը դիտարկել որպես գնահատողական դատողություն

Կարելի՞ է մարդուն թուրք անվանելը դիտարկել որպես գնահատողական դատողություն

Օրերս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Հայաստանին վերաբերող երկու գործեր են «կոմունիկացվել» ՀՀ կառավարությանը։ Այսինքն՝ հարցեր են ուղարկվել, պատասխաններ ստացվել։ Երկուսն էլ Լեռնապատի գյուղացիների անունից ներկայացրել են փաստաբաններ Լուսինե Հակոբյանը եւ Տիգրան Եգորյանը։ Գյուղացիները դեռ 2010 թվականին բողոքել էին ոստիկանությանն իրենց գյուղապետի՝ Վանո Եղիազարյանի դեմ, մեղադրելով նրան յուրացումների, տարբեր ապօրինությունների համար։ Ոստիկանությունն աշխարհի մեղքերը դրեց Եղիազարյանի վրա՝ էլ յուրացում, էլ վատնում, էլ պաշտոնական դիրքի չարաշահում, էլ պաշտոնական կեղծիք։ Բայց, ի վերջո, վարույթը կարճեց։



Լեռնապատցիները չհանգստացան եւ 250 հոգով կոլեկտիվ բողոք ներկայացրին Գլխավոր դատախազություն, Վանո Եղիազարյանն էլ իր հերթին դիմեց դատարան՝ զրպարտության եւ վիրավորանքի հայցեր ներկայացնելով իր համագյուղացիների դեմ։ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանը, որը, ի դեպ, դասախոսում է նույն բուհում, ինչ բանասիրական գիտությունների դոկտոր Վանո Եղիազարյանը,Ղարիբ Միկիչյանին եւ Կամսար Թամարյանին պարտադրեց հրապարակավ ներողություն խնդրել գյուղապետի հասցեին վիրավորական արտահայտությունների համար։ Օրինակ, գյուղացիները Վանոյի հասցեին ասել էին․ «Հանեք էս թուրքին մեր միջից»։ Կատարելով դատարանի որոշումը, Միկիչյանն ու Թամարյանը 2011 թվականի մայիսին ներողություն խնդրեցին Եղիազարյանից, բայց դիմեցին ՄԻԵԴ՝ համարելով, որ իրենք ունեն նման արտահայտություններ անելու իրավունք, եւ որ դատարանը խախտել է եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը՝ ոտնահարելով իրենց ազատ խոսքի իրավունքը։ Այժմ Եվրադատարանը հարցեր է ուղարկել ՀՀ կառավարությանը, որոնց թվում կա, օրինակ, հետեւյալը․ արդյոք «Հանեք էս թուրքին մեր միջից» արտահայտությունը չէ՞ր կարելի դիտարկել որպես գնահատողական դատողություն։ Հարցի պատասխանը տալու է ՀՀ կառավարությունը։ 



Վանո Եղիազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ համագյուղացիների վիրավորանքների մասին խոսելն իրեն հաճելի չէ։ Հարցին, թե գուցե թուրքի մասին բառերն ուղղակի գնահատողական արտահայտություն էին, նա ասաց․ «Ուրիշ շատ բաներ կային, զրպարտություններ ու վիրավորական արտահայտություններ, որոնց համար նրանք 2011 թվականի մայիսի 11-ին հրապարակավ ներողություն են խնդրել»։ Թե էլ ում ինչ է պարտադրել դատարանը, Եղիազարյանը չի հիշում։