Արտեմ Ասատրյանի ծրագիրն ընդդեմ «նախագահական» ծրագրի

Արտեմ Ասատրյանի ծրագիրն ընդդեմ «նախագահական» ծրագրի

Արսեն Քարամյանն ընդդեմ Արտեմ Ասատրյանի



Ուրախանա՞լ, թե՞ տխրել, երբ մեր «կառավարական» դեմքերը մրցակցության են դուրս գալիս: Այս պարագայում անհանգստանալ, քանի որ մրցակիները երկուսն էլ հանրապետականներ են, երկուսի ծրագրային նպատակներն էլ ուղղված են նույն թիրախին:



Ամեն ինչ սկսվեց, երբ մի գեղեցիկ օր կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը կառավարության նիստին ներկայացավ որոշման մի նախագծով, որի համաձայն՝ փոփոխություններ են մտցվում «Երիտասարդ ընտանիքնին՝ մատչելի բնակարան» ծրագրում: Ծրագիրը, ի դեպ, «նախագահական» նշանակության է, չէ՞ որ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի «խոստումներից» է, և այս ծրագրի մասին խոսելիս, մեկ անգամ չէ, որ բանախոսները հատուկ ընդծել են այդ հանգամանքը:



Եվ մինչ կառավարությունը «ավետում է» երիտասարդ ընտանիքներին ավելի հարմար պայմանների մասին, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն էլ հայտարարում է «Ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թվականների ազգային ծրագրի» մասին: Եթե լարենք մեր «հավատալու» մկաններն ու կարդանք Արտեմ Ասատրյանի խոսքերը, ապա՝ ապագայում հնարավոր կլինի բնակարան ձեռք բերել նաև այս ծրագրով, ուշադրություն՝ առանց կանխավճարի:



ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը կառավարության որոշման հենց հաջորդ օրը մամուլի ասուլիս հրավիրեց և ներկայացրեց «Երիտասարդ ընտանիքնն՝ մատչելի բնակարան» ծրագրի նոր առավելությունները, այդ ասուլիսի ընթացքում և դրանից հետո իր հարցազրույցներում փոխնախարարն ընդգծում է այն միտքը, որ իրատեսական չի համարում Արտեմ Ասատրյանի «առանց կանխավճարների» բնակարան ձեռք բերելու միտքը: Շատերն Արսեն Քարամյանի այս մոտեցումը վերագրում են «խանդին»: Ինչևէ, Արտեմ Ասատրյանի «Ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թվականների ազգային ծրագիրն» առաջիկայում ներկայացվելու է կառավարության հաստատմանը: Եթե այն հաստատվի, ո՞ր ծրագիրը կնախընտրեն մեր քաղաքացիները, դուք դեռ կասկածո՞ւմ եք:



«Նախագահական» ծրագրի «բարի կամքը»



Այսպիսով, բարեփոխումների շնորհիվ նախկին 16 մլն դրամի փոխարեն այժմ երիտասարդ ընտանիքները կարող են բնակարաններ գնել 25 միլիոն դրամ արժողությամբ, փոփոխությունների համաձայն՝ արտոնյալ պայմաններով կվարկավորվեն այն երիտասարդ զույգերը, որոնց տարիքային գումարը չի գերազանցում 65 տարին, նախկինում այդ թիվը 60 էր: Իջեցվել է նաև կանխավճարի չափը, այն ընտանիքները, որոնք բացի ձեռք բերվող բնակարանից, կկարողանան գրավադրել այլ անշարժ գույք, կկարողանան վարկ ստանալ՝ կանխավճար վճարելով բնակարանի գնի 10 տոկոսի չափով:



Եվ չնայած կառավարության այս «բարի կամքին», երիտասարդ ընտանիքները, որոնք շտապում են օգտվել նոր հնարավորություններից, մի շարք խնդիրների են հանդիպում: Օրինակ մի կին մեզ պատմեց, որ անորոշ է՝ քաղաքի կենտրոնական մասում իրենք կարող ե՞ն բնակարան ձեռք բերել, թե՞ ոչ: Մենք մի քանի բանկեր զանգահարեցինք որպես հաճախորդ. «Սահմանափակում չկա: Եթե 25 միլիոն դրամանոց բնակարան եք գտել կենտրոնում, ապա հնարավոր է, բայց բնակարանն անկախ գնահատողի կողմից պետք է գնահատվի».-պատասխանեցին բանկից: Պարզ է, որ քաղաքի կենտրոնում 25 միլիոն դրամանոց բնակարան գտնելը նման է Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյանը սպասելուն, ակնհայտ է նաև գնահատողների դերը, որպեսզի մեր «կրեատիվ» քաղաքացիները այլևայլ գործարքների մեջ չմտնեն վաճառողների հետ:



Մենք լսեցինք ևս մեկ դժգոհություն, այս անգամ սահմանված 25 միլիոն դրամի մասով, երիտասարդ ընտանիքները, որոնք ցանկանում են օգտվել այդ ծրագրից դժգոհում են. «Ասում են տունը պետք է պարտադիր 50 հազար դոլար արժենա, որից 35-ն են տալիս։ Բայց հնարավոր է խնայողություն ունեցող ընտանիք լինի, որն ուզում է գնել ասենք 70.հազար դոլարանոց տուն, և նրան կօգնի այդ 35-ը: Կարծում եմ` այդ սահմանափակումը սխալ է»: