«ՀԺ». Հերմինե Նաղդալյանը, ինչպես երևում է, անշարժ գույքի սիրահար է

«ՀԺ». Հերմինե Նաղդալյանը, ինչպես երևում է, անշարժ գույքի սիրահար է

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «ՀՀ Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր եկամուտների և ունեցվածքի հայտարարագիրը, որից պարզ է դառնում, որ նա նախորդ տարի շարժական և անշարժ գույք ոչ գնել է և ոչ էլ օտարել է։ Նաղդալյանի դրամական միջոցները 2015-ի սկզբին կազմել են 5 հազար ԱՄՆ դոլար և 35 միլիոն դրամ, իսկ տարվա վերջում դարձել են 5 հազար դոլար և 32 միլիոն դրամ։ Նաղդալյանի եկամուտները նախորդ տարի գոյացել են աշխատավարձից, ստացած փոխառություններից և շահաբաժնից։ Աժ փոխնախագահի միայն աշխատավարձը կազմել է 8 միլիոն 667 հազար 990 դրամ, ստացած փոխառությունները 178 միլիոն 935 հազար 400 դրամ, իսկ շահաբաժինը 38 միլիոն 528 հազար դրամ։ Ընդհանուր առմամբ Նաղդալյանի տարեկան եկամուտը կազմել է 226 միլիոն 131 հազար 390 դրամ։



Աժ փոխնախագահի 2012 թվականի հայտարարագրից էլ տեղեկանում ենք, որ նա ունի հողին ամրակայված 2 անշարժ գույք, բազմաբնակարան շենքում 2 բնակարան և 5 հողամաս, ինչպես նաև 24 միլիոն դրամի բաժնեմաս։ Հերմինե Նաղդալյանը, ինչպես երևում է, անշարժ գույքի սիրահար է։ 2014 թվականին նա 46 միլիոն 35 հազար դրամով 1 բնակարան է գնել բազմաբնակարան շենքում, 6 միլիոն 120 հազարական դրամով էլ բազմաբնակարան շենքում ոչ բնակելի երկու տարածք է ձեռք բերել։
Նաղդալյանի ամուսինը՝ Դավիթ Բեզլարյանը, նախորդ տարի 7,5 միլիոն դրամով բաժնեմաս է գնել։ Նույն տարում նա 9 միլիոն 160 հազար և 7 միլիոն 696 հազար 250 դրամ փոխառություն է հանձնել, որից 7 միլիոն 696 հազար 250-ը նույն տարում վերադարձվել է, իսկ 9 միլիոն 160 հազար դրամը դարձել է 43 միլիոն 360 հազար դրամ։



Դավիթ Բեգլարյանը նախորդ տարվա սկզբի դրությամբ իր հաշվին գումար չի ունեցել, իսկ տարվա վերջում նրա դրամական միջոցները կազմել են 10 միլիոն դրամ։ Շահաբաժիններից, աշխատանքի դիմաց վարձատրությունից էլ ստացված փոխառություններից Դավիթ Բեգլարյանը, ընդհանուր առմամբ, 86 միլիոն 219 հազար 685 դրամի եկամուտ է ստացել»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։