ԵԱՀԿ Մինսկի խումբը գիտի ճշմարտությունը, բայց չի բարձրաձայնում

ԵԱՀԿ Մինսկի խումբը գիտի ճշմարտությունը, բայց չի բարձրաձայնում

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը հանդես է եկել ղարաբաղյան կոնֆլիկտի շուրջ հայտարարությամբ՝ հերթական անգամ հորդորելով կողմերին անհապաղ վերսկսել բանակցությունները եւ հասնել հարատեւ խաղաղության: «Մենք հորդորում ենք կողմերին անհապաղ վերսկսել բանակցությունները եւ հասնել հարատեւ խաղաղության: Կողմերը պետք է նստեն բանակցային սեղանի շուրջ: Այստեղ խոսք չի գնում հայտարարությունների կամ հռետորաբանության մասին: Որոշումներ կայացնողները նախագահներն են: Մենք միշտ ենք սա առաջարկել եւ պատրաստ ենք դրան»,- հայտարարել է Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Ինչպես փոխանցում է АПА գործակալությունը, վերջինս նաեւ ասել է, որ մի կողմից լուծման հասնելու համար պետք է զորքերը դուրս բերվեն գրավյալ տարածքներից եւ հողերը վերադարձվեն Ադրբեջանին, մյուս կողմից էլ պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը եւ համակողմանի լուծում գտնվի, որի մեջ ներառվում են բազմաթիվ հարցեր, իսկ կողմերը պետք է դրան նայեն որպես մեկ ընդհանուր հարց: Ամերիկացի դիվանագետը նշել էր, որ հասկանալի է ադրբեջանցի ժողովրդի հիասթափությունը Մինսկի խմբից, քանի որ 20 տարի պատերազմի հետ է, սակայն Հայաստանում եւս կա այդ հիասթափությունը, եւ պատերազմը խնդրի լուծում չէ: «Հասկանում եմ՝ դա հեշտ չէ, սակայն միակ ճիշտ ճանապարհն է»,- ասել է Ջեյմս Ուորլիքը: 



Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն այս հայտարարության առումով կարծում է. «Այո, մենք էլ մեկ-մեկ Մինսկի խմբին քննադատում ենք, բայց, կներեք, Մինսկի խումբը միակ ֆորմատն է, որ գոնե ինչ-որ ջանքեր է գործադրում՝ նստեցնել սեղանի շուրջ կողմերին։ Մինսկի խումբը գոնե պատրաստել է մադրիդյան սկզբունքներ, Մինսկի խմբի համանախագահող երկրներն իրոք ազդեցիկ երկրներ են, որոնց շնորհիվ է, որ խաղաղություն կա, հակառակ դեպքում ես կասկած չունեմ, որ այս չորսօրյա պատերազմն ավելի շուտ կսկսվեր»։ Գրիգորյանի խոսքով, պետք է հետեւյալ կերպ նայել այս հարցին՝ կա՞ ավելի լավ ֆորմատ, թե՞ ոչ։ Իսկ դրանից լավ ֆորմատ, ըստ նրա, այսօր չկա։ Եղած ֆորմատը՝ Մինսկի խումբը, որքանո՞վ է արդյունավետ աշխատում։ «Մինսկի խմբի արտաքին ֆորմատը դա համանախագահող երկրներն են՝ ԱՄՆ, Ռուսաստան եւ Ֆրանսիա, ակնհայտ է, որ վատը չէ, իսկ ներքին ֆորմատը՝ այո, ես էլ բավարար չեմ գնահատում, քանի որ պետք է ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը ներգրավված լինեն այդ պրոբլեմների մեջ, այլ նաեւ Ղարաբաղը։ Հետեւաբար, ներքին ֆորմատը պետք է ընդլայնել։ Բայց դրա համար պետք է անընդհատ դա ասել Մինսկի խմբի համանախագահներին»,-նշեց քաղաքագետը։



Այս օրերին Մինսկի խմբի համանախագահները կայցելեն ինչպես Ղարաբաղ, այնպես էլ Ադրբեջան։ Այս այցելություններից ի՞նչ կարելի է ակնկալել, եւ արդյոք նրանց պե՞տք է համոզել ճշմարտության մեջ, թե՞ նրանք գիտեն ճշմարտությունը։
«Դե, նախ իրենք գիտեն ճշմարտությունը»,-ասաց նա։ Իսկ ճշմարտություն ասելով՝ ի՞նչ նկատի ունի, այն, որ Ադրբեջա՞նն է նախահարձակ եղել պատերազմական գործողությունների վերսկսման հարցում, թե՞ այլ ճշմարտության մասին է խոսքը։
«Նախ առաջինը, իրենք գիտեն, որ այս պատերազմական գործողությունը հրահրեց Ադրբեջանը։ Ակնհայտ է դա, երեք երկրներն էլ ունեն ռազմական արբանյակներ եւ վերեւից տեսել են ադրբեջանական տանկերի ռմբակոծումը, ադրբեջանական կողմի դիվերսիոն քայլերը։ Դա ակնհայտ է, եւ իրենք գիտեն։ Բայց, երբ որ դու միջնորդի դերում ես, մաքսիմալ փորձում ես հավասար մոտեցում ցուցաբերել։ Միջնորդի դերն ուրիշ է, եթե ինքը միակողմանի ասի, որ Հայաստանը ճիշտ է, Ադրբեջանը սխալ է, ինքն արդեն միջնորդ չի հանդիսանա։ Բայց այն, որ իրենք գիտեն ճշմարտությունը, կասկած չկա»,-ասաց Գրիգորյանը՝ նշելով, որ ճշմարտությունը չբարձրաձայնելուն խանգարում է հենց դա՝ միջնորդ լինելը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ