Ցանկացած զինադադար բխելու է Ադրբեջանի շահերից

Ցանկացած զինադադար բխելու է Ադրբեջանի շահերից

Քառօրյա պատերազմն ալեկոծեց ոչ միայն Հայաստանը, այլեւ Ափյուռքը՝ հայրենասիրության մեծ ալիք առաջացնելով։ Շատերը խոսքով, մտքով, գործով ցույց էին տալիս, որ Հայաստանի եւ Արցախի կողքին են եւ հետեւում են իրադարձություններին։ «Գիտությունների համահայկական միջազգային ակադեմիա» կոչվող կազմակերպությունը երեկ նամակ է ուղղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որով խնդրում է ներում շնորհել 4 տարվա ազատազրկման դատապարտված Լեւոն Հայրապետյանին՝ նկատի ունենալով նրա առողջական վատ վիճակը։ «Ցանկանում ենք Ձեզ տեղյակ պահել, որ մտավորական եւ մեցենատ Լեւոն Հայրապետյանը ծանր հիվանդ է, երկրորդ կարգի հաշմանդամ, տարել է 4 ինսուլտ եւ երկու ինֆարկտ,- գրում են մեր հայրենակիցները «ռուս» ցարին։- Գիտենք, Ձեզ համար նույնպես դժվար է անտարբեր լինել մի մարդու ճակատագրի նկատմամբ, որն իր գիտակցական կյանքը նվիրաբերել է հայ-ռուսական կապերի ամրապնդմանը եւ խորացմանը: Նա իր մեծ սերը հավասարապես բաժանել էր երկու մասի՝ մեկը նվիրել էր Ռուսաստանին, մյուսը՝ իր ծննդավայր Արցախին, որի ապագան եւ անվտանգությունը կապում էր Ռուսաստանի հետ եւ հույս ուներ, որ իր կողմից Արցախում հիմնված զինվորական ուսումնարանը, որը կրում է մեծագույն զորահրամանատար, հայուհու սերունդ Սուվորովի անունը, կտա այնպիսի ռազմական կադրեր, որոնք կպաշտպանեն խաղաղությունը մեր տարածաշրջանում»: «Արեւմտյան Հայաստան պետության վտարանդի կառավարության» վարչապետ, մասնագիտությամբ բանասեր Արամ Մկրտչյանը, որը բնակվում է Գերմանիայի Մայնց քաղաքում, օրերս հայտարարել է, որ բանակցությունների սեղանին մինչ օրս դրված բոլոր փաստաթղթերը, ներառյալ զինադադարի մասին արձանագրությունը, եղել են ի վնաս մեզ։ Նրան մի քանի հարց տվեցինք։ 



- Եթե բոլոր փաստաթղթերն ի վնաս մեզ են, ապա ինչո՞ւ է Ադրբեջանը մերժում դրանք, մասնավորապես, Մադրիդյան եւ Կազանի փաստաթղթերը:



- Նորություն չէ, որ յուրաքանչյուր պետություն ցանկացած փոխհարաբերության մեջ ցանկանում է լինել պարտադրողի դերում, հետո նոր միայն՝ բանակցողի։ Նորաթուխ պետություն Ադրբեջանը ոչ թե մերժում է Մադրիդյան եւ Կազանի փաստաթղթերը, այլ մերժում է Հայաստան պետության գոյությունը: Այդ դոկտրինան հիմնավորում է այդ երկրի նախագահը՝ շեշտելով, որ Երեւանի խանությունը պատկանում է իրենց՝ ազերիներին։ Կարելի է սա անվանել անլուրջ կամ պոպուլիստական, բայց դրանից հարցի էությունը չի փոխվում: Թուրք-ադրբեջանական տանդեմը կայացրել է իր որոշումը՝ ոչնչացնել Հայաստանը։ Հիմա մենք առանց հուզականության պետք է հասկանանք, թե ինչն է կամ ինչերն են ընկած այդ որոշման հիմքում։ Թուրք-ադրբեջանական տանդեմի հակահայ դոկտրինայի հիմքում դրված է. ա) պանթյուրքիզմի գաղափարախոսությունը, բ) 1921թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագիրը։ Առաջադեմ հանրությունը թուրք-ադրբեջանական տանդեմի գաղափարախոսությունն առաջինը կդատապարտի եւ կկանգնի մեր կողքին՝ բարոյապես, որը կօգնի մեզ 1921թ․ մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրի իրավական կոնտեքստում կրկնապատկել հակադրվելու կարողությունները, չնայած որ այդ պայմանագրի թիկունքում կանգնած են ժամանակակից Ռուսաստանը եւ Թուրքիան։



- Արեւմտյան Հայաստանի վտարանդի կառավարության կայքում Դուք գրել եք, որ մենք արդեն զիջումներ արել ենք։ Ի՞նչն եք զիջում համարում։



- Երբ կայանում է նոր պետություն, ապա նա կայանում է որեւէ երկրի ենթակայության տակ գտնվող ադմինստրատիվ տարածքների վրա եւ որեւէ ժողովրդին պատկանող պատմական տարածքների վրա։ Հենց այս առումով մենք արդեն զիջել ենք, եւ այդ զիջումը եղել է ռուս-թուրքական ճնշումների շնորհիվ։



- Դուք հայտարարել եք, որ զինադադարը հօգուտ Ադրբեջանի էր, իսկ Հայաստանը արդյոք ոչ մի օգուտ չքաղե՞ց կամ չէ՞ր կարող քաղել։ Գուցե մե՞նք ենք մեղավոր, որ չօգտագործեցինք զինադադարի տարիները։



- Զինադադարն այն ժամանակահատվածն է, որը թույլ է տալիս կողմերին լավ նախապատրաստվել եւ զենքի ուժով լուծել խնդիրը։ Միանշանակ է՝ զինադադարը կնքվել է ի օգուտ Ադրբեջանի, եւ ցանկացած զինադադար միայն բխելու է Ադրբեջանի շահերից։ Բնականաբար, մենք մեղավոր ենք, եւ մեր դեպքում ժամանակի խնդիրը չէր, այլ քաղաքական եւ տնտեսական դոկտրինայի բացակայության։



- Դուք ասում եք, որ բոլոր ընդունված փաստաթղթերը, այդ թվում՝ Մադրիդյան փաստաթուղթը, հօգուտ Հայաստանի չեն։ Ի՞նչ լուծում եք առաջարկում Դուք։ Պատերա՞զմ։



- Փաստաթղթերը որոշակի փոխպայմանավորվածությունների արդյունք են, որոնք ընդունվում են այդ պահի իրավիճակից ելնելով։ Ադրբեջանը խնդրում է զինադադար, մենք հոժարակամ համաձայնում ենք, ապա զինադադարով եւ հետագա փաստաթղթերով մեզ պարտադրում են որոշակի զիջողական կեցվածք։ Իրավական առումով մեր հանրությունն իրազեկված չէ։ Մեր հանրությունը պատերազմի պատճառը եւ առիթը չի կարողանում տարանջատել իրարից, եթե նույնիսկ տարանջատում է, ապա հիմնականում՝ միայն ինտուիտիվ։ Հայ-ադրբեջանական հակամարտության լուծումը քաղաքական է եւ միմիայն քաղաքական, այս ուղղությամբ պետք է քաղաքական օրակարգ բերենք մեր իրավունքը։ Մեր քաղաքական օրակարգում կա ամեն ինչ, բացի իրավունքից: Հայ ժողովրդի 20-րդ դարի իրավունքի փաստաթղթերը երկուսն են՝ 1920թ. նոյեմբերի 22-ի Վ. Վիլսոնի անժամանցելի Իրավարար վճիռը եւ 1921թ. մարտի 16-ին կնքված հայտնի ռուս-թուրքական պայմանագիրը: Առաջին փաստաթղթով մեր իրավունքները տարածվում են 162 հազար ք/կմ-ի վրա, իսկ երկրորդով մեր իրավունքները սահմանափակվում են ընդամենը մոտ 29 հազար ք/կմ տարածքով։ Ես ընտրում եմ քաղաքական պատերազմի մոդելը, եւ հայ-ադրբեջանական հակամարտությունը պետք է դիտարկվի այս երկու պայմանագրերի տիրույթում։ Եթե պատերազմ, ապա՝ քաղաքական։



- Եվ ի՞նչ պետք է արվի, ըստ Ձեզ։



- Մեր բանակը լուծել է մեր ազգի գերխնդիրը՝ «Ուժն է ծնում իրավունքը» սկզբունքի մեջ: Հիմա մենք պարտավոր ենք մեր բանակին ապահովել քաղաքական հաղթանակ, որը կդառնա թիկունք բանակի համար: Մեր պատերազմը քաղաքական դաշտում է, որտեղ ՀՀ-ի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Հունաստանի, Կիպրոսի, Լիբանանի, Սիրիայի, Չինաստանի, նաեւ ՌԴ-ի շահերը համընկնում են։ 200 միլիոնանոց թուրքական կայսրության տեսլականը Բոսֆորից մինչեւ Ալթայ չի կարող ընդունելի լինել Արեւելքում Իրանի եւ Չինաստանի համար, Արեւմուտքում՝ զարգացած Եվրոպայի համար, Հյուսիսում՝ ռուսների, իսկ Հարավում՝ շիա արաբների համար:



- Այնուամենայնիվ, եթե պատերազմն անխուսափելի լինի, ի՞նչ ռեսուրս եք տեսնում։ Դուք անձամբ պատրա՞ստ եք Գերմանիայից գալ եւ մնալ Հայաստանում, մասնակցել պատերազմական գործողություններին։ 



- Պատերազմի օրենքը պահանջում է յուրաքանչյուրին կռվել իր տեղում, եւ հիմա հայ-ադրբեջանական պատերազմը վարվելու է որպես Blitzkrieg, իսկ նման պատերազմը միայն վարվում է բարձրագույն տեխնոլոգիական զենքերով եւ պրոֆեսիոնալ բանակով: Եթե պետք լինի, բնականաբար, կգամ եւ կմասնակցեմ, բայց հիմա հարկավոր է լայն մտածել։ Մեր կռիվն այլեւս ֆիդայական չէ: Մենք ունենք կանոնավոր բանակ, որը համարվում է տարածաշրջանի ամենամարտունակ բանակը:



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ