Հեռուստաընկերությունը դեռ անկեղծանալու պատրաստ չէ

Հեռուստաընկերությունը դեռ անկեղծանալու պատրաստ չէ

«A-TV» հեռուստաընկերության եթերում խոստումնալից հաղորդում է հայտնվել՝ լրագրող Մարկ Գրիգորյանի «Տետ ա տետ» հեղինակային նախագիծը, որը հեռարձակվում է ուղիղ եթերում։ Եվ հյուրերն են ինտելեկտուալ՝ նախկին վարչապետ Արմեն Դարբինյան, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի ղեկավար Ռուբեն Վարդանյան, որի հետ զրույցը ցուցադրվեց երեկ։ Հարցազրույցի ժամանակ գործարարն անսպասելի անկեղծ էր։ Նա կտրուկ էր արտահայտվում Հայաստանի բիզնես-միջավայրի մասին, ստվերային տնտեսության, հարկերից խուսափող գործարարների, պետության եւ բիզնեսի սերտաճման վերաբերյալ։ Ռուբեն Վարդանյանը նույնիսկ զարմանք հայտնեց, թե ինչպես է պատահում, որ մի հասարակ ատամնաբույժ կարողանում է ավիաընկերության տեր դառնալ։ Խոսքն «Արմենիա» ավիաընկերության գլխավոր փաթեթի բաժնետեր, գյումրեցի ատամնաբույժ Ռոբերտ Հովհաննիսյանի մասին է։



Ըստ Ռուբեն Վարդանյանի, հայկական իրականությունը չիմացողը կարող է մտածել, թե այս ինչ լավ երկիր է Հայաստանը, որտեղ հասարակ «ստոմատոլոգն» առնվազն 12 մլն դոլարանոց բիզնեսի տեր է դառնում։ «Որեւէ զարգացած երկրում, եվրոպական կամ այլ, ստոմատոլոգն ամբողջ կյանքն աշխատեր, չէր կարող ավիաընկերություն ունենալ»։ Վերջում Ռուբեն Վարդանյանը, որի որդին որպես կամավորական Արցախ է մեկնել, խոսեց քառօրյա պատերազմի մասին եւ ասաց, որ այն մեզ պարտադրում է անկեղծ լինել, դադարել ստել։ Իսկ երբ խոսեց այն մասին, որ բանակում, առաջնագծում ծառայում են միայն աղքատ ընտանիքների զավակները, Մարկ Գրիգորյանը հանկարծ ընդհատեց հաղորդումը՝ ասելով, որ իր ժամանակը, ցավոք, սպառվեց։ Փաստորեն, հայկական հեռուստաընկերությունը դեռ անկեղծանալու պատրաստ չէ։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ