Ի լուր աշխարհի.- հայտարարում է ՀՀ նախագահը

Ի լուր աշխարհի.-  հայտարարում է ՀՀ նախագահը

 



Օր, որ անհնար է որևէ այլ բանի մասին խոսել ու մտածել: Օր, որ անհնար է որև է հարց տալ:



Լռության օր: Երբ ցասումն ամբողջանում է լռության մեջ ու նրա փոխարեն խոսում են ալ երանգի ծաղիկները. այնպես սրտառուչ ու տխու՜ր է:



Օր, որ մի ողջ ազգի սպանդն իր վրա չի վերցնում սպանդն իրականացնողը:



Ավելին, նոր սպանդ է պատրաստում՝ նույն սև ձեռագրով ու ոճով: Ու այդ ֆոնի վրա Հանրապետության նախագահի խոսքը.



«Այսօր` 2016 թվականի ապրիլի 24-ին, ես հայտարարում եմ ի լուր աշխարհի. հայերի բնաջնջում կամ բռնագաղթեցում Արցախում չի լինելու: Հայերի նոր ցեղասպանություն մենք թույլ չենք տալու: Մենք ասելով` նկատի ունեմ հայ ժողովրդին, նրա բոլոր հատվածներին, նկատի ունեմ հայոց միասնականությունը»:



Սա նշանակում է, որ Հայաստան աշխարհը սպասում է նոր սպանդի, չէ՞ որ նախկինը չի դատապարտվել...



Սպասում է:



Հայերի բնաջնջում կամ բռնագաղթեցում Արցախում չի լինելու:



Այս հարցում համայն հայության միասնականության ուժին չեմ կասկածում:



Սերժ Սարգսյանը դա ասում է ապրիլի 24-ին, ու կարծում եմ դա վերջնագրի տեղ պիտի ընդունել՝ բոլորս ի զեն, բոլորս միասնական, մի մարդու պես այս հարցում պիտի բռունցքվենք՝ նոր փորձությունների դիմակայելու...




Հասմիկ Բաբաջանյան