Ստանիսլավսկու ասած՝ не верю. Արմեն Աշոտյան

Ստանիսլավսկու ասած՝ не верю. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ կրթության եւ գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը կարծում է, որ ներկա փուլում իշխանության հրաժարականը պահանջելը բարոյական չէ։
«Բարոյական չէ ստեղծել արհեստական օրակարգ եւ պահանջել երկրի գլխավոր գերագույն հրամանատարի հրաժարականը: Դժվար է պատկերացնել, որ այսօր այդ հարցը կա օրակարգում»,- Մամուլի ազգային ակումբում այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց նա:



Նա կոչ արեց չստեղծել բաժանարար գծեր, քանի որ պատերազմը բացահայտեց մեր ուժեղ եւ թույլ կողմերը։ Ֆեյսբուքյան ակտիվիստ ՀՀ կրթության եւ գիտության նախկին նախարարը կարծում է, որ Ֆեյսբուքում տիրող տրամադրությունները չպետք է դիտարկել որպես հանրային տրամադրություններ։ «Հայրենասիրություն ունենք, որ վերածվում է սիրողականության»,- ասաց Արմեն Աշոտյանը։



Անդրադառնալով օրերս հիմնադրված «Համախմբում» կուսակցությանը՝ Արմեն Աշոտյանն իր տարակուսանքը հայտնեց կուսակցության անվան հետ կապված։ «Հիմնվում է կուսակցություն, որը ստեղծվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տրոհումից։ Կուսակցության ցուցակում առաջին մարդը կուսակցության տերը չէ։ Այս դեպքում Ստանիսլավսկու ասած՝ не верю»,- ասաց Արմեն Աշոտյանը։



Hraparak.am-ը մի քանի հարց ուղղեց Արմեն Աշոտյանին։ Հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորեւ։



-Պարոն Աշոտյան, Դուք ասում եք, որ բարոյական չէ ներկա փուլում իշխանության հրաժարականը պահանջելը։ Քառօրյա պատերազմում ունեցանք գրեթե հարյուր զոհ, երաշխիք էլ չկա, որ առաջիկայում ադրբեջանական կողմը նոր ռազմական գործողություններ չի նախաձեռնի։ Ի՞նչ հետեւություններ եք արել այս ամենից։ Արդյո՞ք սա Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի իրականացրած արտաքին քաղաքականության ձախողումների հետեւանքը չէ։



-Սխալ հարցադրում անելը, մեղմ ասած, բարոյական չէ։ Բարոյական չէ մեր զոհերին, որոնց մահը մենք սգում ենք, որոնցով հպարտանում ենք, կապել արտաքին քաղաքականության հետ։ Ի՞նչ պետք է աներ ՀՀԿ-ն, Ադրբեջանում հասներ իշխանափոխությա՞ն, որպեսզի Ադրբեջանում ձեւավորվեր բարոյական իշխանություն, անմեղսունակ չլիներ Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունը եւ չհրահրեր նման գործողություններ։ Տհաճ են այդ ոճի քննարկումները, որոնք ազնիվ չեն, որոնք բացառապես ներքաղաքական շահարկման մակարդակում են, որոնք կապ չունեն զոհերի հիշատակը հարգելու հետ։ Ճիշտ հակառակը՝ այդ զոհերի հիշատակը օգտագործելու փորձ է արվում նման հարցադրումներով։ Այդքանը։



-Անցած օրերին ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներ պաշտոնանկ արվեցին, թերացումների եւ չարաշահումների հետ կապված բացահայտումներ եղան։ Կլինե՞ն այլ պաշտոնանկություններ։



-Խնդրի լուծումը պաշտոնանկությունների մե՞ջ է։ Պաշտոնանկությունները կարող են լինել հետեւանք խնդրի լուծման, նոր մոտեցումների, ոչ երբեք՝ խնդիր։ Խնդիրն անձինք չեն։ Իրականում խնդիրը ինստիտուտներն են բոլոր մակարդակներում՝ հասարակականից մինչեւ քաղաքական։



-Իսկ պաշտոնանկ արված նախկին պաշտոնյաները, սպասելի՞ է, որ կենթարկվեն պատասխանատվության։



- Ձեր եւ իմ օրակարգը տարբեր են, Ձեր եւ իմ ընկալումները տարբեր են։



- Հրազդանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունները ցույց տվեցին, որ իշխանությունները չփորձեցին փոխվել, եղան կեղծիքներ, ընտրակաշառք բաժանվեց։



-Դրանք անցել-գնացել են։ Երեւի լավ չեք հետեւել այդ ընտրություններին։ Մեր քաղաքական հիմնական մրցակիցը հայտարարեց, որ ոչ մի ձայն չի կորել, վերահսկել են, ընտրությունները չեն կեղծվել։ Խոստովանենք, որ ընտրական գործընթացն անցավ առանց «Ընտրական օրենսգրքի» խախտումների։



-Բայց խոսվում էր նաեւ, որ բաժանվել է 10 հազարից մինչեւ 50 հազար դրամի հասնող ընտրակաշառք։



-Կա՞ն հաղորդագրություններ, Դատախազությունը զբաղվում է, ուսումնասիրում է։ Փաստեր կբերեն նոր՝ կուսումնասիրվեն։



Թագուհի Հակոբյան