Տաք երկրի ցուրտ ձմեռը՝ Դավիթ Սաֆարյանի ֆիլմում

Տաք երկրի ցուրտ ձմեռը՝ Դավիթ Սաֆարյանի ֆիլմում

«Տաք երկիր, ցուրտ ձմեռ»-ը ռեժիսոր Դավիթ Սաֆարյանի ֆիլմն է, հեռու, բայց դեռ այնքան մոտ ու հիշելի 90-ականների մեր կյանքի մասին, որը նախօրեին «Մոսկվա» կինոթատրոնում ներկայացվեց նաեւ հայ հանդիսատեսին։ Ֆիլմի առաջին ցուցադրումը կայացել է Բեռլինի 66-րդ կինոփառատոնի եվրոպական կինոշուկայում, որտեղ ֆիլմը ձեռք է բերվել Բելգիայի, Հոլանդիայի, Լյուքսեմբուրգի կինոթատրոններում եւ հեռուստատեսությամբ ցուցադրելու համար։ Այն ընդգրկված է նաեւ Նիդերլանդների կինոյի թանգարանի հավաքածուի մեջ։



Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են եկել Աշոտ Ադամյանը, Յանա Դրուզը, Հեղինե Հովհաննիսյանը, Կարեն Ջանիբեկյանը, Վիգեն Ստեփանյանը, Հրաչյա Հարությունյանը։ Սցենարի հեղինակներն են Դավիթ Սաֆարյանը եւ Յանա Դրուզը (ռեժիսորի կինը)։



Ֆիլմի հերոսները տիկնիկագործ Կատյան ու լուսանկարիչ Տիգրանն են, որոնց պատմության կողքին զուգահեռաբար ներկայացվում են մյուս հերոսների պատմությունները։ Ամեն մեկի ապրումներն ու հույզերն այլ են, բայց 90-ականների բոլոր պատմությունները հյուսվում են ցուրտ ձմռան շուրջ։



Կարեն Ջանիբեկյանի հերոսը՝ ծաղրածու Կարենը, քայլում է կիսադատարկ փողոցներով ու ասում՝ գործարաններ փակվեցին, բայց կրկեսը չպետք է փակվի, երեխաները պիտի ուրախ լինեն, այլապես հետո որտեղի՞ց պիտի ուժ ստանան։ Ֆիլմում տեսնում ենք 90-ականների ծանոթ պատկերներ, որոնք միաժամանակ եւ ժպիտ են առաջացնում, եւ ցավ պատճառում, ինչպես, օրինակ, կտրոնով հացի հերթերը, անկողինները եռման կաթսայով տաքացնելը, ծառերի համատարած հատումը, տրոլեյբուսներից կախված երթեւեկող մարդկանց պատկերները, տանը թե դրսում վերարկուներով շրջող մարդկանց կերպարները, լույսի համար մարդկային ուրախության ալիքները։



«Իսկ ես առաջ կարծում էի, որ տաք երկրում ձյուն չի լինում»,-ասում է ֆիլմում Կատյան, ու մեկ այլ հերոսի շուրթերով հնչում է պատասխանը. «Տաք երկրում ձյուն լինում է, ցուրտ ձմեռներ էլ են լինում»։ Ֆիլմում հագուստից, ամենատարբեր ռեկվիզիտներից սկսած մինչեւ քաղաքային պատկերներ՝ համապատասխանեցված են 90-ականների շնչին։ Ֆիլմը կառուցված է նկարիչ Պաբլոյի հուշագրությունների վրա, ինչը հնարավորություն է տալիս ֆիլմում խաղարկել թե անցյալի, թե ներկայի պատկերները, կամրջել ժամանակներն ու մարդկանց հուշերը՝ թե 90-ականներից առաջ եւ թե հետո։



«Երբ ապրելու պայմաններն անտանելի են դառնում, մարդը շատ արագ կորցնում է իր դեմքը, մենք ապրեցինք, բայց չկորցրինք մեր դեմքը»,-ասում է Աշոտ Ադամյանի հերոսը, ու հասկանում ես, որ դերասաններից յուրաքանչյուրը ոչ թե խաղացել է իր դերը, այլ վերապրել է անցած օրերը։



Ինչպես նշեց ռեժիսորը, թեեւ ֆիլմի սցենարի գաղափարը կար դեռ 1993թ.-ից, բայց արտադրությունն սկսվել է 2002-ից, որն այս տարիների ընթացքում եղել է ընդհատումներով։ «5 մշակույթի նախարար է տեսել այս ֆիլմը, եւ միայն ներկայիս նախարարի օրոք հնարավոր եղավ այն ավարտել»,-ասում է Դավիթ Սաֆարյանն ու նկատում, որ ֆիլմն ինքնակենսագրական չէ, բայց շատ պատմություններ իրենն են, իր ընտանիքինը. «Այդ դժվար տարիներին Յանա Դրուզն այստեղ է ապրել, եւ ֆիլմում նա ուղղակի վերապրել է այդ ամենը։ Կարեւորն այն է, որ մի ընտանիքի պատմության մեջ արտացոլվում է մի ամբողջ ժողովրդի պատմություն»։



Դավիթ Սաֆարյանին այս տարիների ընթացքում ուժ է տվել հենց իր դերասանների էներգիան, որն էլ թույլ է տվել իրեն մոզաիկ կերպով մի ամբողջական պատմություն հավաքել։ Ռեժիսորն ասում է՝ միայն ասուլիսներից մեկի ժամանակ հասկացավ, թե ինչ ցավ է պատճառել իր դերասաններին, երբ նորից այդ ամենը նրանք ֆիլմում վերապրել են, բայց նաեւ հավելում՝ ամենակարեւորն այն է, որ այդ անմարդկային պայմաններում ապրելով՝ կարողացել ենք հաղթանակած դուրս գալ։



Ֆիլմն ամբողջությամբ կինոժապավենով է նկարված, եւ այդ առումով, կարելի է ասել՝ թանկ ֆիլմ է ստացվել, ժապավենային տարբերակն այժմ ներառված է Նիդերլանդների կինոյի թանգարանի հավաքածուի մեջ։ Իսկ ֆիլմն արդեն իսկ կարելի է դիտել քաղաքի կինոթատրոններում։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ