Նոր մոլ` Երեւանի սրտում. «Տաշիր սթրիթը» բացվեց

Նոր մոլ` Երեւանի սրտում. «Տաշիր սթրիթը» բացվեց

Այսօր՝ մայիսի 14-ին, շուրջ 2 տարի տեւած շինարարությունից հետո վերջապես բացվեց Հյուսիսային պողոտայի ստորգետնյա հատվածում «Տաշիր գրուպի» կողմից կառուցվող առեւտրի եւ զվարճանքի կենտրոնը: Տարածքը նախկինում հանրային ավտոկայանատեղի էր: «Տաշիր Սթրիթ», ահա այսպես է կոչվում Երևանի սրտում գտնվող ստորգետնյա առեւտրի կենտրոնը։ Շարժասանդուղքների միջոցով մարդիկ կարող են հայտնվել ներսում, ավտոկայանատեղիից նույնպես մուտք կա։ Մինչ կենտրոնի բացման արարողության սկսվելը, մարդիկ հավաքվել էին դրսում, սպասում էին քաղաքապետի ժամանմանը։ Տարոն Մարգարյանը ժամանեց ուղիղ14։00-ին եւ «Տաշիր գրուպի» ներկայացուցչի հետ կտրեց կարմիր ժապավենը, ապա շրջեցին տարածքում, քաղաքապետին ներկայացրին խանութները, տեսականին, ավտոկայանատեղին:



«Տաշիր սթրիթում» ներկայացված էին ինչպես հայտնի, այնպես էլ նոր ապրանքանիշներ, բացմանն էլ ներկա էին «գլամուռ» հասարակության ներկայացուցիչներ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի խոսքերով` «Տաշիր» ընկերության հետ քաղաքապետարանը պայմանագիր-հուշագիր է կնքել, որի կետերից է Հյուսիսային պողոտայում  նման մոլ, ավտոկայանատեղի ստեղծելը: «Այսօր բոլորիս է հայտնի, որ անհրաժեշտ են աշխատատեղեր ստեղծել, և այս կենտրոնի շնորհիվ ստեղծվել է նոր 300 աշխատատեղ, Երևան քաղաքի դեպքում մի մեծ խնդիր ունենք՝ ավտոկայանատեղերի հետ կապված, և այս ստորգետնյա ավտոկայանատեղիի շնորհիվ շուրջ 200 մեքենայի համար այս խնդիրը լուծվել է։ «Տաշիր» ընկերության հետ մենք բազմաթիվ ծրագրեր ենք իրականացնում Երևանում։ Ուզում եմ շնորհավորել բոլոր պատասխանատուներին` ի դեմս Սամվել Կարապետյանի, շնորհավորել նաև երևանցիներին, որ այսուհետ ունենք նման գեղեցիկ վայր։ Նկատած կլինեք, որ նախորդ տարիներին Հյուսիսային պողոտայում մեծ վերանորոգման աշխատանքներ կատարվեցին, որը այդ հուշագրի շրջանակններում էր»։



Նշենք, որ Հյուսիսային պողոտայի վերգետնյա հատվածում բարեկարգվել է 12 հազ, քմ մակերեսով տարածք, իսկ ստորգետնյա հատվածում կառուցվել է առևտրային գալերեա, որը նույնպես 12 հազ. քմ է։ «Սա քայլելու և առևտուր անելու կոմպլեքս է։ Նորությունն այս կենտրոնում այն է, որ ներկայացված է «GOODS HOUSE» հիպերմարկետը, որը նախատեսված է տան աքսեսուարների համար։ Կան նոր 4-5 բրենդային խանութներ»,- ասաց «Տաշիր» գրուպի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը։ Իսկ գնային առումով Նարեկ Կարապետյանը հավելեց, որ յուրաքանչյուր խանութ ունի իր գնային աուդիտորան։ Ընդհանուր առմամբ` Հյուսիսային պողոտայի բարեկարգման և կենտրոնի կառուցման համար ծախսվել է 14մլն ԱՄՆ դոլար: