Որտեղ եւ ինչպես են նշելու վերջին զանգը

Որտեղ եւ ինչպես են նշելու վերջին զանգը

Երաժշտություն, փուչիկներ, աշակերտների հուզված հայացքներ, ավտոմեքենաների ազդանշաններ… մայիսի 27-ին հանրապետության բոլոր դպրոցներում կհնչի վերջին զանգը: Այժմ ուսումնական հաստատություններում շարունակվում են նախապատրաստական աշխատանքները: Չնայած ամեն տարի արգելվում են ավարտական երեկույթները, աշակերտներն, այնուամենայնիվ, ինչ-որ բան կազմակերպում են: Արդեն մի քանի օր է` ծնողների շրջանում խոսակցություններ են պտտվում, որ Հրազդանի Հովսեփ Օրբելու անվան N 13 ավագ եւ Հրազդանի Խ. Աբովյանի անվան N 1 ավագ դպրոցներում վերջին զանգի օրվա համար նախատեսված է հավաքել 20-30 հազար դրամ: Փորձեցինք պարզել, թե Հրազդան քաղաքի 3 ավագ դպրոցներում ինչպես են նշելու վերջին զանգը, որքան գումար են նախատեսել այդ օրվա համար:



Հրազդանի Հովսեփ Օրբելու անվան N 13 ավագ դպրոցի տնօրեն Հասմիկ Հարությունյանից հետաքրքվեցինք, թե որքա՞ն գումար են հավաքում դպրոցում վերջին զանգի համար. «Մենք խնջույք չենք անում, միայն վերջին զանգ, իմ կոպիտ հաշվարկով` 15-20 հազար դրամ ենք հաշվարկել, մենք ունենք ուսուցիչ ծնող, ով կհետեւի, որ ծնողները իրենց ուզած ձեւով գումարները չծախսեն: Ես ասել եմ, որ եթե բողոք լսեցի, դուք եք պատասխան տալու: Մենք չունեցող աշակերներից գումար չենք հավաքում»: Հարցին, թե այդ հավաքած գումարի մեջ մտնում են ուսուցիչների նվերները կամ ուսուցիչներին գումար տալը, Հասմիկ Հարությունյանը պատասխանեց. «Կլինեն նվերներ, ուսուցիչներին բոլորին միանման ծաղկեփնջեր, այդ գումարից 50 հազար դրամ նախատեսված է, որ օգնություն պետք է տան դպրոցի համար: Ես էլ արդեն որոշել եմ, թե ինչ եմ անելու այդ գումարը: Քանի որ ամեն տարի է էդպես, գումար են թողնում դպրոցում, ես էլ ամեն տարի դպրոց մի նորություն եմ մտցնում»: 



Զրուցեցինք նաեւ աշակերտների հետ, ովքեր ասացին, որ 20 հազար դրամից ավել գումար են հավաքում: Նույնքան գումար են հավաքում նաեւ Հրազդանի Խ. Աբովյանի անվան N 1 ավագ դպրոցում, այս մասին մեզ հետ զրույցում ասեցին եւ ծնողները եւ աշակերտները: Իսկ Հրազդանի N 10 ավագ դպրոցում վերջին զանգը շատ համեստ է լինելու. «Դպրոցում լինում է վեջին դաս: Տնօրենը, ուսուցիչները և աշակերտներն այդ օրն ասելու են իրենց ավարտական խոսքը: Դրանից հետո որոշել ենք Սեւան թերակղզի գնալ, խնջույք չենք անելու»,-ասաց տնօրեն Նորիկ Սիմոնյանը: Թիվ 10 ավագ դպրոցի ծնողներին հարցրինք, թե որքա՞ն գումար են նախատեսել վերջին դասի համար. «Նախատեսել ենք եւ հավաքել ենք 7000 դրամ, որի մեջ մտնում է վերջին դասի ծախսերն, իսկ դասից հետո երեխաները որոշել են եկեղեցի գնան»:



Իսկ Գեղարքունիքի մարզի Արեգունի, Փ. Մասրիկ, Երանոս եւ Զոլաքար համայնքներում շրջանավարտները ուղղակի վերջին դաս կանեն, առաջին հերթին մեկ րոպե լռությամբ կհարգեն այդ համայնքներում զոհված զինծառայողների հիշատակը, այնուհետեւ հրաժեշտ կտան դպրոցին ու ուսուցիչներին առանց երաժշտության եւ քեֆ ուրախությունների:



Նելլի Կարապետյան