Որպես քաղաքացի ինձ դուր չի եկել քանդակը. Գարեգին Նժդեհի դերակատար

Որպես քաղաքացի ինձ դուր չի եկել քանդակը. Գարեգին Նժդեհի դերակատար

«Ամեն մի գործ էլ, մենք սովոր ենք, սկզբից պետք է քննադատենք, հետո նոր սկսենք հարգել, սիրել, դա մեր արյան մեջ է: Համենայն դեպս որպես քաղաքացի ինձ դուր չի եկել քանդակը, բայց որպես արվեստագետ, երբ արվեստի աչքերով եմ նայում, որպես արվեստի գործ՝ վատը չի».- կարծիք է հայտնում դերասան Արտաշես Ալեքսանյանը, ով ժամանակին ֆիլմում կերտել է Գարեգին Նժդեհի կերպարը: Հանրապետության այգում կից տեղադրված մեր ազգային հերոսի նոր արձանն արդեն տևական ժամանկ է, ինչ քննարկումների առիթ է դարձել: «Ինքն իր կեցվածքով սպարապետի կեցվածք ունի, թիկնոցը Նժդեհը երբեք չի կրել, դա միգուցե արդեն արվետսագետի մտահաղացումն ու ցանկությունն է, ինքն այդպես է տեսել: Մազերը, ես ասել էի, որ լոմոնոսովյան սանրվածք է, Պյոտր Առաջինի սանրվածքն է».- եզրափակեց դերասանը:



Գարեգին Նժդեհի նոր արձանն ընդամենը 5 օր է, ինչ «բնակություն է հաստատել» Հանրապետության հրապարակին կից այգում, բայց արդեն հասցրել է բազմաթիվ հյուրեր ունենալ, մարդիկ գալիս են, ընդունում պրոֆեսորի դեմքեր, քննարկում, քննադատում և հրապարակում «վերդիկտը»՝ գեղեցիկ է, կամ էլ՝ Պետրոս Առաջին:



Ի դեպ, արձանի մոտ ժամանակ առ ժամանակ կարող եք հանդիպել նաև մարդկանց, ովքեր հատուկ եկել են մոտիկից տեսնելու արձանը: Մենք հետաքրքրվեցինք, թե ինչպիսի «վճիռ» են կայացրել:



«Ես կարդացի, որ Պետրոս Առաջինին շատ նման է, և իրոք, ոնց որ Մոսկվայում, կամ Պետերբուրգում լինեմ: Նժդեհն այսպիսի բեխեր և մազեր չի ունեցել».- կարծիք է հայտնում մի երիտասարդ տղա և մատնանշում արձանի դիմացի փողոցում փակցված մեծ նկարը Նժդեհի, որտեղ մեր ազգային հերոսը գլխակապով է. «Նա է իմ համար Նժդեհը: Ես Գարեգին Նժդեհին միշտ այդպես եմ ճանաչել, միգուցեև երկար մազեր ունեցել է, բայց ես իրականում նրան ճաղատ եմ հիշում և այդպես ընկալում նրան, դա է նրա ամենաօրինգինալ բանը: Առնո Բաբաջանյանի արձանն էլ էին քննարկում, քիթը մեծ է և այլն, ասացին՝ նա այդպես է տեսել: Հեղինակը կարող էր Նժդեհի փոխարեն սյուռեալիստական տախտակ դներ, վրան էլ լիներ ԳՆ... այդպես է տեսել»:



Մեր այն հարցին պարտադի՞ր է արդյոք մեծամասնության ընկալումը հիմք հանդիսացնել արձանի համար. «Միանշանակ, այս արձանը գտնվում է մեր քաղաքում, մենք այդպես նրան չենք ճանաչում, անկախ նրանից Պյոտր Առաջինին է նման, թե Նապոլեոնին: Հարցը նրանում չէ՝ ում է նման, հարցն այն է, թե մենք հայերս նրան ինչպես ենք ճանաչում».- պատասխանում է մեկ ուրիշը:



Կարծիքները տարբեր են, արձանով հիացող մի տղամարդ էլ նշեց, որ հեղինակը արձանի մեջ Նժդեհի բոլոր կերպարներն է օգտագործել և արձանը շատ ստացված է: «Բոլորին նման է, բացի Գարեգին Նժդեհից».- կարծիք է հայտնում մի ուսանողուհի: «Եվ հետո Նժդեհին պետք էր շարժման մեջ դնել, պատերազմական, մարտական հոգին չի երևում»:



«Անձամբ ինձ շատ է դուր եկել, դասական տարբերակով գեղեցիկ և Նժդեհին շատ էլ նման արձան է: Մազերի մասին շատ խոսվեց, բայց մի՞թե պարտադիր է, որ Նժդեհի արձանի տարիքը «պապենական» լինի».- ասաց այգում քայլող մի կին:



«Լավ էլ արձան է ստացվել, ուղղակի պարապ մարդիկ սիրում են ամեն ինչին պոզ ու ականջ կպցնել: Այո, շատ էլ նման է, աչքերը, ճակատը, ամեն ինչը: Չգիտեմ՝ ուրիշներն ինչպես, ես արձանը հավանեցի»: