Կադրային փոփոխություն դատախազությունում

Կադրային փոփոխություն դատախազությունում

Կառուցվածքային փոփոխությունները եկան-հասան Գլխավոր դատախազություն։ Երեկ գլխավոր դատախազի հրամանով միավորվել են երկու ստորաբաժանումներ՝ իրավական ապահովման եւ եվրաինտեգրման ու միջազգային իրավական կապերի բաժինները, եւ ստեղծվել է նոր՝ իրավական ապահովման եւ միջազգային իրավական կապերի վարչություն։ «Աշխատանքն ավելի համակարգված կազմակերպելու նպատակով երկու բաժին միացվել են իրար»,- մեկնաբանում է գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը։



Վարչության պետ է նշանակվել միջազգային կապերի բաժնի նախկին պետ Եղիազար Ավագյանը։ Իրավական ապահովման ստորաբաժանումը նախկինում ուժեղ իրավաբաններ էին ղեկավարում․ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Ղամբարյանը, արդարադատության նախարարի նախկին խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու Թամար Շաքարյանը, որը մինչ այդ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի խորհրդականն էր։ Այժմ իրավական ապահովման բաժինը, որպես այդպիսին, վերացված է։ Նորաստեղծ վարչության ղեկավարումը վստահել են հրաշալի մարդու, որը թեեւ մասնագիտությամբ իրավաբան է, բայց 15 տարի շարունակ զբաղվել է այլ ոլորտով՝ միջազգային կապերով։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ