Գյուղմթերքի շուկա Կասյան փողոցում. Տարոն Մարգարյանը և Սերգո Կարապետյանը գնումներ կատարեցին. (Ֆոտոշարք, տեսանյութ)

Գյուղմթերքի շուկա Կասյան փողոցում. Տարոն Մարգարյանը և Սերգո Կարապետյանը գնումներ կատարեցին. (Ֆոտոշարք, տեսանյութ)

45 մասնակիցներ՝ 80 համայնքներից այսօր ներկայացնում էին իրենց մթերքները ՀՀ Գյուղնախարարության նախաձեռությամբ բացված  գյուղմթերքի շուկայում։ Արաբկիրի Կասյան փողոցում գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը սպասում է բոլորին յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին: Գյուղմթերքի շուկաները հնարավորություն են տալիս գյուղացիներին իրենց ապրանքը վաճառել առանց վերավաճառողների միջամտության, ավելի մատչելի գներով: Գյուղական կոլորիտն ապահովված է. այստեղ կարելի է գտնել վաճառվող տնական հավկիթից մինչև թթի, հոնի օղիներ, թոնրի լավաշ և իրենց ձեռքով պատրաստած մածուն։ Շուկայի բացմանը ներկա էին գյուղնախարար Սերգո Կարապետյանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը, փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը։ 



Սերգո Կարապետյանը նշեց, թե վերջին տարիները ցույց են տվել, որ այս շուկաները արդարացնում են սպասելիքները. քաղաքացին հնարավորություն ունի անմիջապես շփվել վաճառողի հետ, առանց միջնորդի. «Մենք խիստ հսկողություն ենք սահմանում, որ միայն գյուղտնտեսություններն իրենց արտադրանքը վաճառեն այս շուկաներում: Գները շատ մատչելի են անցած տարվա համեմատ, ես այդպես եմ գնահատում, որովհետեւ բերքն այս տարի առատ է։ Ավելին, մենք ուզում ենք մսամթերք էլ վաճառել, բայց դրա պայմանները դեռ չունենք, բայց դրան կհասնենք։ Մենք 20-25 օր հետո այսպիսի մի շուկա կբացենք Մաշտոցի պողոտայում, ինչպես նախորդ տարիներին»։



Անդարդառնալով նաև կարկտահարության և ցրտահարության դեպքերին՝ նա նշեց, որ այս տարի ցրտահարությունն այդքան էլ սաստիկ չի եղել, իսկ կարկտահարությանը փորձել են դիմակայել տեղեկայված հակակարկտային կայանների միջոցով։ Վնասների մասին գնահատականը ավելի ուշ կտրվի, այն դեռ հաշվման փուլում է։ Նախարարը, շրջելով տաղավարներով, գյուղատնտեսական խորհորդներ էր տալիս. մի գյուղացու, ով նոր կարտոֆիլ էր վաճառում, ասաց՝ ինչո՞ւ կարտոֆիլը շուկա բերելուց առաջ այն չի լվացել, գյուղացու պատասխանն էլ մասնագիտական էր. «Որ լվանանք, կսևանա»։



Նախարարը գներով հետաքրքվրվեց , ընթացքում էլ գնեց նաև բրոկոլի, ծիրան, կեռաս եւ ձու։



Իսկ Տարոն Մարգարյանը պատրաստակամութուն հայտնեց բոլոր վարչական շրջաններում տարածքներ տրամադրել նման շուկաներ բացելու համար, բայց կազմակերպողը գյուղնախարարությունն է։



Տարոն Մարգարյանը նկատել էր, որ գների հետ կապված որոշ քաղաքացիներ իրենց դժգոհությունն են հայտնել, բայց վստահ է, որ Գյուղատնտեսության նախարարության կողմից վերահսկողություն իրականցվում է շուկայում։



Այն հարցին, թե գներն անձամբ գոհացնո՞ւմ են քաղաքապետին, պատասխանեց, որ անհրաժեշտ առևտրով ինքը չի զբաղվում, գներին առանձնապես ծանոթ չէ, այսօր այստեղից էլ կեռաս է գնել երեխաների համար։



Անդրադառնալով քաղաքապետարանի ծախսերի կրճատման թեմային՝ պարոն Մարգարյանը նշեց, որ 2015 թ.-ին, երբ բյուջեն քննարկվել է, այն մեծ ծախսերը, որոնք եղել են, արդեն կրճատվել է. «2016 թ բյուջեն մինիմալով է հաստատված, և այն ծրագրերը, որոնք կան, 2016 թ պարտադիր ծրագեր են, որոնք պետք է իրականացվեն»։



Իսկ փոխքաղաքապետերի պաշտոնի կրճատման հարցին ի պատասխան ասաց, որ Երևանի քաղաքապետի տեղակալները տեղական ինքնակառավարման օրենքով են հաստատվում, և կրճատումը քաղաքապետի լիազորությունների մեջ չէ։



Գյուղացիները պնդում են, որ այստեղ վաճառվող ապրանքները կրկնակի էժան են այլ շուկաներում վաճառվողներից։ Կեռասը, որ գրեթե ամեն տաղավարի սեղանում իշխող տարածք ունի, սակարկման արդյունքում կարող եք գնել 400 դրամով, իսկ մեկ այլ տաղավարում այն 800 դրամ է, մաքսիմում 600-ով «կբարիշեն»։



Կարտոֆիլն էլ տատանվում է 120-ից մինչև 180 գների սահմաններում։ Իսկ նոր հասունացող ծիրանը՝ մի քիչ վատ որակի՝ 700, որակյալն էլ արժի 800-900 դրամ։



Հիմնականում Արարատի, Կոտայքի, Արմավիրի համայնքներից են ներկայացված գյուղմթերքները։



Առավոտից մարդկանց եռուզեռ էր նկատվում, ոմանք դժգոհում էին գներից՝ մատնանշելով, որ իրենց շենքի բակում վաճառվողն ավելի էժան է, կային նաև գոհացնող, ովքեր նշում էին, որ շատ ավելի հարմար է և գիտեն, որ գնում են տեղական, օգտակար մթերք։