Սեյրան Օհանյանի օգնականը վաճառել է Արցախի բնակարանը եւ Ավանում դղյակ է կառուցում

Սեյրան Օհանյանի օգնականը վաճառել է Արցախի բնակարանը եւ Ավանում դղյակ է կառուցում

Պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, ինչպես խոստացել էր, պատասխանեց Սեյրան Օհանյանի օգնական Աշոտ Բալասանյանի դղյակի վերաբերյալ մեր հարցմանը։ «Սեյրան Օհանյանի օգնականն Ավանում դղյա՞կ է կառուցում» հոդվածում գրել էինք, որ Բալասանյանը պարսպապատ շենք է կառուցում Քուչակ թաղամասում, եւ շինարարության վրա աշխատողները զինվորական համազգեստով են գործ անում։ Համապատասխան լուսանկարում այս ամենը երեւում է։ Արծրուն Հովհաննիսյանը մեզ պատասխանել է․



«Ի պատասխան ձեր հարցման՝ տեղեկացնում եմ, որ Երեւան քաղաքի Ավան-Քուչակ թաղամասում կառուցվող շինությունը պատկանում է ՀՀ պաշտպանության նախարարի օգնական Ա․ Բալասանյանին, որը վերջինս ձեռք է բերել Արցախում իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակարանի վաճառքից ստացված գումարներով, իսկ ընթացող շինարարական աշխատանքների համար անհրաժեշտ միջոցները ձեռք են բերվել «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի կողմից տրամադրված վարկից։ Նշեմ, որ տարիներ ի վեր շինարարական աշխատանքներն ընթացել են եւ դեռ անավարտ են։ Միաժամանակ հայտնում եմ, որ Ա․ Բալասանյանն ինքը երբեմն անձնապես աշխատել է իր տանը, իսկ բանվորների հագուստը խառը՝ ՀՀ զինված ուժերին չպատկանող համազգեստներ են»։



Մենք չգիտենք, թե այդ լուսանկարում պատկերված «խառը» համազգեստներով բանվորներից որն է Աշոտ Բալասանյանը, կա՞ նա այստեղ, թե՞ ոչ։ Բայց հավատում ենք, որ Պնախարարի օգնականը հաջող գործարք է կատարել, եթե կարողացել է արցախյան բնակարանի վաճառքից ստացված գումարով Երեւանում դղյակի կառուցում սկսել։



Ընդունում ենք նաեւ, որ նրա գումարները պարբերաբար պակասում են, ինչի պատճառով երբեմն ինքն անձամբ է թեւերը քշտում ու բանվորություն անում։ Դղյակ կառուցելը բարդ գործ է, երբեմն տարիների չարչարանք պահանջող։ Բայց մի քիչ «փորփրեցինք» ու տեղեկացանք, որ Ավան-Քուչակ թաղամասի այս հատվածում՝ Քուչակ 21-22 շենքերի արանքում, նախկինում բակ է եղել, կանաչ տարածք, որն անթույլատրելի էր տալ որեւէ անձի, անկախ վերջինիս ծառայողական դիրքից։ Ինչպե՞ս, ե՞րբ եւ ո՞ւմ է քաղաքապետարանը հատկացրել այս կանաչ հողը, եղե՞լ է այստեղ կանաչ տարածք, թե՞ ոչ. այս անգամ սպասում ենք քաղաքապետի մամուլի քարտուղար Արթուր Գեւորգյանի պատասխանին։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ