Անգլիան թռչում է եռացող կաթսայից

Անգլիան թռչում է եռացող կաթսայից

Ինչպիսի՞ պատասխան կարող է տալ ԵՄ-ն Մեծ Բրիտանիային` ԵՄ կազմից դուրս գալու որոշում կայացնելու համար: Որպեսզի այդ պատասխանը շատ կտրուկ չլինի, կարելի է սկսել բարոյական հարթությունից, օրինակ` ԵՄ-ի հետ վիզային ռեժիմ սահմանել Նորին մեծություն Եղիսաբեթ II-ի եւ նրա հպատակների համար: Եթե ԵՄ-ն դեռեւս չի կորցրել ինքնապաշտպանության բնազդը, ապա Բրյուսելը, որ մինչեւ վերջին պահը չէր հավատում հանրաքվեի դրական արդյունքին, հիմա արդեն պետք է որոշակի քայլեր ձեռնարկի, այլապես Մեծ Բրիտանիան կարող է իր հետեւից այլ երկրների եւս տանել` վերջնականապես քայքայելով Եվրամիությունը:



Սա, առանց չափազանցության, կարելի է համարել ԵՄ ստեղծմանը համազոր մի պատմական իրադարձություն, Եվրոպայի եւ համաշխարհային պատմության շրջադարձային փուլի սկիզբ: Այն տեղի ունեցավ մի պահի, երբ Եվրոպան կանգնած էր լրջագույն խնդիրների առաջ` թե տնտեսական, թե ռազմական եւ թե ժողովրդագրական: ԵՄ-ի դեմ ձեւավորվում է նոր ալյանս` Վաշինգտոն-Լոնդոն-Անկարա, որին, ամենայն հավանականությամբ, կմիանան Վաշինգտոնի եւ Լոնդոնի համապարփակ ազդեցության տակ գտնվող այլ մայրաքաղաքներ եւս` Վարշավա, Կիեւ, այդ ալյանսին կհարեն Կոսովոն, Ալբանիան, հնարավոր է` մերձբալթյան երկրները, Անդրկովկասում` Վրաստանը եւ Ադրբեջանը:



Բրյուսելը, թեեւ չէր հավատում իրադարձությունների այսպիսի ընթացքին, այնուամենայնիվ, ինչ-որ բան զգում էր, երբ դադարեցրեց Թուրքիայի ԵՄ անդամակցության գործընթացն ու այդ երկրի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի սահմանումը: Նույն ալիքի տակ ընկան նաեւ Ուկրաինան եւ Վրաստանը, ԵՄ ղեկավար կառույցներում հետաձգվեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգման մասին նոր որոշումը, իսկ «նորմանդական քառյակն» էլ այլեւս նույն ոգով չի զբաղվում Դոնբասի հարցով:



Պատահակա՞ն էին Իտալիայի խորհրդարանում ծայր առած` Ղրիմը Ռուսաստանի մաս ճանաչելու եւ այնտեղ ներդրումներ անելու մասին խոսակցությունները, իսկ Գուցե Անգելա Մերկելը միամտաբա՞ր կրկնեց Պուտինի առաջարկը` Մադրիդից մինչեւ Վլադիվոստոկ միասնական տնտեսական գոտու ստեղծման մասին, թե՞ Բունդեսթագում էին միամիտներ նստած, որ Թուրքիան հռչակեցին ցեղասպան երկիր: Հավանաբար, Փարիզում չեն կարողանում օրերը հաշվել, այո՞, եւ հետ են մնում ՌԴ-ի դեմ պատժամիջոցները երկարաձգելու գրաֆիկից: Այս ամենում ոչինչ էլ պատահական չէ: Պատահական չէր նույնիսկ Ալիեւի աշխատակազմի պաշտոնյա Նովրուզ Մամեդովի խայտառակ հայտարարությունը, թե իբր Սանկտ Պետերբուրգում որոշել են Ղարաբաղի տարածքները հանձնել Ադրբեջանին: Դրանով Բաքուն վերջնականապես ստուգեց գծերը, եւ ՌԴ ԱԳՆ հայտարարությունից հասկացավ, որ ԼՂՀ ներկա ստատուս քվոն իր համար լավագույն տարբերակն է` մնացածը փրկելու համար: Մամեդովն իրականում կրկնել էր Ղարաբաղի հարցի կարգավորման ամերիկյան տեսլականը, ինչին Մոսկվան արձագանքեց խիստ ցավեցնող տոնով` «բալամ, դու քո երազն ես պատմում»:



Ես զարմանում եմ մեր այն վերլուծաբանների վրա, որոնք ԵՄ կազմից դուրս գալու ՄԲ հանրաքվեի պաշտոնական թվերը դեռ չհրապարակած, արդեն գրել են, որ Անգլիան այդ քայլով վերահաստատեց եվրոպական արժեքների մնայունությունը: Ես կասեի հակառակը` փորձ է արվում Եվրոպային բոլորովին նոր, անդրօվկիանոսային արժեհամակարգ պարտադրելու, ընդ որում` ահաբեկչության եւ թուրքական տարրի սպառնալիքի ներքո: Այս ամենից շահելու են միայն Վաշինգտոնի եւ Լոնդոնի քեռիները, եթե, կրկնում ենք, Բրյուսելը տրվի անարատ ժողովրդավարության հաճույքին եւ հակաքայլեր չձեռնարկի:



Ոչ մի դեպքում չպետք է թույլ տալ, որ Եվրոպայում ստեղծվի Երկրորդ աշխարհամարտին նախորդած իրավիճակը: Սա առաջին հերթին վերաբերում է ԵՄ այլեւս միանձնյա առաջատար Գերմանիային, որն իր պատմության մեջ մեկ անգամ չէ, որ հայտնվել է անգլո-ամերիկյան թակարդում: Շատ բան կախված կլինի այն հանգամանքից, թե ինչ ուժեր կգան Գերանիայում իշխանության եւ ինչ հետեւություններ կանեն այս ամենից: Կհասկանա՞ն, արդյոք, Բրյուսելում, որ ՆԱՏՕ-ն, ռազմակայաններ ու հրթիռներ տեղակայելով Արեւելյան Եվրոպայում, ոչ թե միջուկային գերտերություն Ռուսաստանին է սպառնում, այլ Թուրքիա-Ուկրաինա-Լեհաստան-Մերձբալթիկա գծով շրջանի մեջ է առնում ԵՄ-ն: Հետեւաբար, երբ Անգլիան լքում է այդ կաթսան, պետք է ճիշտ հետեւություն անել դրանից եւ ամեն ինչ չվերագրել եվրոպական ազատախոհությանը:



ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագիրը, պարզվում է, հենց անգլո-ամերիկյան ծրագիր է: Դրա նպատակը ոչ այնքան հետխորհրդային երկրներում լուսավորություն տարածելն է, այլ Ռուսաստան-ԵՄ հարաբերություններում լարվածություն ստեղծելը: Այսօր, երբ Եվրոպայի փրկությունը, թվում է, Արեւելքն է, Արեւելյան գործընկերության այդ ծրագիրը դառնում է անպիտան հետագա գործածության համար: Բացի այդ, այլեւս չկան դրա հիմնական ֆինանսավորողները` ԱՄՆ-ն եւ Անգլիան: Վաշինգտոնում եւ Լոնդոնում, ամենայն հավանականությամբ, հասկացել են արդեն, որ ԵՄ-ն աստիճանաբար ըմբռնում է իր հիմնական շուկայի` Ռուսաստանի հնարավոր կորուստն ու սկսում է հաշվել ամերիկյան պատժամիջոցներից կրած վնասները: Ո՞վ է ԵՄ-ին վերադարձնելու այն հսկայական գումարները, որոնք ներդրվեցին Ուկրաինայում` սեփական տնտեսության հաշվին Կիեւում կազմակերպված ամերիկյան հեղաշրջումն օրինականացնելու համար:



Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ ԱՄՆ պետդեպարտամենտի մի խումբ «մասնագետներ» նամակով դիմել են հեռացող Բարաք Օբամային եւ պահանջել, որ նա ռմբակոծի Դամասկոսը եւ Սիրիայի հարցը լուծի Հարավսլավիայի սցենարով: Օբաման էլ, իբր, մտածում է: Ցանկության դպքում ԵՄ-ն կարող է հենց Սիրիայում պատասխան տալ Լոնդոնի քայլին` հետ կանչելով իր ուժերը ԱՄՆ կոալիցիայից: Ո՞ւմ համար այսօր պարզ չէ, որ ոչ թե Ասադի կառավարությունն է ԵՄ-ի թշնամին, այլ ահաբեկչությունը, որի դեմ Սիրիան մինչ այս պահն էլ փակ դարպաս է դեպի Եվրոպա ճանապարհին:



Դժվար է որեւէ կերպ ՄԲ «անկախացման» հանրաքվեն արժեւորել կամ արժեզրկել Հայաստանի համար: Դեռ պետք է սպասել: Թե ինչ ընթացք կստանան ԵՄ-Ռուսաստան, ԵՄ-ԵԱՏՄ հետագա մերձեցումները, դրանից էլ կախված կլինի մեր ապագան: Մենք այդ հարցերի վրա ազդեցություն ունենալ չենք կարող, սակայն կարող ենք հրաժարվել, այսպես կոչված, «Արեւելյան գործընկերության» ծրագրից եւ մեր հարաբերությունները թե ԵՄ-ի եւ թե Ռուսաստանի ու մյուսների հետ կառուցել առանց անդրօվկիանոսյան աճպարարությունների:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ