Գյումրիի 102-րդ ռազմաբազայից հերթական զինվորն է փախել

Գյումրիի 102-րդ ռազմաբազայից հերթական զինվորն է փախել

Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի բնակիչ Կամո Մնացյանը hraparak.am-ին պատմեց, թե ինչպես է իրեն եւ ընկերոջը այսօր առավոտյան հաջողվել իր խոսքերով ասած վնասազերծել ռուսական 102-րդ ռազմաբազայից փախած զինվորին: «Առավոտյան 9-ի կողմերն էր, ես ու ընկերս ավտոմեքենայով դաշտ գնացինք, ու էնտեղ կասկածելի արտաքինով մարդ տեսանք: Զինվորական հագուստով էր, ուսապարկը ուսին, կողմնացույց ուներ, սև դիմակ, ժամացույց, հա մեկ էլ դուբինկա, բայց ստուգեցինք, զենք չկար մոտը: Մեր գյուղը, որ սահմանամերձ է, մենք ուշադիր ենք, մոտեցանք, տեսանք `ռուս է, հարցրինք` ինչ կենես, ասավ՝ գուլյայու, ասինք էստեղ չի կարելի ման գալ, փաստաթուղթ ուզեցինք: Որ շատ ստիպեցինք, խոստովանեց, որ 3-4 օր է` չաստից փախել է, սահմանն անցնել է ուզում»,-պատմեց Կամո Մնացյանը: Կամոյին եւ իր ընկերոջը հաջողվել է դասալիք զինծառայողին համոզելով հանձնել հայ ուղեկալներին, հենց այնպես չեն հանձնել, իրենց եւ սահմանապահների միջև փաստաթղթային ձևակերպում է եղել: «Թող տեսնեն, ինչ բարդակ վիճակում է էդ 102-րդ ռազմաբազան»,-ընդգծեց Կամո Մնացյանը:



Պարզեցինք, որ 3-4օր ռազմաբազան լքած ռուս զինծառայողը 1996թ-ին ծնված 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Սերգեյ Շիլովն է: Ռուսական 102-րդ ռազմաբազայից այս պահին հրաժարվեցին որևէ բացատրությամբ հանդես գալ, իսկ ահա Շիրակի մարզային ոստիկանությունից պնդեցին, թե որևէ ահազանգ չեն ստացել:



Հիշեցնենք, որ օրերս նույն ռազմաբազայի տարածքից էլի զինվոր էր անհետացել, որի մասին լուրերը սկզբում հերքեցին, թե ռազմաբազայից, թե մարզային ոստիկանությունից եւ միայն նույն օրը երեկոյան հայտնեցին, թե պայմանագրային զինծառայողին հայտնաբերել են մայրաքաղաք Երևանում, որտեղ զբոսնում էր:
Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայից էր փախել նաեւ ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, ով 2015թ-ի հունվարի 12-ին զենքը ձեռքին լքել էր զորամասը եւ հայտնվելով Գյումրու Մյասնիկյան փողոցի 188տուն, դաժանաբար սպանել Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներին:



Արևիկ Հակոբյան, Գյումրի