Հիմա թող փորձեն պայքարն առաջնորդել ուրիշները, եթե չկարողանան՝ մենք կփորձենք

Հիմա թող փորձեն պայքարն առաջնորդել ուրիշները, եթե չկարողանան՝ մենք կփորձենք

«Արաբո» ջոկատի հրամանատար, Վարդան Օսկանյանի ղեկավարած «Համախմբում» կուսակցության ներկայացուցիչ Մանվել Եղիազարյանը չի բացառում, որ մի օր «Համախմբումը» կղեկավարի ժողովրդական շարժումը, իսկ հիմա, ասում է, թող ուժերը փորձեն ուրիշները։



-Պարոն Եղիազարյան, «Սասնա ծռեր» խումբը ինքնակամ հանձնվեց ու կարծես թե ավարտվեց պայքարը։ Չեք պատրաստվո՞ւմ քաղաքակիրթ ճանապարհով շարունակել ձեր ազատամարտիկ ընկերների պայքարը, առաջնորդել ժողովրդական շարժումը, թե դուք դեմ էիք զենքը վայր դնելուն ու դրանով է պայմանավորված պասիվությունը։



-Ամեն դեպքում այդ տղաներն առանց իմ կարծիքի են այդ ճանապարհն ընտրել եւ բնական է, որ առանց իմ կարծիքի էլ կարող էին զենքը վայր դնել կամ շարունակել։ Իրենց խնդիրն է, ես խմբի մեջ չեմ եղել եւ չեմ կարող ասել՝ ընդունելի էր դա, թե ոչ։ Հասկացեք, ես չեմ պաշտպանում ինչ-որ մի խմբի, ինչ-որ մարդկանց, այլ ամբողջ աշխարհը, բազմաթիվ քաղաքներում են մարդիկ ընդվզում, միտինգներ են անում, ցույցեր են անում։Ես կմնամ իրադարձությունների կողքին, ու որտեղ ժողովուրդը պահանջ ներկայացնի, ես զուգահեռ կշարժվեմ առաջ։



Իհարկե, ես մասնակցել եմ այդ օրերի հանրահավաքներին, երթերին, ինչպես ժողովուրդը։ Հարթակ չեմ բարձրացել, որովհետեւ ով հայտնվում է հարթակում, սկսում են հայհոյել, ասել, որ սրա կամակատարն ես։ Ինչ վերաբերում է զինված ճանապարհով հարցեր լուծելուն, ապա այսօր հայտնվել ենք մի այնպիսի իրավիճակում, որ հնարավոր չէ որեւէ բան անել այս վիճակը փրկելու համար։ Այս վիճակը շարունակելն էլ արդեն հնարավոր չէ, եթե զինված պայքարի միջոցով փոփոխության հասնելը ճիշտ չէ, ապա այսպիսի իրավիճակում ապրելը գիտակից մարդու, ազնիվ եւ հայրենասեր մարդու համար հիմարություն է։ Սա ի՞նչ վիճակ է, բոլորը թքած ունեն Հայաստանի վրա։ Թքում են այն մարդկանց վրա, որոնք ուզում են վիճակն այսպես շարունակաբար պահել, ժողովուրդը մեղավոր չէ, ինքը ըմբոստանում է, պայքարում։



-Ի՞նչ եք կարծում, այսքանով պայքարն ավարտվե՞ց, ինչպե՞ս եք պատկերացնում պայքարի հետագա ընթացքը:



-Երեք տարի, թե երկու տարի առաջ ես ասել եմ, որ այս վիճակն այսպես շարունակվել չի կարող։ Եթե փորձեն բռնի ուժով այս իրավիճակը պահել, ապա մի 20 տարի էլ պայքար է գնալու մինչեւ Հայաստանը կարգի գա։ Բայց քանի որ «Սասնա ծռերը» Հայաստանում էլ ավելի արագացրեցին դեպքերի զարգացումը, ես կարծում եմ, որ էս վիճակը երկար չի ձգվի, մարդիկ հասկանալու են, որ համբերության բաժակը լցված է, իրենք ամեն վայրկյան կարող են վտանգել իրենց կյանքը, քանի դեռ վիճակ չի փոխվել։ Նույն Սասնա ծռերի տղաներից շատերի համար նշանակություն չունի, թե ինչ մեղադրանք է իրենց վրա գրված, իրենք ասում են՝ ինչ ուզում ես գրի,ինչքան ուժում ես պատիժ տուր, ես դրանից չեմ վախենում, նման մարդիկ Հայաստանում շատ են։ Այս վիճակն ավելի սարսափելի է մեզ համար, քան բանտում հայտնվելը։



-Փաստ է, որ խմբի հանձնվելուց հետո պայքարը մարել է, հնարավո՞ր է դուք կամ կուսակցությունը, որը ներկայացնում եք, ստանձնի այդ պայքարի ղեկավարումը։



-Ով կարող է ասել, թե վաղն ինչ կլինի: Դժվար է ասել, բայց այսօր քանի որ կան կուսակցություններ, այնտեղ կան մարդիկ, մենք այս պահին թողել ենք նրանց, գուցե մեզանից ավելի լավ անեն, թող փորձեն, եթե նրանք չեն կարող, մենք կփորձենք։



-Նկատի ունեք «Համախմբո՞ւմը»։



-Եւ մենք, եւ «Համախմբումը», ի՞նչ իմանաս՝ վաղը ինչ կլինի։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ