Որքա՞ն արժե Սերժ Սարգսյանի ներողությունը

Որքա՞ն արժե Սերժ Սարգսյանի ներողությունը

ՊՊԾ գնդի գրավման օրերին Սարի թաղում իշխանությունների կողմից լրագրողների աշխատանքը խոչընդոտելու և լրագրողների նկատմամբ բռնություններ գործադրելու նպատակի հարցում, ըստ «Ա1+»-ի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանի, կա երեք տարբերակ։
«Առաջինը, որ ուշադրություն շեղեն, երկրորդը, որ զսպաշապիկ հագցնեն, և երրորդ տարբերակը, որ լսեք, թե ինչ եմ ասում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նա։



«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն էլ լրագրողների հանդեպ այս տարվա բռնությունները աննախադեպ չի համարում։ Նրա խոսքով՝ անկախության 25 տարիներին մենք ունեցել ենք նմանատիպ բազմաթիվ դեպքեր. և՛ լրագրողների ծեծ է եղել, և գրեթե մահափորձի դեպքեր, խմբագիրների հանդեպ տարատեսակ ճնշումներ, և սա, ըստ «Հրապարակի» խմբագրի, մեր պրակտիկայում սովարական երևույթ է։



Դիտարկմանը՝ իշխանություններն ասում են, թե իրենք այսօր բավականին հաջողություն են արձանագրել խոսքի ազատության առումով, տիկին Օհանյանն ասաց, որ ոչ թե իշխանությունն է հաջողություն գրանցել, այլ հասարակությունը, որ համառ, երկարատև, դաժան պայքարի արդյունքում ձեռք է բերել ազատ, անկախ մամուլ ունենալու իրավունքը։ «Հրապարակի» խմբագիրն իր խոսքում ընդգծեց հատկապես լրագրողների համառ պայքարն ու անձնուրաց աշխատանքը այս հարցում, որ այսքանից հետո էլի չեն վախենում նման դեպքերից ու մինչև վերջ կատարում են հանրությանն իրազեկելու իրենց առաքելությունը։



Անդրադառնալով Սերժ Սարգսյանի ներողությանը և հորդորին լրագրողներին՝ մոռանալ իրենց հանդեպ կատարվածը, Մեսրոպ Մովսեսյանն ասաց. «Ես համարում եմ, որ դա մի քիչ էլ ծիծաղելի էր, երբ մարդիկ հիվանդանոցում տառապում էին, իսկ ինքը ինչ-որ ներողություն է ասում ու մոռանալու կոչ է անում, ինձ համար մի քիչ տարօրինակ էր։ Ի՞նչ է նշանակում մոռանալ, մոռանանք ինչը, որ, օրինակ, ես հարվածեմ ոստիկանին, ինձ դրա համար դատ է հասնում, իսկ լրագրողն ինչո՞վ է տարբերվում այս դեպքում, երբ ունի վկայական, վրան էլ գրված է մամուլ, բայց թքած ունեն ամեն ինչի վրա և կարող են ռմբակոծել, մահակով ծեծել, գցել հիվանդանոց։ Կամ ի՞նչ է նշանակում՝ ոստիկանապետը կարգադրել է, իսկ ո՞վ է ոստիկանապետը, նա պետք է պաշտպանի ինձ, լրագրողներին»։



Արմինե Օհանյանն էլ այս թեմայով նկատեց. «Ես կուզեի օբյեկտիվ լինեինք, որքան էլ որ դժվար է այս պահին օբյեկտիվ լինելը, բայց երբ մեկ-երկու տարի առաջ նախագահն իր ելույթում երկրում տիրող գաղջ մթնոլորտի մեջ մեղադրում էր լրատվամիջոցներին և պախարակում էր մեզ, որ մենք վնասում ենք, խանգարում ենք երկրի առաջընթացին, իսկ այսօր ինքն իր ելույթում արձանագրում է, որ լրագրողների աշխատանքը կարևոր աշխատանք է, օգտակար է երկրի համար, դա բավականին առաջընթաց է։ Բայց ի՞նչ է նշանակում այդ բանավոր ներողությունները, երբ ովքեր որ պիտի լսեն մամուլի նկատմամբ հարգանք ունենալու այդ կոչերը, նրանք բանի տեղ չեն դնում»։



Hraparak.am-ը հետաքրքրվեց «Հրապարակի» խմբագրից, թե ի՞նչ արժեք ունի Սերժ Սարգսյանի ներողությունն իր համար, հատկապես, որ այն զուգակցվում է կատարվածը մոռանալու կոչերով, Ա. Օհանյանն ասաց. «Ես չասացի՝ ներողություն, ես ասացի, որ ինքն իր խոսքում մի նախադասություն ասաց, որ լրագրողների աշխատանքը կարևոր է, օգտակար է երկրի համար։ Երբ նա ժամանակին մեղադրում էր լրագրողներին գաղջ մթնոլորտ ստեղծելու մեջ և հետո ասում, որ լրատվական աշխատանքն անհրաժեշտ է երկրին, ուրեմն ինչ-որ առաջընթաց կա, և դա պետք է արձանագրել, որ հավանաբար երկրի նախագահը գիտակցել է, հասկացել է, որ առանց ազատ մամուլի գոյության չի կարող լինել նորմալ երկիր»։



Մեր մյուս հարցին, թե դա ինչ-որ երաշխիք տալի՞ս է, որ այսուհետ նմանօրինակ երևույթները կբացառվեն, «Հրապարակի» խմբագիրն ասաց, որ եթե վստահ լինեին, չէին գնա լրատվամիջոցների համատեղ հայտարարությանն ու ակցիաներին։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ