5 երեխաների մայրը պնդում է, որ համատիրության նախագաhը խաբել է իրեն, իսկ վերջինս հերքում է

5 երեխաների մայրը պնդում է, որ համատիրության նախագաhը խաբել է իրեն, իսկ վերջինս հերքում է

Մենք անդրադարձել էինք Հրազդան քաղաքում բնակվող սոցիալապես եւ տարրական պայմաններից զուրկ, 9 շնչից բաղկացած Սուսան Գալստյանի ընտանիքին, ով փողոցներն է մաքրում, ստանում 50 հազար դրամ: Նրա խնամքին են հաշմանդամ մայրը, կույր հաշմանդամ քույրը եւ հինգ անչափահաս երեխաները: Մեր հրապարակումից հետո բարեգութ մարդիկ օգնության ձեռք մեկնեցին այս ընտանիքին, իսկ առաջինը արձագանքեց պաշպանության նախարար Սեյրան Օհանյանը: Տիկին Սուսանը իր շնորհակալության է հայտնում այն մարդկանց, ովքեր օգնության ձեռք մեկնեցին իր ընտանիքին: Սակայն շնորհակալության հետ մեկտեղ Սուսանը մեզ պատմեց, թե ինչպես համատիրության նախագահը խաբել է իրեն, ձեռքից վերցրել աշխատավարձի քարտն ու կոդը եւ ամիսներ շարունակ ստացել իր աշխատավարձը, իսկ Սուսանին էլ ասել է, որ ձմռանը չի աշխատում. «Մեր համատիրության նախագահ Սուրիկ Սարդարյանը ասավ, որ ձմռանը չեք աշխատում, ինչ-որ տվել են, հանձնի, գարունը կգա, նորից կաշխատեք: Ամբողջ ձմեռ տանը նստեցի, ընկա պարտքերի տակ: Գնացի քաղաքապետարան, մեր տնօրեն Մաթեւոս Ավանեսյանի մոտ, որ իմ քարտը վերցնեմ, ինձ ասաց. «Իմ մոտ քո քարտը ի՞նչ գործ ունի, քո քարտը ինչո՞ւ է ուրիշի ձեռքում» : Ասացի, որ տվել եմ Սարդարյան Սուրիկին: Ավանեսյանը իմ քարտը վերցրեց Սարդարյան Սուրիկի մոտից, ինձ տվեց քարտը եւ 25 հազար դրամ իբրեւ ձմռան աշխատավարձ: Փաստորեն ձմռանը մենք աշխատել ենք, համատիրության նախագահն ինձ ասել ա, որ մենք չենք աշխատում: Իսկ ով որ էլ հարցրել ա մեր տնօրեններից ու տեղակալներից, Սարդարյան Սուրիկը բոլորին ասել ա, որ ես աշխատում եմ, բայց այդ ժամանակ տարածքն ուրիշ մարդ ա մաքրել: Ես նոյեմբերից մինչեւ մայիս աշխատավարձ չեմ ստացել, փաստորեն այդ ընթացքում իմ քարտով աշխատավարձս համատիրության նախագահն է ստանում»:



Ըստ տիկին Սուսանի` Ավանեսյանը, երբ քարտը վերադարձնում է, իրեն է մոտենում Սարդարյան Սուրիկը եւ խնդրում, որ ոչ մեկը չասի, թե ինչի համար է քարտը գտնվել իր մոտ. «Ինձ համոզում էր, կասես, որ իբր ես նոր աշխատող եմ, քարտից ոչ մի բան չեմ հասկանում, տվել ես ինձ, որպեսզի ես քո գումարը ստանամ, տամ քեզ: Գիշերով եկել էր, ասում էր` քարտը պետք է վերադարձնես, դու իրավունք չունես քարտ պահես քո մոտ, քանի որ տունը նստած ես, չես աշխատում: Գարունը կգա. կլնես գործի, էդ ժամանակ քարտդ նորից կվերադարձնենք քեզ, բայց էս ժամանակահատվածում քարտը քեզ մոտ չպիտի մնա: Կոդն էլ հետն եմ տվել: Հետո ես մի բան էլ հասկացա, որ եթե ես ճանապարհներ եմ մաքրում, ուրեմն ես համատիրության հետ կապ չունեմ, իսկ համատիրության նախագահն ինձ հավատացնում էր, որ ես անձամբ իր աշխատողն եմ: Անգամ, եթե գործս վերջացում էի, ու հոգնած էի լինում, համատիրության նախագահը ստիպում էր, որ գնամ, բակերը մաքրեմ, չէր նայում, որ գործից հոգնած տուն էի գալիս, ու 5 անչափահաս երեխաներ ունեի: Այդ բակերն էլ, որ մաքրել եմ, ինձ չի վարձատրել»:



Տիկին Սուսանին լսելուց հետո զանգահարեցինք համատիրության նախագահ Սուրիկ Սարդարյանին պարզելու` արդյոք տիկնոջից վերցրել է քարտ ու այդ ամիսներին աշխատավարձը ստացել է, Սուրիկ Սարդարյանը հերքեց. «Սուտ են ասում, էդպես բան չի եղել, բոլորը սուտ են ասում»: Հրազդանի քաղաքապետարանից տեղեկացանք, որ Սուսան Գալստյանը աշխատում է «Մաքուր Հրազդան» ՀՈԱԿ- ում, ձմռան ամիսներին էլ ՀՈԱԿ-ի աշխատակիցները աշխատում են:



Հ.Գ. Հարց է առաջանում` որքանով են տեղյակ քաղաքապետարանում այս պատմությանը: Հավելենք միայն, որ սա միակ դեպքը չէ, մեր մյուս հրապարակումներում կներկայացնենք հաջորդ «հերոսին»:



Նելլի Կարապետյան