Ստեփանակերտում կբացվի Մնջախաղի ստուդիա

Ստեփանակերտում կբացվի Մնջախաղի ստուդիա

Երեւանի մնջախաղի պետական թատրոնի ջանքերով սեպտեմբերից Ստեփանակերտում կգործի Մնջախաղի ստուդիա, որտեղ կդասավանդեն Երեւանի մնջախաղի պետական թատրոնի մասնագետները: Թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ժիրայր Դադասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ցանկություն միշտ է ունեցել, բայց ամեն անգամ տարբեր պատճառներով չի ստացվել, այս անգամ առաջարկը եղել է ԼՂՀ մշակույթի նախարարի կողմից։ «Այն կլինի ոչ միայն մնջախաղի ստուդիա, այնտեղ ներգրավված կլինեն նաեւ խուլ երեխաներ՝ նրանց համար կփորձենք ստեղծել նաեւ ինտեգրման հնարավորություն»,- նշեց Դադասյանը՝ կարեւորով այս տեսակ ներառական կրթությունը, որովհետեւ մնջախաղի ժանրը թույլ է տալիս, որ երիտասարդներն զբաղվեն այդ արվեստով։



Մնջախաղի ստուդիա ընդունելության համար կարող են դիմել 15-25 տարեկան երիտասարդները: Դիմումները կընդունվեն մինչեւ սեպտեմբերի 20-ը, իսկ մրցույթը կկայանա սեպտեմբերի 23-ին. «Երեւանի մնջախաղի պետական թատրոնը սեպտեմբերի 24-ին ներկայացում կցուցադրի Ստեփանակերտում, եւ նույն օրն էլ կլինի առաջին դասը։ Մեր գերնպատակը կայանում է նրանում, որ մյուս տարի այդ ստուդիան արդեն ներկայանա մեր Ծաղկաձորի միջազգային փառատոնին՝ ներկայացնելով Արցախն իբրեւ մի առանձին երկիր»։



Դադասյանը կարծում է, որ մնջախաղի ստուդիայում սովորելու հեռանկարն արձագանք կգտնի շատերի մոտ, քանի որ հետաքրքրություն կա, մյուս կողմից էլ՝ միշտ էլ գտնվում են մարդիկ, որոնք իրենք են գտնում մնջախաղի ժանրը։ «Մենք մի երիտասարդ ունեինք, որ Ստեփանակերտից հատուկ գալիս էր Երեւան՝ մեկ շաբաթով մաստեր կլասների, հիմա ես ուրախ եմ, որ այլեւս կարիք չի լինի, որ ինքն անընդհատ գա-գնա եւ կարող է արդեն Ստեփանակերտում զբաղվել իր սիրած գործով։ Այնտեղ շատերը գիտեն, որ ես եմ ղեկավարում Մնջախաղի թատրոնը, իսկ ես էլ ծնունդով Արցախից եմ։ Կարծում եմ՝ մնջախաղը կհետաքրքրի շատերին, որովհետեւ դա այն արվեստն է, որը թարգմանության խնդիր չունի եւ հասկանալի է բոլորին ու լուրջ հեռանկարներ ունի այսօրվա մշակութային աշխարհում»,-նշեց Դադասյանը, ապա նկատեց, որ ուսումնառության ընթացքի հետ կապված որոշ մանրամասներ դեռ չեն հասցրել քննարկել ԼՂՀ մշակույթի նախարարի հետ, բայց ենթադրում է, որ այն բաց ստուդիա կլինի՝ առանց սահմանափակումների։ Մի կարեւոր հանգամանք եւս. շատ ուսանողներ երեւանյան ստուդիայից արդեն ընդգրկվել են թատրոնում աշխատանքի, նույնը կարող է լինել նաեւ Արցախում գործող ստուդիայի դեպքում։ 



Ստեփանակերտում գործող ստուդիան կունենա մշտական խմբավար՝ ուսումնական պրոցեսը վարող անձ, զուգահեռաբար կանցկացվեն նաեւ վարպետության դասեր, մնջախաղի պետական թատրոնը՝ Ժիրայր Դադասյանի գլխավորությամբ, պարբերաբար Երեւանից կմեկնի եւ կօժանդակի ուսումնական պրոցեսին։ «Կարեւորն սկսելն է, հենց սկսենք, ես վստահ եմ, որ լուրջ հաջողություններ կարձանագրենք »,-իր խոսքում ընդգծեց Ժիրայր Դադասյանը՝ նշելով, որ, նախնական պայմանավորվածության համաձայն, ուսումը լինելու է անվճար եւ, ըստ ամենայնի, 2 տարվա ծրագրով, բայց հնարավոր է, որ ընթացքում, տարբեր հանգամանքներից ելնելով, մարդիկ հեռանան կամ նոր մարդիկ ընդգրկվեն ուսումնական պրոցեսում։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ