Վայ Շամշյան, վայ...

Վայ Շամշյան, վայ...

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը մեր այն, թերևս միակ լրագրողն է, որ ունակ է թաղումից հարսանիք ու հարսանիքից թաղում սարքել, երթե ինքն է առաջինը վրա հասնում և այդ լուրը տալիս: Բայց Շամշյանը ե՞րբ է լինում երկրորդը, որ...



Արարատի մարզի Սուրենավան գյուղում արտակարգ դեպք է պատահել՝ գայլերը գյուղացիներից մեկին պատկանող 7 այծ են հոշոտել: Շամշյանը, բնականաբար, առաջինն է հայտնվել դեպքի վայրում: Իսկ հիմա զգուշացեք, որ չընկնեք՝ Շամշայնը վերնագիր է դնում. «Արտակարգ դեպք Սուրենավանում, գայլը կամ գայլերը հոշոտել են 2 զինվոր եղբայրների հորը պատկանող այծերին»: Սրան էլ հետևում է էստի համեցեքը՝ էլ ֆոտոռեպորտաժ, էլ տեսանյութ, էլ բան:



Ըստ Շամշյանի վերնագրի՝ գայլը կամ գայլերը պարտավոր էին գնալ գյուղամեջ և հետաքրքրվել, թե ում այծերը կարելի է հոշոտել և ումը՝ ոչ: Իսկ եթե հաշվի առնենք նաև, որ այծերի տերը բնակվում է այնպիսի գեղեցիկ անունով մի փողոցում, ինչպիսին «Բարեկամության» փողոցն է, կարելի է ասել, որ այդ գայլը կամ գայլերը նույնիսկ բարեկամությունից գլուխ չեն հանում:



Հասկանում եմ Շամշյանի մեծ ցանկությունը՝ օգնել բազմանդամ ընտանիքին, որ բացի համեստ ապրելակերպը նաև 2 զինվոր է տվել Հայոց բանակին: Բայց այսպես ցցուն անել դա, բոլորի աչքը կոխել բանակում զինվոր ունենալու հանգամանքը, թույլ տվեք ասել՝ անշնորհակալ գործ է:



Էդիկ Անդրեասյան