«Վարչապետն էլ համաձայն է, որ իր փեսան փոխնախարար լինի նույն կառավարությունում». Անահիտ Բախշյանը՝ Կարեն Կարապետյանին

«Վարչապետն էլ համաձայն է, որ իր փեսան փոխնախարար լինի նույն կառավարությունում». Անահիտ Բախշյանը՝ Կարեն Կարապետյանին

Կառավարության երեկվա նիստում վարչապետը հանձնարարություններ տվեց կրթության և գիտության նախարարին, մարզպետներին, Երեւանի քաղաքապետին՝ հանձնարարելով 7-օրյա ժամկետում մշակել ու ներկայացնել առաջարկություններ հանրակրթական հաստատությունների ընտրության գործընթացում, ազգակցական կապերի, հովանավորչության եւ շահերի բախման երեւույթների ուղղությամբ: «Ինչի մասին է խոսքը, բոլորդ շատ լավ հասկանում եք` մայր եւ աղջիկ, եւ այլն: Ես չեմ բացառում, որ նման դեպքեր կլինեն, պետք է տարբերակել՝ որտեղ է օբյեկտիվ», -ասաց վարչապետը։



Ազգակցական կապերը առավել ցայտուն են դրսևորվել պետական ապարատում: Օրինակ՝ ԱԺ պատգամավորների զգալի մասը վճարովի հիմունքներով հենց իրենց երեխաներին են տեղավորել աշխատանքի, ինչ մասին բազմիցս գրվել է մամուլում:



«Հովանավորչության ու շահերի բախման առթիվ եթե օբյեկտիվ և սուբյեկտիվ դեպքերը որոշողը դպրոցի տնօրենն է և եթե ինքն իր աղջկան վերցնում է իր մոտ աշխատանքի, ոչ մի օրենք, հանձնարարական թեկուզ վարչապետի տեղին չի, քանի որ դա օրենքը չի արգելում»,-մեզ հետ զրույցում ասաց Երևանի «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը՝ հավելեով. «Ճիշտ այնպես, ինչպես հենց ինքը՝ վարչապետը փաստորեն համաձայն է, որ իր փեսան լինի փոխնախարար կառավարությունում: Օրենքը չի արգելում ոչ մեկը, ոչ մյուսը»: Նշենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան՝ Հայկ Հարությունյանը, ով նաև ԱԱԾ պետի տեղակալի տղան է, էներգետիկայի և բնական պաշարների փոխնարար է:



Կառավարման տեսակետից, սակայն, ըստ Բախշյանի, բոլորովին նպատակահարմար չէ, երբ ընտանիքի մի անդամը մյուսի իրավասության ներքո է աշխատում, որովհետև այդ դեպքերում այն, ինչ կարելի է լինում ընտանիքի անդամին, արգելված է լինում կոլեկտիվի մյուս անդամներին:



«Դա անարդարության ֆոն կստեղծի թե դպրոցում, թե կառավարությունում: Էդ երևույթին պետք է բարոյականության ու արդարության տեսանկյունից նայել, որովհետև գիտենք, որ պատգամավորի ընտրանիքի որ անդամը որտեղ է աշխատում, որ նախարարի ընտանիքի անդամն է իր ձեռքի տակ աշխատում և նրանք արտոնյալ չպետք է լինեն»,-ասաց Բաշխյանը:



Դպրոցի նախկին տնօրեն Անահիտ Բախշյանի տպավորությամբ՝ վարչապետի ասածը այլ ենթատեքստ ունի. «Կարծես ինքը խոսում է այն դեպքերի մասին, երբ դպրոցի տնօրինությունը ժառանգաբար փոխանցվում է աղջկան, հարսին, բարեկամին: Եթե ուղղակի աշխատում է ու լավ մասնագետ է, ես ոչինչ չունեմ դրա դեմ, բայց ինձ մոտ հակակրանք է առաջացնում այն երևույթը, որ նույն կառույցում ազգակցական կապեր ունեցող մարդիկ հովանավորում են միմյանց՝ սովորաբար գործի հաշվին, քանի որ արդյունավետ աշխատանք չի կարող լինել»:



Անի Առաքելյան