Ծաղկաձորի «Գոլդեն Փալաս» է գալու «Что? Где? Когда?» -ն. Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել խաղի աշխարհի առաջնությանը

Ծաղկաձորի «Գոլդեն Փալաս» է գալու «Что? Где? Когда?» -ն. Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել խաղի աշխարհի առաջնությանը

Նոյեմբերի 12-ից 13-ը Ծաղկաձորում, «Գոլդեն Փալաս» հյուրանոցում տեղի է ունենալու «Ի՞նչը, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի աշխարհի առաջնությունը, որին մասնակցելու են «գիտակների» մոտ 56 թիմեր աշխարհի 24 երկրներից, այց թվում Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Իսրայելից, ԱՊՀ երկրներից։ Այս մասին այսօր հայտնեցին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որը կրթության նախարար եղած ժամանակից այս խաղի կազմակերպիչներից է, և Գիտակների հայկական ասոցիացիայի նախագահ Տիգրան Քոչարյանը։ Վերջինս ասաց, որ 5 հայկական թիմ է ներկայացվելու։ Նրանք հայտնեցին, որ Ադրբեջանից ևս հյուրեր ենք սպասել, երաշխավորել ենք նրանց անվտանգությունը, սակայն այս երկիրը մերժել է հրավերը։ «Մենք պաշտոնական կարգով ծանուցել էինք, որ պատրաստ ենք համապատասխան բոլոր ընթացակարգերով Ադրբեջանից ժամանող թիմերին երաշխավորել, բայց նրանք հրաժարվել են մասնակցությունից»։ Նույն անհանդուրժողականությունը Ժամանակին մենք ենք ցուցաբերել, երբ աշխարհի առաջնությունը անցկացվում էր Ադրբեջանում։ «Նրանց կազմկոմիտեն մերոնց հատուկ չի հրավիրել և մեզ անվտանգության երաշխիքներ չէն տվել», - բացատրում է Աշոտյանը։



Խաղը ռուսալեզու է, անցկացվելու է բացառապես ռուսերեն։ Հայտնի գիտակներ Մաքսիմ Պոտաշովը, Ալեքսանդր Դրուզը և մյուսները ներկա են լինելու։ Կլուսաբանի արդյոք Ռուսաստանի հանրային հեռուստատեսությունը՝ ՕՌՏ-ն խաղը, կազմակերպիչները չգիտեն։ Տիգրան Քոչարյանը հայտնեց, որ ներկա է լինելու ՏՎ «ԻԳՌԱ» -ի ողջ անձնակազմը, առցանց հեռարձակում է ապահովվելու։ «Մենք ակնկալում ենք, որ լրագրողական մեծ հետաքրքրություն կլինի, տասնյակ լրատվամիջոցներ ենք ակնկալում, այդ թվում նաև ռուսական», - «Հրապարակի» հարցին պատասխանեց Աշոտյանը, նշելով նաև, որ գիտակները նաև ակտիվ բլոգերներ են և ինֆորմացիայի տարածումը կլինի նաև ցանցային միջավայրում։ «Սա կլինի Հայաստանի ճանաչելիության և ցիտման վարկանիշը»։



Աշոտյանը նաև հույս հայտնեց, որ «Ի՞նչը, որտե՞ղ, ե՞րբ» խաղի առաջնությունը զարկ կտա տուրիզմին։ Իսկ արդյոք նոր վարչապետը կաջակցի ՀՀԿ փոխնախագահի այս հավակնոտ նախաձեռնությանը, պատասխանելով հարցին, Աշոտյանը նախ հիշեցրեց, որ առաջնությունը նախագահի աջակցությամբ է անցկացվում։ «Վարչապետներ՝ լուսահոգի Անդրանիկ Մարգարյանը, Տիգրան Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը այս 11 տարիների ընթացքում շարունակական աջակցություն են ցուցաբերել Հայաստանում ինտելեկտուալ շարժմանը, տարաբնույթ ծրագրերով։ Ես գրեթե վստահ եմ, որ Կարեն Կարապետյանի օրոք այս աջակցությունը նույնպես կշարունակվի»։ Հուսանք, որ սա չի արվի ցուցադրական եղանակներով, ինչպես արվում էր վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք։ Բոլորս հիշում ենք դպրոցականների համար անցկացվող հեռուստավիկտորինաները, որոնց մասնակից երեխաները անբնական ինտելեկտ էին ցուցաբերում, նախապես անգիր արած պատասխաններ էին տալիս եթերում, և ամենևին նման չէին իրական դպրոցականների, իսկ հարցերը ոչ թե տրամաբանական էին, այլ հանրագիտարանային։



Սյուզան Սիմոնյան