Հանրապետականներն ընդդեմ ուսանողական կառույցների ներկայացուցիչների․ (ֆոտոշարք)

Հանրապետականներն ընդդեմ ուսանողական կառույցների ներկայացուցիչների․ (ֆոտոշարք)

Այսօր Հայ-ռուսական սլավոնական համալսարանի սպորտային մասնաշենքում տեղի ունեցավ պաշտոնյաների և ուսանողական կառույցների ներկայացուցիչների ֆուտբոլային թիմերի հանդիպումը։ Պաշտոնյաների թվում էին ԱԺ պատգամավորներ Էդուարդ Շարմազանովը, Կարեն Ավագյանը, Կորյուն Նահապետյանը, Սամվել Ֆարմանյանը, ԱԺ-ի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, Առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը և այլք։



Հաշիվը բացեցին պաշտոնյաները։ Ու թեև ընկերական էր հանդիպումը, յուրաքանչյուր թիմ ամեն ինչ անում էր հաղթանակի հասնելու համար։ Առաջին խաղակեսը ավարտվեց 1:0 հաշվով՝ հօգուտ հանրապետականների։ Երկրորդ խաղակեսը ևս հաջողություն բերեց նրանց, վերջիններս 3 գնդակ ուղարկեցին հակառակորդ թիմի դարպաս, սակայն վերջին րոպեներին ուսանողները կարողացան նվաճել հանրապետականների դարպասը։ Խաղը ավարտվեց 4:1 հաշվով, հաղթանակ տարան պաշտոնյաները։



Հանդիպման ընթացքում երիտասարդները բազմաթիվ հնարավորություններ ունեցան գրավելու հակառակ կողմի դարպասը, բայց նրանց բախտը չէր ժպտում։ Մարզադահլիճի նստարաններին էին հավաքված մի խումբ ուսանողներ՝ երկրպագելու ուսանողական կառույցների ներկայացուցիչներին, նրանք անգամ պաստառներով էին եկել։



Ֆուտբոլային ընկերական հանդիպումներում մասնագիտացած Էդուարդ Շարմազանովը մեզ հետ զրույցում նշեց, որ նախնական մարզումներ չեն իրականացրել, ավելին՝ 2-3 ամիս է, ինչ չեն մարզվել․ «Միգուցե մենք ավելի մոտիվացված էինք, միգուցե ավելի կազմակերպված էինք, իրենք էլ էին լավ խաղում, ով առաջին գոլը խփեր, նա էլ պետք է հաղթեր։ Պարզապես մենք հաղթեցինք, իսկ առհասարակ հաղթեց ֆուտբոլը, հաղթեց սպորտը, հաղթեց առողջ ապրելակերպը»։



Այն հարցին՝ գուցե մի օր թողնի քաղաքականությունը և զբաղվի՞ պրոֆեսիոնալ ֆուտբոլով, Շարմազանովը պատասխանեց, որ այն տարիքում չէ, որ զբաղվի պրոֆեսիոնալ ֆուտբոլով․ «Բայց, ինչպես իմ սերունդի շատ երեխաներ, ես ևս չեմ երազել դառնալ քաղաքական գործիչ, երազել եմ դառնալ ֆուտբոլիստ, որովհետև իմ կուռքը եղել է Խորեն Հովհաննիսյանը»։



Առողջապահության նախկին նախարարը, ի տարբերություն իր թիմակից ընկերների, ամենավատն է խաղում ֆուտբոլ, թվում է՝ առողջապահության հետ սերտ կապ ունեցած Մուրադյանը ամենալավ մարզավիճակում պետք է լիներ, կարողանար արագ վազել, սակայն պատկերը լրիվ այլ էր։ Մարզադաշտում հայտնվելուց մի քանի վայրկյան հետո Արմեն Մուրադյանը ընկավ, այնուհետև դրան հաջորդեցին պարբերաբար հատակին հայտնվելը, մարզադաշտի պատին խփվելը ու բազմաթիվ «ծուռ» հարվածներ։



Կարեն Ավագյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ ամեն ինչ անում են, որպեսզի երիտասարդական ծրագրերը լինեն ամբողջական, թե սպորտային, թե մշակութային, կրթական և թե սոցիալական․ «Առանձնահատուկ տեղ ու դեր ունի այս խաղը, որը ընկերական է և ոչ թե հաղթողներ-պարտվողներ։ Ցույց տանք, որ առողջ ապրելակերպով ենք ապրում, սպորտի նկատմամբ ունենք դրական վերաբերմունք և ուզում ենք, որ մեր երիտասարդությունը շարունակի առողջ ապրելակերպը, սպորտի նկատմամբ ճիշտ վերաբերմունք ձևավորվի և ընդհանրապես բոլորն ակտիվ լինեն»։