Ի՞նչ է կատարվում «Սասնա ծռեր» հիմնադրամում

Ի՞նչ է կատարվում  «Սասնա ծռեր» հիմնադրամում

Ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանի կինը՝ Նանոր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել էր իր՝ «Սասնա ծռեր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդից դուրս գալու պատճառները: Նրա խոսքով՝ իր համար դժվար է աշխատել մի հիմնադրամում, որի անունը «Սասնա Ծռեր» է և որը հայտարարում է, որ չի հարում ոչ մի քաղաքական կուսակցության կամ գաղափարի, բայց իր էջում դնում է հղումներ, որոնք ամբողջովին քաղաքական են և հիմնականում Սասնա Ծռերի գաղափարներին չեն համընկնում: Ինչպես նաև դժվար է լինել հոգաբարձուների մի խորհրդում, որտեղ անդամների միջև գոյություն ունեն քաղաքական լուրջ տարակարծություններ: Նա նաև նշել էր, որ չի կարող աշխատել հիմնադրամում, որտեղ թափանցելիությունը լրիվ ապահովված չէ բոլոր անդամների համար: Հատկապես Շվեյցարիայում բացված PayPall հաշվեհամարի մասին խոսքը, որը մինչև վերջ իմ համար պարզ չի՝ ում անունով է այն բացված:



Նանոր Սեֆիլյանը հրաժարվել էր իր գրառումը մեկնաբանել, իսկ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Եղիշե Պետրոսյանն էլ «Հրապարակ»-ի հետ զրույցում նշել էր, որ PayPall-ը միջազգային դրամափոխադրումների համակարգ է, որով մարդիկ միանգամից գումար են փոխանցում: Այժմ այդ համակարգը Հայաստանում չի գործում, եւ հոգաբարձուների խորհուրդը որոշեց դրսում ինչ-որ բան անի, որ մարդիկ արտասահմանում վճարումներ անեն ու տեսնեն արդյունքը: Նա նաև ավելացրել է, որ հիմնադրամում կմնա այնքան, ինչքան նյարդերը հերիքեն: Իսկ հետո դուրս կգա, քանի որ իրեն ավելի հաճելի է ստեղծագործական աշխատանքով զբաղվելը: Մեր տեղեկություններով՝ Եղիշե Պետրոսյանը արդեն դուրս է եկել հոգաբարձուների անդամների կազմից, տեղեկությունը ճշտելու համար փորձեցինք կապ հաստատել նրա հետ, սակայն այսօր նա հեռախոսազանգերին չպատասխանեց:



«Սասնա ծռեր» բարեգործական հիմնադրամը բացվել է «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ֆելիքս Հայրապետյանի նախաձեռնությամբ: Մեր տեղեկություններով՝ Ֆելիքս Հայրապետյանը Շվեյցարիայում հաշվեհամարը բացել է աղջկա՝ Արուսյակ Հայրապետյանի անունով, որի մասին ոչ հիմնադրամի հոգաբարձուների անդամները և ոչ էլ գաղափարակից ընկերները չեն իմացել:



Փորձեցինք կապ հաստատել Ֆելիքս Հայրապետյանի հետ, սակայն ինչպես մեր աղբյուրը փոխանցեց՝ նա այժմ երկրում չէ, Հայրապետյանն ասել է, որ գնում է Հայաստանից և չի կարող որևէ մեկի հանդիպել: Ըստ մեր աղբյուրի՝ նոյեմբերի 20-ին ի աջակցություն «Սասնա ծռեր»-ի ԱՄՆ-ում դրամահավաքություն է կազմակերպվել, այն ավարտվելուց հետո Ֆելիքս Հայրապետյանը հավաքել է «վեշերը» և մեկնել երկրից:



Նոյեմբերի 20-ին տեղի ունեցած դրամահավաքության վերաբերյալ «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի դուստրը՝ Ասպրամ Մանուկյանը հայտարարություն էր տարածել խմբավորման անդամների հարազատների կողմից, որտեղ մասնավորապես ասված է. ««Մենք՝ «Սասնա Ծռեր»-ի ընտանիքների անդամներս կապված ԱՄՆ-ում նոյեմբերի 20-ին կազմակերպվող դրամահավաքի (թելեթոնի) հետ հայտարարում ենք, որ հաշվի առնելով մեր անվստահությունը «Սասնա Ծռեր» հիմնադրամին, չփոխանցել հավաքվելիք գումարը հիմնադրամին: Քննարկելով և ընդհանուր հայտարարի գալով խնդրում ենք հավաքված գումարը փոխանցել ԱՄՆ-ում գտնվող մեր վստահված անձանց՝ Արաքսի Գրիգորյանին, Հարություն Պետրոսյանին, Մելանյա Ջանսուզյանին, եթե ոչ, ապա խնդրում ենք չշահարկել «Սասնա Ծռեր»-ի անարատ անունը որոշ մարդկանց շահերի համար: Կից թղթում ստորագրել են «Սասնա Ծռերի» 19 ընտանիքի անդամները, իսկ մնացած բոլորը իրենց համաձայնությունը տվել են հեռախոսակապով»:



Hraparak.am-ի հետ զրույցում «Սասնա ծռեր» հիմնադրամի տնօրեն Լիա Պողոսյանը ասաց, որ Ֆելիքս Հայրապետյանը մեկնել է Շվեյցարիա՝ աղջիկների մոտ, բայց կրկին ետ է վերադառնալու, իսկ երեկ ԱՄՆ-ում նախատեսված դրամահավաքը կայացել է, արդյունքների մասին կտեղեկացվի առաջիկայում, որովհետև գումարների մի մասը, կազմակերպիչների խոսքով, խոստումների տեսքով է եղել:



Լիա Պողոսյանը նաև նշեց, որ Շվեյցարիայի հաշվեհամարը բացված է անկախ ընկերության անունով, հիմա այն սառեցված է, քանի որ որոշակի տարաձայնություններ եղան հոգաբարձուների անդամների միջև, կոնկրետ մի անձի անունով բացված չի եղել, ամբողջ գումարը փոխանցվել է հիմնադրամի հաշվին:



5 հոգուց կազմված «Սասնա ծռեր» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների անդամներից երկուսը՝ Արմենակ Կյուրեղյանը և Նանոր Սեֆիլյանը դուրս են եկել կազմից: