Ընդհատակից Գարեգին Չուգասզյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի մասին

Ընդհատակից Գարեգին Չուգասզյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի մասին

Ընդհատակում գտնվող Գարեգին Չուգասզյանը պատասխանել է «Հրապարակ»-ի հարցերին՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի վերաբերյալ։



-Պարոն Չուգասզյան, դուք որպես Հիմնադիր խորհրդարանի նախագահ, ի՞նչ տպավորություն ունեք Լևոն Տեր- Պետրոսյանի՝ ՀԱԿ-ի վերջին համագումարում ունեցած ելույթից:



Հիմնադիր խորհրդարանը երբեք չի կիսել Լևոն Տեր-Պետրոսյանի նեոլիբեռալ քաղաքական հայացքները և սեփական ժողովրդին թերագնահատելու սնոբիստական արժեհամակարգը, և միշտ իրեն դիտել է որպես սկզբունքային գաղափարական հակառակորդ, որը ի տարբերություն գաղափարապես բոբիկ Սերժ Սարգսյանի, ունեցել է տրամաբանորեն հիմնավորված, թեև անընդունելի քաղաքական դիրքորոշում: Չեմ կարծում, որ ԼՏՊ-ն չի գիտակցում, որ իր այս ելույթը առանձնանում է նրանում հնչեցված պնդումների ծայրահեղ պարզունակությամբ և բացառիկ թույլ փաստարկվածությամբ, ինչպես նաև պատմական փաստերի ակնհայտ աղավաղմամբ: Պետք է քաղաքականապես շատ միամիտ լինել, հավատալու համար, որ ապրիլյան պատերազմից հետո և այսպիսի միջազգայնորեն խառնակ ժամանակներում հնչած նման «պերճախոսությամբ» ԼՏՊ-ն իսկապես նպատակ է ունեցել Հայաստանի հանրապետությունում կամ Արցախում ապրող որևէ քաղաքացու համոզելու խաղաղության հասնելու իր «հեքիաթային» ծրագրի իրատեսության մեջ: Հիշենք, որ դեռևս երեք տարի առաջ ԼՏՊ-ն հայտարարել էր ակտիվ քաղաքաքանությունից իր հեռանալու մասին: Սա ստիպում է ենթադրել, որ թե՛ այս ելույթը և թե՛ ամբողջության մեջ վերցված իր քաղաքական վերադարձը այսբերգի երևացող մասն է ընդամենը, իսկ չերևացող մասում գաղութատիրոջ ակնհայտ տապարային թելադրանքն է՝ «քաղաքական ակտիվ քայլը։ Իսկ եթե այդ վերադարձը դիտենք նաև մի քանի այլ՝ զուգահեռ տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում , ապա այս ենթադրությունը ստանում է լրացուցիչ հիմնավորումներ: Նախ կուզեի հիշատակել Սերժ Սարգսյանի ռուսական հեռուստատեսությանը տված հարցազրույցում յոթ շրջաններ հանձնելու պատրաստաակամության մասին հայտարարությունը, ինչպես նաև Ստեփանակերտում մտավորականության հետ հանդիպման ժամանակ նրա հնչեցրած այն սպառնալիքը, թե Արցախի հայությանը դժվար ժամանակներ են սպասում…



Կարծում եմ, շուտով ականատեսն ենք լինելու նաև ռուսական «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոբերտ Քոչարյանի նույն ոգով ելույթին: Սրան զուգահեռ նկատելի են նաև ռուսական այլևայլ էմիսարների՝ արցախյան հարցի լուծման փուլային տարբերակի անխուսափելիության մասին վերջերս նորից հայտնված և բարձրաձայն հնչեցվող պնդումները: Ուշադրություն դարձրեք նաև «Սասնա Ծռեր»-ի մեղադրանքների խստացման հանգամանքի վրա, ինչպես նաև մամուլում և սոցիալական ցանցերում նրանց հեղինակազրկել փորձող հոդվածների ու ելույթների վերջերս ավելացող քանակին։
Եվ վերջապես, սրան գումարեք ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների ապօրինի կերպով ԱԱԾ հրավիրվելու և նույն օրերին ազգի կիրթ հատվածի որոշ ներկայացուցիչներին Չեբուռաշկայի «թրի տակով» անց կացնելու խմբային ստորացման գործողությունը, և պատկերը կամբողջանա: Պարզ է դառնում գաղջ ձեռագրով մշակված «բեմադրության» իմաստը՝ ստեղծելով վախի, անհուսության, սեփական անլիարժեքության և հետագա պայքարի անհեռանկարայնության հեղձուցիչ մթնոլորտ, իրականացվում է լայնամասշտաբ գործողություն նպատակ ունենալով հոգեբանական զինամիջոցներ կիրառելով կոտրել ազատագրված հողերի դավաճանական հանձնման-ընդունման գործողությանը քաղաքացիական գալիք դիմադրությունը: Ահա այս նպատակի լույսի տակ է, կարծում եմ, որ պետք է դիտել ԼՏՊ-ի վերջին ելույթը:



-Ինչո՞վ էր պայմանավորված Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի 13 էջերից 9-ը «ազգ-բանակ» գաղափարին նվիրելը։



Իսկապես որ, Ճիշտ եք նկատել, ելույթի հիմնական թիրախը՝ «ազգ-բանակ» հղացքն էր: Եթե Չեբուռաշկայի պալատական դպիր Վիգեն Սարգսյանի թեթև ձեռքով «ազգ –բանակի» գաղափարը փորձ արվեց վարկաբեկել գործով՝ այն հանգեցնելով գալիք ռազմական գործողությունների ապագա զոհերի համար 1000-ական դրամ հավաքելու ստորացուցիչ գործողությանը, ապա ԼՏՊ –ի ելույթի մեծ մասը այդ հղացքի գաղափարական վարկաբեկման անհաջող փորձ էր: Շատ խորհրդանշական է, որ «ազգ-բանակի» հղացքը քաղաքական ներկայիս օրակարգ բերած երկու անձանց՝ Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի անունները համառորեն լռության մատնվեցին «ազգ-բանակը» քննարկող Վիգեն Սարգսյանի կողմից, իսկ ԼՏՊ-ի կողմից Վարուժան Ավետիսյանի անունը հիշատակվեց հպանցիկորեն: Եվ ամենևին պատահական չէ, որ ապրիլյան պատերազմից հետո քաղաքական օրակարգը թելադրվում է Հիմնադիր խորհրդարանի այս առանցքային անձանց կողմից, և սա շարունակվում է անգամ նրանց ձերբակալվելուց հետո: Հասկանալու համար, թե ինչո՞ւ հենց այս հղացքը պիտի արժանանար նման բուռն ուշադրության, պետք է նկատի ունենալ հետևյալը՝ ԼՏՊ-ն Հայաստանի բոլոր չարիքների արմատ հայտարարելով կոռուպցիան և հարազատ մնալով իր նեոլիբեռալ հայացքներին և «պացիֆիստական ողջախոհությանը», մերկապարանոց կերպով փորձում է համոզել, որ ազատագրված տարածքների ինքնակամ հանձնումը ինքնաբերաբար կհանգեցնի երկարաժամկետ հրդեհներում հայտնված տարածաշրջանում կայուն խաղաղության և իրավունքի գերակայությամբ ապրող համընդհանուր բարօրության հասարակության ստեղծմանը: Կատարյալ երջանկության համար պակասում է Հայաստանին Կալինինգրադի մարզի կարգավիճակի արտոնման հիշատակումը, բայց ոչինչ, դեռ ժամանակ կա, և հիմնադիր նախագահը կհասցնի ընտրություններից հետո հանդես գալու նաև նման գաղափարի անհրաժեշտության հիմնավորումով: Չէ՞ որ «արցախյան հարցի լուծման բանալին Ռուսաստանի ձեռքին է»։ Նկատենք որ, եթե անգամ այս իրականության պարզունակացման վրա հենվող սցենարը իրականություն դառնար, ԼՏՊ-ի քաղաքական փիլիսոփայության իդեալ հանդիսացող «պայծառ ապագան» կշարունակեր մնալ ընդամենը քրեականությունից զուրկ օլիգարխիկ նեոլիբեռալ հասարակությունը, հասարակություն, որի մայրամուտի մասին վկայում են մոլորակի ամենատարբեր մասերում տեղի ունեցող գնալով արագացող իրադարձությունները։ Իրականում այս «առասպելով» փորձ է արվում քողարկելու չարիքի բուն արմատը՝ ավտորիտար ոստիկանապետության հիմքում ընկած ռազմատնտեսական օլիգարխիկ մենաշնորհը։ Հատկանշական է նաև ԼՏՊ-ի կողմից «ազգ –բանակի» գաղափարի նույնացումը ագրեսիվ միլիտարիստական բովանդակության հետ և նրա ժողովրդավարական ներուժի լռության մատնումը թե՛ Շվեցարիայի և թե՛ Իսրայելի պարագայում: «Ազգ-բանակի» տեսլականի որդեգրումը հայության կողմից պայմանավորված լինելով, նախ և առաջ, աշխարհաքաղաքական ներկայիս բարդ իրավիճակի թելադրանքով, չի բացատրվում միայն արտաքին ռազմաքաղաքական պարտադրանքով, և չի հանգում ժողովրդի սոսկ քայլ առ քայլ զինմանը, որը մեր պարագայում պետք է սկսվի սահմանային բնակավայրերի նախապատրաստումից և հետզհետե ներառի ողջ բնակչությունը: Հայաստանի, ներառյալ Արցախը, հիմնական խնդիրների՝ ռազմաքաղաքական անվտանգության և սահմանադրականության վերականգնման բանալին հանդիսացող «ազգ-բանակի» հղացքը ունի բոլոր հնարավորություննները դառնալու այն բացառիկ քաղաքական լծակը, որը թույլ կտա կոտրել օլիգարխների անսասանելի թվացող ռազմական մենաշնորհը, ապա և տնտեսականը և վերականգնել սահմանադրականությունը Հայաստանում: Միտքս պարզելու համար օգտվեմ պատկերավոր համեմատութունից. «ի՞նչ է ժողովրդավարությունը» հարցին տրվող ամենապարզ պատասխաններից մեկը հնչում է այսպես՝ ժողովրդավարությունը դա գազանի և զինված պտղակեր արարածի՝ համատեղ նախաճաշի վերաբերյալ քվեարկությունն է։ Սակայն, կարծում եմ, պետք է շնորհակալություն հայտնել ԼՏՊ –ին «ազգ-բանակի» հղացքը նորից գաղափարական դաշտ վերադարձնելու համար, քանի որ մեր մտածող քաղաքացիները նորից հնարավորություն ունեցան ծանոթանալու թե՛ Հիմնադիր խորհրդարանի մշակումներին , թե՛ խորանալու ԼՏՊ-ի կողմից շրջանցված շվեցարական «ազգ-բանակի» արդիական օրինակի, և համոզվելու մեզ համար շատ առումներով ուսանելի իսրայելական տարբերակի կիրառելիության մեջ, ինչպես օրինակ, բարձր-տեխնոլոգիական տնտեսության և բանակի սերտ կապը Իսրայելում, կամ քրդերի կողմից հաջողությամբ փոխառնված կանանց բանակում ներգրավելը:



-Ի՞նչ կասեք Լևոն Տեր-Պետրոսյանի խաղաղության հաստատման ծրագրի՝ որպես ազգին արժանապատիվ ելք ցույց տալու մասին։



Կարծում եմ, որ Սասնա Ծռերը իրենց օրինակով ցույց են տվել արժանապատիվ ելքը՝ ոստիկանապետական բռնակալության «ծռումը» ընբոստությամբ։ Վստահ եմ, որ վճռական պահին մեր հասարակության երկու կարևորագույն բաղադրիչները՝ բանակն ու քաղաքացիական հասարակությունը հենց այս ճանապարհով են գնալու։ Արցախյան շարժման ալիքի վրա իշխանության եկած ԼՏՊ-ին, ուզում եմ հիշեցնել, որ այդ շարժման հաջողությունը թաքնված էր հենց «ազգ-բանակի» հղացքի մասնակի իրականացման հետ։ Այդ պահին սփյուռքի ավանդական կուսակցությունների պարագլուխները «բայղուշորեն» փորձում էին ետ պահել իրենց հայրենակիցներին ազգային-ազատագրական պայքարից, այդ թվում ամեն կերպ խոչընդոտելով սփյուռքահայ երիտասարդների հայրենիք վերադառնալուն: Նրանք նույնպես, ըստ իրենց, բանական հարցեր էին տալիս, թե ինչպե՞ս կարելի է և ի՞նչ ռեսուրսներ կան գերտերության դեմ ըմբոստանալու համար, ի՞նչ պարտադրանք կա բարձրացնելու Արցախի հարցը։1985թ. Մատենադարանում իր դոկտորական ատենախոսությունը պատրաստելիս ԼՏՊ-ն չէր կարող երևակայել, որ Սև Այգու Սև Կարապը նրան իշխանության ղեկին է նստեցնելու։ Նա այդ ժամանակ, բարեբախտաբար, դեռ չգիտեր, որ «արցախյան հարցի կարգավորման բանալիները Ռուսաստանի ձեռքում են» և որ ինքը, ընդամենը երեք տարի հետո հայտնվելու է այնպիսի փոթորկալից իրադարձությունների կիզակետում, որոնք ստիպելու են նրան հընթացս վերանայել իր ունեցած պատկերացումները Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված քաղաքական աշխարհագրության մասին։
Եվ ուրեմն հարցս ուզում եմ ուղղել իրեն, թե ինչպե՞ս կարող է ավանդական «Սահման քաջաց՝ զենք յուրյանց»-ից բացի որևէ այլ երաշխիք, այդ թվում պերմյակովներից բաղկացած խաղաղապահ զորքը, միջազգային հարափոփոխ այնպիսի պայմաններում, երբ փլուզվում է տարածաշրջանի ՝ Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով ստեղծված անվտանգային ճարտարապետությունը, ապահովել մեր սահմանների կայունությունը։ Վերջում կուզեի ասել, որ ԼՏՊ-ի ելույթում կա մի պնդում, որի հետ հնարավոր չէ չհամաձայնվել: Այո, եթե հակառակորդը պատերազմ սանձազերծի, ապա այն կորցնելու է ևս մի քանի շրջաններ: Ինչպես տեսնում ենք, քուռ-արաքսյան հանրապետության տեսլականը այնքան էլ ցնորական չի անգամ ԼՏՊ-ի կարծիքով։



Աննա ՊԱՊԻԿՅԱՆ