Անդրիաս Ղուկասյանը միացել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքին»

Անդրիաս Ղուկասյանը միացել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքին»

Այսօր տեղի ունեցավ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի» ստեղծման հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր նաեւ «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանի կինը՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը։ Նրանից հետաքրքրվեցինք, թե իր ներկայությունն ինչով է պայմանավորված, որպես անհա՞տ է ներգրավված, թե՞ ինչ-որ մեկին է ներկայացնում։ «Ես ինքս ներգրավված չեմ, ներգրավված է Անդրիաս Ղուկասյանը, նրան էի ներկայացնում ու իր կողմից լիազոր անձերից մեկն եմ։ Անդրիասը մասնակցում է «Ժառանգության» ցուցակով եւ դրանով արդեն միացել է դաշինքին»։



Ինչ վերաբերում է իր եւ Անդրիաս Ղուկասյանի կողմից ստեղծվելիք «Խաղաղություն եւ զարգացում» կուսակցությանը, Թարխանյանը մասնավորապես նկատեց. «Մենք տվյալներ եւ սպասումներ ունեինք, որ Անդրիաս Ղուկասյանը պետք է ազատ արձակվի, հավաքված փաստեր կային, եւ սպասում էինք, որ դատարանը դա լիարժեք կքննարկի եւ, հաշվի առնելով դա, կազատի Անդրիաս Ղուկասյանին, բայց դատարանը ոչ մի բան հաշվի չառավ, նույնիսկ հրաժարվեց նայել փաստերը, լսել ցուցմունքները, եւ Անդրիասը մնաց անազատության մեջ, իսկ առանց նրա գրանցել կուսակցությունը, արդեն ռեալ չէր, եւ դրա համար հետաձգեցինք, մինչեւ նոր իրավիճակ ձեւավորվի»։



Լինելով դեռ անազատության մեջ, Անդրիաս Ղուկասյանի մասնակցությունն այս ընտրական գործընթացներին ինչպե՞ս է լինելու։ «Երեւի հայտարարություններով հանդես կգա, հետո կլիազորի համապատասխան մարդկանց, որպեսզի իր կողմից թե արշավին մասնակցեն, թե հայտարարություններ անեն, եւ, իհարկե, փորձելու ենք դիմել դատարան, քննչական մարմիններին, որպեսզի իրեն ազատեն՝ գոնե այս ընթացքում, երբ տեղի է ունենալու մրցարշավը»,-ասաց Թարխանյանն ու հույս հայտնեց, որ կհաջողեն. «Միշտ պետք է հույսով մոտենալ ամեն մի հարցի»։



Թարխանյանից հետաքրքրվեցինք՝ կարելի՞ է ենթադրել, որ իր կուսակցությունը ստեղծել չկարողանալու պատճառով Անդրիաս Ղուկասյանը որոշեց միանալ «Ժառանգությանը». «2013-ի նախագահական ընտրություններից մինչ օրս Անդրիասը միշտ համագործակցել է Րաֆֆիի հետ, եւ շատ մոտ են եղել, ինչպես նաեւ «Ժառանգություն» կուսակցության հետ են համագործակցել, իրար հետ ձեւավորել են քաղաքական նոր ալյանս՝ «Նոր Հայաստան», եւ պարզ է, որ այս իրավիճակում համագործակցությունն այդպես էլ պետք է շարունակվեր։ Իսկ երբ Անդրիաս Ղուկասյանը որոշեց, որ մասնակցելու է ընտրարշավին, արդեն պարզ էր, որ եթե մասնակցի՝ կմասնակցի միայն «Ժառանգության» հետ»։



Թարխանյանը համոզված է, որ ամենաբարձր տոկոսները պետք է հավաքի դաշինքը, նախ՝ որ բոլորը մասնագիտական մեծ փորձ ունեցող եւ պրոֆեսիոնալ անձինք են, հետո՝ որ գալիս են, որպեսզի փոխեն Հայաստանը. «Մեր համոզմամբ, շատ ճիշտ ընտրված ուղու վրա են կանգնած, եւ մենք ամեն ինչ անելու ենք մեր կողմից, որպեսզի հասնենք հաղթանակի»։



Սոնա Ադամյան