Ովքեր են օպերայում խաղից դուրս եւ խաղի մեջ

Ովքեր են օպերայում խաղից դուրս եւ խաղի մեջ

Օպերային թատրոնում ինտրիգներն ավելի շատ են, քան նոր ներկայացումները։ Այս անգամ խնդիրը կապված է ոչ թե տնօրենի, գեղարվեստական ղեկավարի կամ էլ գլխավոր դիրիժորի հետ, այլ՝ սոպրանո Սիրանույշ Գասպարյանի։ Բանն այն է, որ 2016-ից հայտնվելով օպերային թատրոնում, նրան են տրվում եւ վստահվում բոլոր առաջնակարգ դերերգերը։ Իսկ դա մեծամասամբ պայմանավորված է ոչ թե նրա տաղանդով, այլ՝ կապերով։ Օպերային թատրոնում նրա անակնկալ հայտնությունը կապում են Արմեն Սմբատյանի հետ, քանի որ Սիրանույշ Գասպարյանը նախագահի խորհրդական, մշակույթի նախկին նախարար Արմեն Սմբատյանի մտերիմ ընկերոջ՝ Սոչիի մեծահարուստներից մեկի դուստրն է, ինչպես նաեւ՝ Վեհափառի հովանավորյալը։ 



Ինչ վերաբերում է գեղարվեստական ղեկավար եւ տնօրենի ԺՊ Կոնստանտին Օրբելյանին, ապա նրան ներկայացրել են աղջկան եւ հորդորել ակտիվ ներգրավել օպերային նախագծերում, ինչն էլ հիմա արվում է։ Մասնավորապես՝ հետին պլան են մղվել օպերային թատրոնի առաջնակարգ մեներգիչները, որոնց ընթացիկ դերեր են տրվում, կամ լավագույն դեպքում ստիպված են պահեստային խաղացողների կարգավիճակում սպասել իրենց հերթին։ Ավելին՝ արդեն 2-րդ անգամ թատրոնի ստեղծագործական կազմին հրապարակայնորեն հայտարարում են, որ առաջին տիկինն ու մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ցանկացել են, որ երգիչների այս կազմը երգի տվյալ ներկայացման մեջ։ Խոսքն այս դեպքում փետրվարի 17-ին խաղացվող «Տոսկա» ներկայացման մասին է, որտեղ Տոսկայի դերում ներգրավված է Սիրանույշ Գասպարյանը։ Կոլեկտիվի մի մասը կարծում է, որ առաջին տիկնոջ եւ Ամիրյանի անուններն այս էլ 2-րդ անգամ ուղղակի շահարկվում են իրենց ուզած մեներգիչներին առաջին պլանում պահելու համար։ Բայց մյուս կողմից էլ զարմանալի չէ, որ «երաժշտական պատվերները» վերին օղակներից կարող են իջեցվել նման ձեւով։ Սիրանույշ Գասպարյանին թատրոնում վստահված են ոչ միայն օպերային ներկայացումների առաջնային դերերգերը, այլեւ կառավարական եւ տարբեր տոնական համերգներում ներկայանալու գլխավոր դերերը։



Այդուհանդերձ, չթերագնահատելով սոպրանո Սիրանույշ Գասպարյանի ձայնը, որը, մասնագետների բնորոշմամբ, սուր է եւ պինդ, բայց ունի նաեւ շտկելու տեղ։ Պետք է նշել, որ օպերային երգչուհու իր կարիերան նա սկսել է շատ ուշ՝ վերջին 5-6 տարիներին, մինչ այդ ունենալով ընդամենը համերգային մի քանի կատարումներ (2012թ.՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Պուչինիի «Տուրանդոտ» օպերայի համերգային կատարում, 2013թ.՝ Մասկանիի «Գեղջկական ասպետություն» օպերայի համերգային կատարում)։ 5-6 տարվա մեներգչուհու կենսագրությունը, այնուամենայնիվ, չի խանգարել Գասպարյանին, որպեսզի իր կապերի շնորհիվ կարողանա ստանալ այնպիսի դերեր, որոնց օպերային մեներգիչները հասնում են 20 տարվա քրտնաջան աշխատանքի արդյունքում։ Մասնագետները նկատում են՝ դա է օպերային արվեստի նրբությունը, ինչքան էլ տաղանդավոր լինես, ձայնը մշակելու, հղկելու կարիք կա, իսկ դրա համար ժամանակ է պետք եւ անցնելիք ճանապարհ։



Ինչպես նշեցին՝ մեներգչուհու առաջ «խաղ չկա», եւ մոտավորապես նման վարքագծով էլ նա հանդես է գալիս թատրոնում։ Թե ինչքան ժամանակ «խաղ չկա» վիճակը կշարունակվի թատրոնում, սա այն հարցն է, որը բոլոր նշանակումների ֆոնին առավել քան մտահոգում է ամիսներ շարունակ բեմին կարոտ մնացած օպերային մեներգիչներին։ Վերջիններիս դժգոհությունն առավելապես ոչ թե Գասպարյանի անձի դեմ է, այլ տարիներ շարունակ գործող եւ խորը արմատներ գցած մի ողջ համակարգի, որն ում ուզենա, երբ ուզենա, կարող է նշանակումներ անել՝ լինի դա երաժշտական դպրոց, թե հսկայական երաժշտական հաստատություն։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ