Կարգադրել են մերժել դիմումները

Կարգադրել են մերժել դիմումները

Շուտով կլրանա ապրիլյան պատերազմի մեկ տարին, եւ նրանք, ովքեր հրաշքով ողջ մնացին ու ետ եկան, կշարունակեն պայքարել՝ այդ կռվին իրենց մասնակցությունն ապացուցելու համար: Պատերազմի ծանրությունն իրենց ուսերին տարած երիտասարդ զինվորները, որոնց ականջներում դեռ չեն լռել մարտադաշտի ահեղ ձայները, ըստ անմեկնելի տրամաբանության, կամ ստում են, կամ գլուխ գովում, թե կռվել են պատերազմում:



Աստիճանաբար զավեշտի է նմանվում քառօրյային մասնակցած զինվորների նկատմամբ պետության ու բանակի կամայական վերաբերմունքը: «Ապրիլյան պատերազմին մասնակցել են միայն զոհվածնե՞րը» հոդվածով «Հրապարակն» անդրադարձել էր Ջաբրայիլում մարտական գործողություններին մասնակցած հակատանկային գումարտակի զինվոր Գեղամ Գաբրիելյանին, ում զինգրքույկում այդ մասին հրաժարվում են գրել: «Ստացվում է, թե տղաս չի՞ կռվել»-հարցնում է Գեղամի հայրը՝ Մնացական Գաբրիելյանը:



Էջմիածնի զինվորական կոմիսարիատից օրերս Մնացականին հրավիրել եւ ՀՀ կենտրոնական զինկոմիսարիատից ստացած մի ցուցակ են ներկայացրել, որում իր որդու անունը չի եղել: «Գրանցման բաժնում Գրիգորյան ազգանունով մեկն ասաց, որ մարտական գործողություններին այդ երեքն են մասնակցել, իսկ իմ տղան միայն մարտական հերթապահություն է իրականացրել: Եթե տղաս հակատանկայինում է ծառայել եւ 100 օր դիրքերից չի իջել, ո՞նց կարելի է հավատալ, թե նրան խնայել ու միայն հերթապահություն են վստահել: Բա ոտքի բեկորային վնասվածքը որտե՞ղ է ստացել»:
Էջմիածնի զինկոմիսարիատում Մնացական Գաբրիելյանին եւ մյուս ծնողներին ասել են նաեւ, որ այլեւս դիմումներ չգրեն, որովհետեւ իրենք դիմումներ չընդունելու կարգադրություն են ստացել վերեւներից:



Նկատենք, որ Գեղամ Գաբրիելյանը ԵՊՀ ուսանող է: Եթե մարտական գործողություններին նրա մասնակցության մասին ամրագրվի զինգրքույկում, ուսման վարձը կիսով չափ կզեղչվի: «Ես հողագործ մարդ եմ, աշխատանքից չեմ վախենում, պատրաստ եմ գիշերներն էլ աշխատել ու տղայիս ուսման վարձը տալ: Հարցը փողի մեջ չէ: Ես արդարություն եմ պահանջում: Եթե պիտի չգրվի, ուրեմն թող ոչ մեկինն էլ չգրվի, թե չէ էս ի՞նչ ջոկողություն է»:



Մնացական Գաբրիելյանի կարծիքով, այս «թյուրիմացությունը» գալիս է հրամկազմից: «Կամ դիտավորություն է, կամ թափթփվածություն»,- ասաց նա: Պատրաստվում է խնդրով դիմել ՄԻՊ գրասենյակ:




Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ