Տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, քան «նախընտրական բանդիտիզմ». Ստեփան Մարգարյանը այցելել էր տուժածներին

Տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, քան «նախընտրական բանդիտիզմ». Ստեփան Մարգարյանը այցելել էր տուժածներին

Ջրառատ գյուղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով Էրեբունի ԲԿ են տեղափոխվել թվով 3 երիտասարդ, քիչ առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է ԲԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը: 17-ամյա Արայիկ Մելքոնյանը նախաբազկի կոտրվածք է ստացել, այս պահին վերջինս գտնվում է հիվանդասենյակում: Վերջինիս տեսակցել է «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը, ով գործընկերոջ՝ Էլինար Վարդանյանի հետ քիչ առաջ գտնվում էր հիվանդանոցում: «Շատ չենք մանրամասնել իր հետ, որովհետև մարդը կոտրվածքով բանով պառկած է: Ուղղակի մենք իրեն առողջություն ցանկացանք և ասացինք, որ կհետևենք այս ամեն ինչին: Չենք ցանկանում, որ խառնվենք այս գործողություններին, թող քննիչները գան, խառնվեն».- ասաց Ստեփան Մարգարյանը՝ հավելելով, որ իրենք այս միջադեպով դեռ իրենց պատասխանը կհնչեցնեն:



«Մենք հայտարարություն կանենք գնահատականով, հանրությանը կդիմենք, հանրությունը նույնպես պետք է գնահատական անի: Երբ որ դեպքը լինում է նախընտրական հանդիպման ժամանակ, երբ որ տեղական իշխանության մարմնի ղեկավարը՝ գյուղապետը, ինքն է սադրում և ինքն է դա ղեկավարում, ի՞նչ անուն տալ դրան, եթե ոչ դաշինքի դեմ ուղղված քայլ: Ուրիշ տեղ նման բան դեռևս չի պատահել, բարեբախտաբար: Բայց պատահել են ուրիշ բաներ, մենք հայտարարել էինք այդ մասին, որ եղել են մարդիկ, ովքեր ցուցակում են եղել, ճնշումներ էին գործադրում նրանց վրա՝ ինքնաբացարկ տվեք կամ աշխատանքը ձեր: Եղել են շտաբներ, որտեղ ստիպել են մարդկանց, որ գնան վարձակալած շտաբները հետ վերցնեն: Այդպիսի դեպքեր ենք ունեցել, հետևաբար՝ սա համակարգված բնույթ է կրում արդեն: Եվ ոստիկանության տարածած հաղորդագրությունը, թե իբր հերոսաբար ինչ-որ մեկն օդ է կրակել և փրկել է իրավիճակը, փաստորեն դա այդպես չի, դա եղել է դիտավորյալ վախեցնելու նպատակով (նախորդ դեպքը նկատի ունի.- հեղ.): Հիմա սա այդ օրվա իշխանությունների հետևություններ չանելու հետևանքն է և այսօր տեղի ունեցավ այս դեպքը»:



Արդյոք Երանոսյանները, ում անունը շոշափվում է այս միջադեպերի հետ կապված, պատասխանատվություն կրելո՞ւ են հարցին՝ Ստեփան Մարգարյանը պատասխանում է, որ պատկան մարմիններն ամեն դեպքում խոստացել են. «Երբ որ մենք գնացինք առաջին դեպքի օրը ոստիկանություն, երբ բերման էին ենթարկվել 4 հոգի և մեկն էլ կամավոր էր ներկայացել, հենց այս տղան էր կամավոր ներկայացել, ով հրազենային վնասվածք ունի հիմա, մենք հարցրինք՝ իսկ ո՞ւր է զենք ունեցողը՝ կրակողը, և արդյո՞ք նրանց նկատմամբ ևս կիրառվելու են քննչական գործողություններ: Մեզ խոստացան, որ ում անունները հնչելու են, կճշտեն իրենց գործողությունների ժամանակ, բոլորն անցնելու են նվազագույնը քննչական գործողություններով: Պարզվում է, որ դեռ չեն անցել: Ջրառատ գյուղում եթե կրակոց չկա հիմա, չի նշանակում, թե լարված չի, բնականաբար լարված է: Հիմա տեղեկություն ունենք, որ ոստիկանությունն է և շրջափակված է, չգիտեմ»:



Նշենք, որ Ջրառատ գյուղից տեղափոխվել է 3 վիրավոր՝ Արայիկ Մելքոնյանը, Մելիք Մելքոնյանը եւ Հակոբ Մելքոնյանը: Տուժածներից Արայիկ Մելքոնյանը՝ ծնված 2000թ-ին հիվանդանոց է տեղափոխվել նախաբազուկի կոտրվածքով: Նա արդեն իսկ գտնվում է հիվանդասենյակում: Երկրորդ անձը Հակոբ Մելքոնյանն է՝ ծնված 1990 թ-ին: Նա ձախ ոտնաթաթի հրազենային վնասում  է ստացել և ձախ կոնքային շրջանում է ստացել վնասվածք: Իսկ երրորդը Մելիք Մելքոնյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել աջ և ձախ նստատեղերի կտրած-ծակած վերքերով:«Վերջին երկուսին այս պահին առաջին վիրաբուժական մշակում է արվում, որից հետո նրանց կտեղափոխեն հիվանդասենյակ»,-ասել է Միքայել Մանուկյանը: Ի դեպ, ջրառատացիները «Հրապարակի» թղթակցին հայտնել էին նաեւ, որ վիրավորների մեջ է նաեւ փոխոսիկանապետ Լեռնիկ Երանոսյանը, սակայն նա «Էրեբունի» հիվանդանոցում չի գտնվում:



Ստեփան Մարգարյանը տեղեկացրեց, որ այս պահին դաշինքի ներկայացուցիչներիվժց Սեյրան Օհանյանը գտնվում է Սյունիքի մարզում, վերջինիս հետ դեռ չի խոսել և տեղեկություն չունի՝ արդյոք նա այս միջադեպի առիթով զրուցե՞լ է իշխանության ներկայացուցիչների հետ, թե ոչ:



Ստեփան Մարգարյանը պատմեց նաև, որ իրենց տեղեկություններով՝ միջադեպից առաջ փորձել են «նեղել» դպրոցական16 տարեկան տղային, որի թևը «լոմով» վնասել են և նա այժմ վիրահատության կարիք ունի: Վերջինիս խոսքերով՝ զանգել են բարեկամներին, ասել, որ ճնշում կա. «Բարեկամները եկել են, և գյուղապետարանից դուրս է եկել մի ամբողջ բանդա՝ զինված լոմերով, ավտոմատով և դանակներով: Տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, քան «նախընտրական բանդիտիզմ»»: