Մոսկվայում հայ խոշոր բիզնեսմեն է սպանվել

Մոսկվայում հայ խոշոր բիզնեսմեն է սպանվել

Մոսկվայում երեկ երեկոյան սպանվել է հայազգի խոշոր գործարար Ալեքսանդր Բաղիրյանը: Վերջինս «Ինպրոմսերվիս» ընկերության և մոսկովյան առևտրի կենտրոններից մեկի սեփականատեր էր, 61 տարեկան: Ինչպես հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը», Բաղիրյանը սպանվել է իր գրասենյակի մոտ: Ըստ հրապարակման, երեկ՝ ապրիլի 19-ին, ժամը 21.00-ին, 61-ամյա Բաղիրյանը անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ դուրս է եկել բիզնես-կենտրոնից, երբ կրակոցներ են հնչել: Գործարարի ուղղությամբ արձակվել է առնվազն 5 փամփուշտ: Կրակողը Բաղիրյանի նախկին գործընկերն է եղել, որին գործարարը շուրջ 3 միլիոն դոլար պարտք է եղել: Տղամարդը եկել է Բաղիրյանի գրասենյակ, սկզբում կողմերը հանգիստ զրուցել են, նա խոստացել է վերադարձնել պարտքը: Սակայն երբ տղամարդիկ դուրս են եկել փողոց և շարժվել են իրենց ավտոմեքենաների ուղղությամբ, Բաղիրյանը հրաժարվել է իր խոսքից՝ ասելով, որ չի պատրաստվում որևէ գումար վերադարձնել:



Այնուհետև տղամարդը կրակ է բացել «Մակարով» տեսակի ատրճանակից: Ըստ շրջանառվող լուրերի, Ալեքսանդր Բաղիրյանի բիզնես գործերը լավ չէին ընթանում, և նա հայտնվել էր պարտքերի մեջ: Մյուս կողմից էլ շրջանառվում են լուրեր, որ Բաղիրյանի մտերիմները նախազգուշացրել են, որ նման ելք է հնարավոր իր պահվածքի պատճառով, ինչպես նաեւ այն պատճառով, որ շատ չկամներ ունի հասարակության մեջ:



Ոստիկանությունը պարզել է, որ սպանության զենք հանդիսացող ատրճանակը մարդասպանի մոտ է մնացել դեռ իննսունականներից, երբ գործարար աշխարհում նմանատիպ սպանությունները հարցեր լուծելու սովորական եղանակ էին հանդիսանում Ռուսաստանում: Հայտնի է նաեւ, որ մարդասպանն ու Բաղիրյանը Մերձմոսկովյան շրջաններից մեկում ապակե տարաների ոչ մեծ գործարան են ունեցել: Ի դեպ, անցյալ տարի Մոսկվայի քաղաքային իշխանությունները հողի վարձակալության վճարի թերի վճարումների համար դիմել են դատարան, շահել հայցը եւ Բաղիրյանը տուգանվել է տասնմեկ միլիոն ռուբլով: