Թաթոյանը վառ երևակայություն ունի, իրազեկ չէ և զգացմունքային է

Թաթոյանը վառ երևակայություն ունի, իրազեկ չէ և զգացմունքային է

Օմբուդսմեն Արման Թաթոյանի արտահերթ զեկույցը՝ 2016 թ․ հուլիսյան իրադարձությունների, «Սասնա ծռերի» հետ կապված, հիասթափեցրեց թե հանրային ակտիվիստներին, թե ոստիկանությանը։



Մի խումբ ակտիվիստներ Թաթոյանի ասուլիսի ժամանակ ներս մտան եւ Լեռնիկ Երանոսյանի ու եղբոր, աչքը հանած ցուցարարի, Թաթոյանի նկարները փակցրեցին սեղանին, նաեւ գրություն՝ «ՀՀԿ իրավունքների պաշտպան»։ Նրանք ուժի կիրառման արդարացման շեշտեր էին լսել ՄԻՊ զեկույցում։ Ոստիկանությունն էլ իր պատասխանում կծու որակումներ տվեց օմբուդսմենին․ «Զեկույցում տեղ գտած առանձին մտքեր, ձեւակերպումներ ու եզրահանգումներ զուրկ չեն զգացմունքայնությունից եւ վառ երեւակայությունից»։ Մեղադրում են նրան անիրազեկության, էպատաժային ձեւակերպումներ անելու մեջ։ Եվ այստեղ էլ, ինչպես ՊՊԾ գնդի գրավման օրերին, վստահ ենք, որ ոստիկանությունն ինքնուրույն չի որոշել պատասխանել Թաթոյանին, գրությունը համաձայնեցված է ՀՀ վերին ատյանի հետ։



Թաթոյանի թիրախում ոստիկաններն են



Պետք է ընդունել, որ Արման Թաթոյանի զեկույցում գլխավոր մեղավորը, իրոք, ոստիկանությունն է։ Տպավորություն է ստեղծվում, որ «Սասնա ծռերի» դիմադրության օրերին երկրում չկար բարձրագույն ղեկավարություն՝ նախագահ, Ազգային ժողով, վարչապետ, այլ կար մի մարմին՝ ՀՀ ոստիկանությունը, որ կարող է թվալ, որ ոչ թե ոստիկանության ստորաբաժանման վրա է հարձակում եղել, այլ ոստիկաններն են փորձել գրավել քաղաքացիների «գունդը»։ Թաթոյանն իր զեկույցի առանձին գլուխներում պաշտպանում է քաղաքացիների՝ ազատ հավաքներ անցկացնելու, անձնական ազատության իրավունքը, անազատության մեջ գտնվողի իրավունքները։ Այս անգամ Թաթոյանն արել է այն, ինչ չէր անում, եւ ինչը պարտադիր է ՄԻՊ-ի համար՝ արտահայտել է իր վերաբերմունքը։ «Քաղաքացիական ակտիվիստներին բռնության, այդ թվում՝ խոշտանգման ենթարկելու, նրանց արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք դրսեւորելու վերաբերյալ տեղեկություններն արագ տարածվեցին եւ հասարակությունում ստացան խիստ արձագանք: Դրանք ակնհայտորեն նպաստեցին առանց այն էլ լարված իրավիճակի սրմանը: Նման տեղեկություններն էին, որ նպաստեցին ոստիկանության եւ, ընդհանրապես՝ իրավապահ ու արդարադատության համակարգի հանդեպ վստահության կտրուկ նվազմանը»,- գրում է ՄԻՊ-ը։ Նա արձանագրում է լրագրողներին թիրախավորելու դեպքեր, որ տեղի ունեցան «բռնությամբ ուղեկցվող հավաքներ, որոնց ընթացքում ոստիկանության կողմից թույլ տրվեցին խաղաղ հավաքների ազատության եւ անձնական ազատության իրավունքների խախտումներ, ցուցարարների նկատմամբ խոշտանգման եւ վատ վերաբերմունքի գործադրում, թույլ տված խախտումների հետեւանքով հասարակությունում ստեղծվեց լարվածության մթնոլորտ», ոստիկանների կողմից ապօրինաբար բաժիններ բերման ենթարկելու դեպքեր։ Նկատենք, որ անուններ չեն նշվում։ «Հավաքը, ընդհանուր առմամբ, իր բնույթով խաղաղ էր, թեեւ զինված խմբի գործողություններին սատարելու մասին հայտարարությունը խնդրահարույց էր», - եզրակացնում է ՄԻՊ-ը։



«Պաշտպանը տարրական պատկերացում չունի»



Իհարկե, սա չէր կարող դուր գալ ոստիկաններին, բայց լռելու եւ ՄԻՊ արձագանքն ի գիտություն ընդունելու փոխարեն ոստիկաններն անցել են հակահարձակման։ Թաթոյանին մեղադրում են պոպուլիզմի, ոստիկանության մոտեցումները չներկայացնելու մեջ։ ՄԻՊ-ը, ըստ Վլադիմիր Գասպարյանի, «մոռացել կամ նպատակահարմար չի գտել» անդրադառնալ ՊՊԾ գունդը գրավելու իրական նպատակներին, որն ամբողջ երկրով մեկ ապստամբության հրահրումն էր։ «Համազգեստ կրող ոստիկանները, որոնք չէին աջակցի ապստամբությանը, համարվում էին ապստամբության թիրախ եւ ենթակա էին չեզոքացման»,- պատասխանում է նա Թաթոյանին, որը թերագնահատել է այն, որ կազմակերպվում էր պետական հեղաշրջում։ «ՀՀ ոստիկանության կողմից իրականացված բոլոր միջոցառումները, այդ թվում՝ ՀՀ ԱԱԾ հետ համատեղ, հանդիսացել են հակաահաբեկչական գործողություններ», բայց այս մասին հատուկ չէր նշվում, որովհետեւ, «ելնելով օպերատիվ-տակտիկական նկատառումներից», միջոցառման հակաահաբեկչական բնույթը չէր հրապարակվում։ Մի խոսքով, ոստիկաններն ահաբեկիչներ են անվանում «Սասնա ծռերին» ու մեղադրում են ցուցարարներին իրենց հետ չհամագործակցելու համար։ «Պաշտպանը տարրական պատկերացումներ չունի եւ, բնականաբար, չէր էլ կարող ունենալ օպերատիվ-հետախուզական այն տեղեկությունների բովանդակային լրջության մասին, որոնք կանխորոշել են ոստիկանության կողմից ընդունված հիմնական որոշումները, մասնավորապես` հավաքների ազատության սահմանափակումների մասով»: Մի խոսքով, ոստիկաններն արդարանում են ու, ինչպես կարող են, սեւացնում են պաշտպանին, որը, ինչպես հայտնի է, ամենաթույլ օղակն է Հայաստանում։ Ոստիկանությունն իրեն իրավունք է վերապահում սպառնալ օմբուդսմենին։ «Իրավապաշտպան գործունեությունն անհամեմատ կշահեր, եթե քաղաքացիների իրավունքների սահմանափակումների եւ դրանց հետ կապված փաստական հանգամանքների մասին տեղեկությունները տրամադրվեին Հատուկ քննչական ծառայությանը, իսկ եթե տրամադրվել են` ոստիկանությունը պաշտպանի էպատաժային ձեւակերպումներին մանրամասն կարձագանքի նախաքննության ավարտից հետո»: Վլադիմիր Գասպարյանի կառույցը որոշել է, որ Թաթոյանն անտեղյակ է, չգիտի, որ լրագրողների դեմ բռնության դեպքերով 4 անձ է ազատազրկվել, մեկը միայն տուգանվել է, իսկ երեքի նկատմամբ քննությունը դեռ ավարտված չէ։ «Ոստիկանության դեմոնիզացմանը տուրք տալու տրամադրությունը, այնուամենայնիվ, խոսում է զեկույցի միակողմանիության, կոնկրետ դեպքերով պայմանավորված՝ մեր հասարակության անվտանգության ապահովման եւ մարդկանց հիմնարար իրավունքների պաշտպանության անհրաժեշտության հարցերի վերաբերյալ հավասարակշռված վերլուծություններ կատարելու անընդունակության մասին»: Մի խոսքով, զեկույցը հիասթափեցրել է Վլադիմիր Գասպարյանին։



օմբուդսմենն առաջարկում է, իշխանությունը՝ հերքում



ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանին ոստիկանության այս արձագանքը չի զարմացրել։ Նա մեզ հետ զրույցում հիշեցրեց, որ ուժայինների կողմից իրեն տրված պատասխանների համեմատ այս մեկը նույնիսկ կարելի է մեղմ համարել։ «ՄԻ բոլոր պաշտպաններին էլ ուժայինները պատասխանում էին ավելի կոպիտ, քան այս անգամ։ Սա ամենամեղմ պատասխանն էր»,- ասում է նա։ Իրավունք ունի՞, առհասարակ, ոստիկանությունը նման որակումներ տալու օմբուդսմենին։ «Սա իրավունքի խնդիր չէ, սա ընկալման խնդիր է։ Մեզանում ամեն մի մարմին, որին անդրադառնում է ՄԻՊ-ն իր զեկույցի ժամանակ, իր պարտքն էր համարում նախ հերքել նրան, երկրորդը՝ արտահայտել իր անհամաձայնությունը, եւ այս անգամ այդ արձագանքը, երեւի, ամենամեղմն էր։ Իսկ ՄԻՊ օգտագործած բանաձեւերը շատ կոռեկտ էին։ Այդ կոռեկտության աստիճանից էլ մյուս կողմը կարող է արտահայտել իր դժգոհությունը»։ Ձեզ չթվա՞ց, որ Թաթոյանը կարող էր կոնկրետ անուններ նշել, բայց խուսափել է դրանից։ «Ոճը ՄԻՊ-ի ընտրությունն է։ Պաշտպանները փորձում են պահել միջին ոսկյա աստիճան, որից երկու կողմերն էլ դժգոհ են լինում։ Ես սպասում եմ այն ժամանակին, որը, կարծում եմ, գալու է, երբ որ փոփոխությունները գան ոչ միայն ՄԻՊ, այլեւ ոստիկանության կողմից, որը կընդունի սխալներն ու կառաջարկի դեպքերը կանխարգելելու ձեւեր, մեթոդներ, որոնք կօգնեն կանխել մեր իրականության մեջ հանդիպող խայտառակ դեպքերն ու երեւույթները։ Թե չէ՝ ամեն անգամ ստացվում է, որ օմբուդսմենը կամ իրավապաշտպաններն առաջարկում են, իսկ իշխանությունն իր պարտքն է համարում հերքել»։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ