Ուկրաինայից հետո Հայաստանից է կախված լինելու՝ միութենական պետություն կկառուցվի՞, թե՞ ոչ

Ուկրաինայից հետո Հայաստանից է կախված լինելու՝ միութենական պետություն կկառուցվի՞, թե՞ ոչ

Հարցազրույց ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ

- Պարոն Բաբայան,  ի՞նչ դիտարկումներ ունեք Ուկրաինայում ընթացող պատերազմական գործողությունների վերաբերյալ, ինչպիսի՞ պատերազմ է Ռուսաստանը վարում, Արեւմուտք-Ռուսաստան հարաբերությունների այս ծայրահեղ լարվածությունն ինչպե՞ս կհանգուցալուծվի եւ ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի վրա:

- Պատերազմը, ի վերջո, կավարտվի Ռուսաստանի օգտին, ՌԴ-ն իր ձեւակերպած, իր առջեւ դրված խնդիրը հաստատապես լուծելու է՝ ապառազմականացնելու է Ուկրաինան ընդհանրապես:  Ըստ իս՝ Ռուսաստանը մի փոքր շտապում է, եթե պետք է մի հինգ օրում գային Լուգանսկն ու Դոնբասը վերցնեին, հասնեին Մարիուպոլ, հետո նոր առաջ շարժվեին, ես համարում եմ, որ ամեն ինչը համատեղ են արել, մեծ հաշվով լուրջ թերացում չի, բայց ես կարծում եմ, որ արագ են արել: Սպասենք-տեսնենք՝ այսօր (երեկ) Մարիուպոլի հարցն ավարտո՞ւմ են, թե՞ ոչ, դրանից հետո կարծում եմ, որ զորքն ավելի արագ է առաջ գնալու։ Գուցե մարտի 2-ին չավարտվի, ավարտվի 9-10-ին, բայց ավարտելու են հօգուտ իրենց, Ուկրաինան այլընտրանք չունի, Ռուսաստանը որքան էլ կորուստներ ունենա, միեւնույն է, լուծելու է իր խնդիրը:
Թե ինչպես կանդրադառնա մեր տարածաշրջանի եւ հատկապես Հայաստանի վրա, ակնհայտ է, որ Ուկրաինայում ամեն ինչ ավարտելուց հետո զբաղվելու են մեր տարածաշրջանով: Ադրբեջանը Թուրքիայի հետ մեկտեղ փորձեց միջնորդ դառնալ, այսօր էլ Ադրբեջանի թե՛ բանակից, թե՛ քաղաքացիական հատվածից կոչ են անում ադրբեջանցիքին՝ մասնակցել դրան, որովհետեւ հասկանում են, որ Ուկրաինայից հետո իրանցով են զբաղվելու:

- Նկատի ունեք միութենական պետությո՞ւն է ձեւավորվելու, թե՞ նոր սովետ:

- Գիտեք՝ սովետ չի դա: Ռուսաստանը գերտերություն է եւ այդ կարգավիճակը պահպանելու համար պետք է մի 300 միլիոնանոց շուկա ունենա, իսկ Սովետմիության տարածքը, որ ասում եք՝ Մոլդովիա, Ուկրաինա, Բելառուս, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան եւ Կենտրոնական Ասիան ուղիղ այդ 300 միլիոնն են: Կարծում եմ՝ տնտեսական միություն են ձեւավորելու ու բոլորին մտցնելու մեջը: Երկրորդ․ ՆԱՏՕ-ն մոտ չգա այդ տարածքներին, երրորդ․ Եվրոպայի այն տարածքներում, որն իր համար վտանգ է ներկայացնում՝ Պոլշան, Ռումինիան, այս տեղերից էլ հրթիռները հանեն: Ոմանք ասում են, թե չի հանի, ես էլ ասում եմ՝ դե, կտեսնեք, կստանան նման հրթիռների համակարգ Բելոռուսիայում, Ուկրաինայում, Մոլդովայում, իսկ Լատինական Ամերիկայի պետություններում էլ, չի բացառվում, նույն ձեւի ԱՄՆ-ն ստանա էդ ռուսական հրթիռների համակարգը:

- Հայաստանն ի՞նչ պետք է անի այս իրավիճակում:

- Մենք ունենք երկու ճանապարհ՝ ընդգրկվում ենք այդ շարքի՞ն, թե՞ Ադրբեջան-Թուրքիա բանակցություններում Ղարաբաղի խնդիր ենք լուծում, տարածաշրջանում ապաշրջափակում ճանապարհներ եւ դառնում որպես խաչմերուկ։ Ո՞րն ենք ընտրում, ո՞ր ճանապարհով ենք գնում։ Իմ կարծիքով, մոտ ժամանակներս մեր պետության քաղաքական ղեկավարությունը պարտավոր է լինելու այդ հարցերին պատասխանել:

- Իսկ Դուք ո՞ր ճանապարհի կողմնակիցն եք:

- Ես համարում եմ, որ Արցախի հարցում միանշանակ անկախություն պետք է լինի, պետք է բանակցել Ադրբեջանի հետ։ Եթե ոչ, ապա պետք է խոսել Ռուսաստանի հետ: Ամեն ինչ կախված է մեր ազգային խնդիրներից, ում հետ ենք կարողանում ճիշտ խոսել, ճիշտ լուծում գտնել, ով է պատրաստ մեր խնդիրը լուծել, որ մենք էլ մեր քայլը ճիշտ ընտրենք: Այսպես թե այնպես՝ Ձեր ասած սովետը չի ստեղծվում, ստեղծվում է շուկա, որը մեզ էլ է պետք:

- Իսկ ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները չե՞ն մեկուսացնում այդ պետությունը, տնտեսական դժվարություններ չե՞ն լինելու:

- Դեռ հարց է՝ այդ սանկցիաները մինչեւ վերջ կիրառելո՞ւ են, թե՞ ոչ: Եթե երեկ նկատել եք, երբ ՌԴ ղեկավարն ասաց, որ մարտական գլխիկները լիցքավորեք ու շրջեք դեպի հարեւանի կողմը, որտեղից վտանգ է գալիս, երեկոյան ամերիկացիները հայտարարեցին՝ կներեք, մենք ի՞նչ ենք արել, որ դեպի մեր կողմն եք ուղղում… Սա ի՞նչ է նշանակում: Դե, մի պահ պատկերացրեք՝ ինչ կարող է լինել։ Կարող են, չէ՞, այդ պետությունները հետ կանգնել սանկցիաների սպառնալիքներից։ Իհարկե։ Այնպես որ, ոչինչ դեռ չի կարելի պնդել:
Ոչ մի պետություն չի գնա իր անվտանգության դեմ: Կրկնում եմ՝ Ռուսաստանն իր առջեւ խնդիր է դրել եւ իրագործելու է: Նա երեք կետ է դրել, կարդացեք այդ կետերը եւ տեսեք, որ իր գործողությունները դրան հասնելուն են միտված: Վերջ:
Առաջին կետն այն է, որ 1997 թվականից սկսած, ՆԱՏՕ-ն որտեղ եղել է, վերադառնա այդ կետում, առաջ չկարողանա գնա։ Սովետական այդ տարածքում չի կարող ՆԱՏՕ-ի զորք լինել՝ երկուս, եւ երրորդը՝ Եվրոպայի ընդհանուր անվտանգության խնդիր լուծել։ Վերջ։ Ինքը գնալու է դրան:

- Այսինքն, Ռուսաստանի կղզիացման, մեկուսացման հեռանկար չկա՞:

- Գիտեք՝ մենք միշտ թերագնահատում ենք մեր աշխարհագրական դիրքը, Ուկրաինայից հետո Հայաստանից շատ բան է կախված լինելու բոլոր առումներով՝ միութենական պետություն կկառուցվի՞, թե՞ չի կառուցվի, ի՞նչ դիրքորոշում է ունենալու Հայաստանը, ի՞նչ դիրքորոշում է ունենալու Ադրբեջանը, ինչքանո՞վ է երկխոսելու Հայաստանի հետ:

- Հիմա մեր իշխանություններն անորոշ լռություն են պահպանում, սա նորմա՞լ է:

- Ես տեղյակ չեմ՝ ինչ դիրքորոշում ունեն:

- Ադրբեջանը քայլեր է անում, որոնց մասին Դուք էլ խոսեցիք, Վրաստանը հայտարարեց, որ չի միանա ՌԴ-ի դեմ սանկցիաներին, իսկ Հայաստանից ձայն չկա:

- Միգուցե ներքին կարգով են խոսում իրար հետ, ես չգիտեմ: