Մուրադ Փափազյանը դատի է տվել ԱԱԾ-ին

Մուրադ Փափազյանը դատի է տվել ԱԱԾ-ին

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Ազգային անվտանգության ծառայությանը՝ պահանջով, որ դատարանը պարտավորեցնի ԱԱԾ-ին ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից Փափազյանի տվյալները հանեն։

Հիշեցնենք, որ  Մուրադ Փափազյանը ընտանիքի հետ 2022թ հուլիսի 14-ին ժամանել էր ՀՀ, սակայն «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցման կետում իրավասու աշխատակիցները չէին թույլատրել վերջինիս մուտքը Հայաստան՝ միայն պատճառաբանելով, թե ինքն ընդգրկված է Հայաստանի համար անցանկալի անձանց ցուցակում։ Մուրադ Փափազյանը ստիպված եղավ նույն օրն ընտանիքի հետ վերադառնալ Ֆրանսիա։ Ընդ որում, Մուրադ Փափազյանի մուտքը մինչ այդ արգելված էր Թուրքիայում և Ադրբեջանում։ Փափազյանի մուտքը Հայաստանը արգելելուց բավականին երկար ժամանակ հետո միայն Հայաստանի իշխանությունները որոշեցին ինչ-որ ձևով հիմնավորել այդ քայլը։

Վարչապետի աշխատակազմի պարզաբանման համաձայն՝ պատճառը այն է եղել, որ Փափազյանը իբր կազմակերպել է Ֆրանսիայում Փաշինյանի ավտոշարասյան վրա հարձակում․ «Տվյալ անձը հանդիսանում է նախորդ տարվա հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը: Ավտոշարասյան ուղղությամբ նետվել են տարբեր իրեր, առարկաներ: Վարչապետի՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոմեքենան ենթարկվել է հարձակման, և ստեղծված իրավիճակը հաղթահարվել է միայն ֆրանսիական ոստիկանության և անվտանգության ուժերի ջանքերի արդյունքում: Այդ մասին վկայող տվյալներ հրապարակվել են տարբեր լրատվամիջոցների կողմից, իսկ տեսանյութերն առկա են նաև համացանցում: Ոչ միայն Ձեր կողմից նշված անձի, այլև հարձակման ակտիվ մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է: Ընդ որում, Հայաստանի Հանրապետությունը որևէ վերապահում չունի խաղաղ ակցիաների որևէ մասնակցի նկատմամբ: Իսկ հարձակումների կազմակերպիչների և մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետություն՝ օրենքով սահմանված կարգով արգելվել է»։ 

Փափազյանը, սակայն, հերքել էր այս հայտարարությունը՝ ասելով, որ ինքը այդ ցույցը չի կազմակերպել և ներկա էլ չի եղել դրան․

«Ամեն օր այս կառավարությունը սուտ կխոսի ժողովուրդին ու հայության առաջ։ Ես պաշտոնապես կհայտարարիմ, որ կապ չունիմ, չեմ կազմակերպած այդ ցույցը և ներկա չէի այդ ցույցին։ Եթե իրենք փաստեր ունին, թող ներկայացնեն իրենց փաստերը, թող փաստերը հրամցնեն ժողովուրդին, բայց չունին, որովհետև ես ներկա չէի այդ ցույցին։ Ուրեմն չեն գիդեր, թե ինչպես մեջեն ելնեն, հավանաբար վաղը-մյուս օր մեկ այլ պատճառ մը պիտի ներկայացնեն, և այդպես պիտի շարունակվի։ Իրենք պատրվակներ կփնտրեն, իրենց ասածները սուտ են ու սխալ են, և իրենք պարտավոր են այսօր փաստերը ներկայացնել»,- ասել էր Փափազյանը։ 

Նշենք, որ վարչական դատարանը վարույթ է ընդունել Փափազյանի հայցը, նրա ներկայացուցիչներն են «Հայաստան» դաշինքի պատգամավոր, դաշնակցական Արծվիկ Մինասյանն ու իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը, հայցը դատավոր Հրաչ Այվազյանի վարույթում է։