ՈՒՖԱՌ շրջանավարտների ասոցիացիան իր անհամաձայնությունն է հայտնում առանձին շրջանավարտների հայտարարությունների վերաբերյալ

ՈՒՖԱՌ շրջանավարտների ասոցիացիան իր անհամաձայնությունն է հայտնում առանձին շրջանավարտների հայտարարությունների վերաբերյալ

Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտն այսօր հրավիրված  մամուլի ասուլիսին հայտարարեց, որ բուհը 2011 թվականից ապօրինի է տրամադրում հայկական պետական դիպլոմները, քանի որ չունի պետական հավատարմագրում։ Բացի այդ՝ համալսարանը իր շրջանավարտներին չի տրամադրում օրենքով սահմանված հայկական դիպլոմի ներդիրը (հավելվածը) և յուրաքանչյուր տարի ընդունում է ՀՀ օրենսդրությանը և միջազգային պայմանագրերին հակասող ներքին կարգ։

Հաշվի առնելով, որ համալսարանը Հայաստանում գործում է 2000 թվականից, առնվազն 20 անգամ X քանակությամբ կամ մի քանի հարյուր հայ ուսանող ունի հայկական պետական ապօրինի դիպլոմներ։ Այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ համալսարանից․ ռեկտորատից, պրոռեկտորի մոտից չպատասխանեցին, իսկ կոմունիկացիայի բաժնի աշխատակիցը հայտնեց, որ մեղադրանքներին կանդրադառնան մամուլի հաղորդագրությամբ, որը ի դեպ, խոստանում էին հրապարակել առաջիկայում։ Սակայն խոսքը օրերի մասին է։

Անհայտ է, թե ինչու Հայաստանի ամենաբարձր վարձավճարն ունեցող բուհերից մեկը վայրկյան առաջ չի շտապում հերքել կամ գոնե պարզաբանումներ տալ։ Նաև ասել, որ եթե ամեն ինչ ճիշտ է,   որևէ մեկը պատասխանատվություն կրո՞ւմ է բուհի «20 սերունդ» առանց հայկական պետդիպլոմ շրջանավարտների համար։ 

Դիմեցինք նաև Կրթության նախարարություն, որտեղից խոստացան պատասխանել միայն գրավոր հարցման դեպքում և կրկին՝ ոչ այսօր, քանի որ պատասխանի վրա աշխատելու են մի քանի վարչություններ։ Մեզ նաև հետաքրքրում է, թե  Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել նախկինում, նաև 2018-ի ապրիլից հետո այս վիճակը շտկելու համար։ Ինչպես նաև այն, թե  այս իրավիճակի համար նախարարությու՞նը, թե բուհն ունի պատասխանատվություն։ Արդյո՞ք խախտումները քրեաիրավական բնույթի են։

Նշենք, որ քիչ առաջ բուհի  շրջանավարտների ասոցիացիան երկլեզու՝ հայերեն և ֆրասերեն  հայտարարություն է տարածել ՀՖՀՀ-ի դիպլոմների իսկությունը կասկածի տակ դնող հայտարարությունների վերաբերյալ։

«Նկատի ունենալով Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի (ՀՖՀՀ) առանձին շրջանավարտների կողմից համալսարանի կողմից տրվող դիպլոմի իրավական ուժի վերաբերյալ արված հրապարակային հայտարարությունները՝ ՀՖՀՀ շրջանավարտների ասոցիացիան անհրաժեշտ է համարում կատարել հետևյալ դիտարկումները․

Հայաստանում ֆրանսիական համալսարանը իր արդեն իսկ 20 տարվա պատմության ընթացքում տվել է շուրջ 2000 շրջանավարտ, որոնք զբաղեցնում են պատասխանատու պաշտոններ և՛ պետական, և՛ մասնավոր տարբեր ոլորտի կառույցներում և աշխատանքային շուկայում ունեն բարի համբավ։ 

Իրենց մասնագիտական գիտելիքների շնորհիվ մեր շրջանավարտների աշխատանքով ապահովվածության ցուցանիշը մոտ 80% է։

Մեր շրջանավարտներ Վահե Թումանյանը, Սամվել Ղարիբյանը, Հայկ Դավթյանն ու Գրիգոր Մարկուպչյանը ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 451-Ն որոշման կարգով այս տարի դիմել են տարկետման իրավունք ստանալու համար, սակայն մերժվել են՝ հաշվի առնելով նշված որոշման մեջ սահմանած պահանջները,որոնք ակնհայտ անարդար են ՀՖՀՀ շրջանավարտների նկատմամբ և անհավասար պայմաններ են ստեղծում վերջինների համար։ Նշված շրջանավարտների կողմից վերջերս սոց․ցանցերով տարածվում են հաղորդագրություններ, որոնք հարցականի տակ են դնում ՀՖՀՀ-ի դիպլոմների օրինականությունը՝ նշելով,որ այն շնորհվել է ապօրինի և թույլ չի տալիս ուսումը շարունակել արտասահմանում։

Այս առնչությամբ ՈՒՖԱՌ շրջանավարտների ասոցիացիան իր անհամաձայնությունն է հայտնում առանձին շրջանավարտների հայտարարությունների վերաբերյալ և հայտարարում, որ դրանք չեն արտահայտում ասոցիացիայի բոլոր անդամների դիրքորոշումը։ ՀՖՀՀ-ի կողմից իր շրջանավարտներին տրվում է պետական նմուշի, համապատասխան գրանցում և օրենսդրության պահանջներին բավարարող դիպլոմներ։ Այդ դիպլոմները Հայաստանում և արտերկրներում ընդունվում են մեր գործատուների՝ այդ թվում պետական մարմինների կողմից։ Բացի այդ, մեր շրջանավարտները առանց որևէ դժվարության շարունակում են իրենց ուսումը արտասահմանյան տարբեր առաջատար բուհերում և անդամակցում են միջազգային մասնագիտական պալատներին։

Ի դեպ, նույն դիպլոմների հիման վրա մեր շրջանավարտները օգտվել են նաև տարկետման իրավունքից մինչև 2018 թվականը գործող «Զինապարտության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։ Վահե Թումանյանը և Սամվել Ղարիբյանը նույնպես իրենց ուսումը կարողացել են շարունակել մագիստրատուրայում 2 տարի առաջ ստացված տարկետման շնորհիվ։ Ծագած մասնավոր դեպքը չի կարող ՀՖՀՀ շրջանավարտների դիպլոմները և կրթության որակը կասկածի տակ դինելու առիթ հանդիսանալ։

Միաժամանակ արձանագրում ենք,որ Կառավարության նշված որոշմամբ սահմանված չափորոշիչները առերևույթ անարդարացի և խտրական պայմաններ են ստեղծում ՀՖՀՀ շրջանավարտների համար, ինչի կապակցությամբ արտահայտում ենք մեր մտահոգությունը և հայտնում, որ պատրաստ ենք կրթության ոլորտի լիազոր մարմնի հետ մասնակցել մեջբերված որոշման մեջ փոփոխություններ մտցնելու վերաբերյալ աշխատանքային քննարկումներին»։