Նոր Հարկային օրենսգիրքը պատուհաս է դառնալու գործարարների և սպառողների գլխին

Նոր Հարկային օրենսգիրքը պատուհաս է դառնալու գործարարների և սպառողների գլխին

Հարկային օրենսգրքի «անխնա» փոփոխությունները, որի նախագիծը հաստատվեց անցյալ շաբաթ՝ կառավարության նիստում, կարծես թե խփում է բիզնեսի բոլոր ճյուղերին։ Տպավորություն է, թե այս նախագիծը կազմել են որեւէ օտար, եթե չասենք՝ թշնամի երկրում՝ առանց տարրական հաշիվ-հաշվարկ կատարելու, առանց մտածելու տնտեսական էֆեկտների մասին։ Փաստաթուղթն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ բոլոր ոլորտներում հարկերի ու տուրքերի կտրուկ ավելացում է նկատվում։ Եվ սա առաջացրել է բազմաթիվ գործարարների արդարացի դժգոհությունը։ Տպավորություն է, որ կառավարությունը որոշել է «քարից հարկ քամել»՝ ամեն տեղ հարկ մտցնելով ու հարկ ավելացնելով։

Իհարկե, գաղտնիք չէ, որ ՊԵԿ-ը հեղափոխությունից հետո հարկահավաքման լուրջ խնդրի առաջ է կանգնել, դրա համար էլ բյուջեն «լցնում» է տարատեսակ մանիպուլյացիաներով, անգամ թվեր նկարելով-կեղծելով, ուստի ֆինանսների նախարարությունը երեւի որոշել է ՊԵԿ-ին օգնել՝ բոլորին աջուձախ ու անխնա հարկելու քաղաքականություն մշակելու։ Այս ամենի արդյունքում տուժելու է սպառողը՝ ՀՀ քաղաքացին, որի եկամուտները մինչ օրս դեռ որեւէ դրամով չեն ավելացել, փոխարենը ապրանքներն են թանկացել ու այս փոփոխությունից հետո դեռ ավելի են թանկանալու, դրա հետեւանքով սպառումը նվազելու է՝ հանգեցնելով շրջանառության նվազման, արդյունքում էլ պակաս հարկ է վճարվելու բյուջե, եւ, վերջապես, բազմաթիվ արտադրող ու ծառայություն մատուցող ընկերություններ, ի վերջո, կանգնելու են փակման եզրին՝ հազարավոր աշխատակիցների դարձնելով գործազուրկ։

Ահավասիկ, գազավորված ըմպելիքներ արտադրող ընկերություններն ու գրավատները, որոնց ներկայացուցիչները երեկ վաղ առավոտից բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի դիմաց, բայց նրանց լսող չկար։ Նրանք պահանջում էին, որ Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը «քանդակած» պաշտոնյաները՝ Մհեր Գրիգորյանն ու Ատոմ Ջանջուղազյանը, իջնեին ներքեւ եւ լսեին իրենց, բայց, ինչպես «հին Հայաստանում» էր տեղի ունենում, ձայն բարբառո հանապատի։

«Նախկին 100 հազար դրամը գրավատների համար դառնում է 6 միլիոն, իսկ փոխանակման կետերի 50 հազար դրամը դառնում է 3 միլիոն։ Այսինքն՝ 60 անգամ թանկանում է գրավատների եւ փոխանակման կետերի պետտուրքը, այն դեպքում, երբ որ բանկերի եւ վարկային կազմակերպությունների պետտուրքը թանկանում է, համապատասխանաբար, 2.3 եւ 6 անգամ»,- մեզ հետ զրույցում ասաց ցուցարարներից Գրիգոր Աֆյանը, ով երեք գրավատան սեփականատեր է։ 
Նրա խոսքով՝ իրենց տարեկան եկամուտը 6 մլն դրամ չի կազմում, բայց իրենցից հիմա պահանջում են, որ տարեկան 6 մլն դրամ պետտուրք վճարեն։ Եվ սա այն դեպքում, երբ բանկերի եւ վարկային կազմակերպությունների համար այդ պետտուրքը բարձրացել է առավելագույնը 6 անգամ։ Ինչի՞ համար։ Աֆյանը կասկածներ ունի, որ կառավարությունը սրանով փորձում է մոնոպոլ դաշտ ստեղծել բանկերի եւ վարկային կազմակերպությունների համար։ Չի բացառվում՝ նախագծի հեղինակներն ուղղակի չեն համարձակվել բանկերի դեպքում պետտուրքը նման աստղաբաշխական թվերով ավելացնել՝ հաշվի առնելով, որ կհանդիպեն բանկիրների լուրջ դիմադրությանը։ Իսկ բանկիրները, ի տարբերություն «լոմբարդ» աշխատեցնողների, ինչ խոսք, ավելի զորեղ դեմքեր են։ Ուստի մնացել է իրենց հարկային քաղաքականությունը բանեցնեն հնարավորինս թույլ օղակների վրա։

Մոնոպոլիայի ռիսկեր են տեսնում նաեւ գազավորված ըմպելիքների արտադրությամբ զբաղվողները, որոնք եւս «սպառնում» են փակվել, եթե իրենց հարկային բեռն ավելանա։ Այս փոփոխությունն էլ Արսեն Թորոսյանի եւ Ատոմ Ջանջուղազյանի «կենարար» մտքի արդյունքում է ծնվել՝ 1 լիտրի դեպքում սահմանել 30 դրամ ակցիզային հարկ, ինչի հետեւանքով գործարարները կանխատեսում են մոտ 30 տոկոսով իրենց արտադրած ըմպելիքների թանկացում։ «Հայ կոլա» ընկերության տնօրեն Տիգրան Հովսեփյանի կարծիքով, եթե այս օրենքը կիրառվի, դրանից կշահի միայն թանկարժեք ըմպելիքների սեգմենտը՝ կանխատեսելով մոնոպոլիզացիայի վտանգ դաշտում։

«Այսօր մեզ հետ զուգահեռ հավաքվել են նաեւ գրավատներն ու փոխանակման կետերը, էնտեղ էլ նույն մոնոպոլիզացումն ա գնում, նենց են անում, որ լոմբարդն ու փոխանակման կետերը չաշխատեն, բանկերն աշխատեն։ Էդ մարդիկ էլ են ասում, որ մոնոպոլիզացում չենք ուզում լինի»,- ասաց Տիգրան Հովսեփյանը։

Ըմպելիք արտադրող մեկ այլ ընկերության՝ «Շունա» ՍՊԸ ներկայացուցիչ Խաչատուր Միքայելյանն էլ հիշեցրեց հայկական օղիների ճակատագիրը․ «Մի տասը տարի առաջ, կհիշեք, հայկական օղիներն ինչքան շատ էին էժան սեգմենտում՝ 3-4 հարյուր դրամանոց։ Օրենք հանեցին, որ օղու նվազագույն գինը 700 դրամ պիտի լինի, 850 դրամ՝ ռուսականը։ Դա բերեց նրան, որ տեղական օղիների սեգմենտային մասն ահագին պակասեց։ Այսինքն՝ դա բերեց, որ էժան սեգմենտը վերացավ։ Հիմա էսօր մեր հյութերը, ենթադրենք, 150-200 դրամով ոչ ունեւոր մասսան առնում-օգտագործում է, վաղը, մյուս օրը բերելու է նրան, որ էն թանկը թանկանալու է, բայց էլի խմելու են, իսկ էժանը, որ թանկանա, արդեն փոշի սոկ են խմելու՝ անորակ, վտանգավոր»։ 

Կառավարության շենքի դիմաց էր նաեւ «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանը։ Նա նշեց, որ իրականում սպառողական հարկի հետ գործ ունենք, եւ սա ոչ միայն գնաճի է հանգեցնելու, այլեւ շատ ավելի վատ հետեւանքներ է ունենալու։

«Տեսեք, արտադրողի վրա հարկային ավելորդ բեռ չկա, սա սպառողական հարկ է, էդ մենք ենք վճարելու ակցիզային հարկը։ Բայց ես այլ մտավախություններ ունեմ՝ սա ոչ միայն վնասելու է տնտեսությանը, այլ սա կարող է ունենալ շատ լուրջ առողջապահական հետեւանք։ Ինչո՞ւ, որովհետեւ եթե շուկան ունի, այդուհանդերձ, 200 դրամանոց ապրանքի անհրաժեշտություն, որովհետեւ ավել վճարողը չկա, շուկան ինքն իրենով ստեղծելու է ավելի էժան ապրանքը։ Իսկ էդ ապրանքը լինելու է շատ ավելի վատ հումքով, շատ ավելի էժան ու վատ շաքարի փոխարինիչով ապրանք։ Այսինքն՝ մենք փորձում ենք առողջապահական նպատակին ծառայող բան, բայց իրականում ռեալ առողջապահական խնդիր ենք ունենալու»,- ասաց պարոն Պիպոյանը։