Ո՞րն է, բաբո, մեր հայրենիք

Ո՞րն է, բաբո, մեր հայրենիք

Վստահ եղեք՝ բոլոր նրանք, ովքեր ընդդիմության ներկայացուցիչներին մերժում են եւ հազար ու մի պիտակ կպցնում՝ հայտարարելով, թե նրանք վատն են, դրա համար չենք աջակցում, Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի կողմնակիցներն են։ Ասում են՝ Լեւոնը, Սերժը, Ռոբերտը թալանչի են, չենք կարող նրանց կողքը կանգնել։ Վազգեն Մանուկյանը ծեր է՝ նրա դարն անցել է։ Արթուր Վանեցյանը ԿԳԲ է՝ մենք չեկիստի հետեւից չենք գնա։ Իշխան Սաղաթելյանը դաշնակցական է, իսկ ՀՅԴ-ն 100 տարի առաջ է ձախողվել։ Րաֆֆի Հովհաննիսյանն «ախպար» է, Ռուբեն Վարդանյանն օտար է։ Առհասարակ՝ բոլոր կուսակցությունները ծախված են, բոլորն աթոռակռիվ են տալիս։ Այ, եթե մի նոր, մաքուր, չվարկաբեկված դեմք հայտնվի, կգնանք նրա ետեւից ու կճանապարհենք Նիկոլ Փաշինյանին։ Մի հավատացեք այս կեղծ խոսքերին եւ մի կարծեք, որ խնդիրը լավ թեկնածուների բացակայության կամ նրանց որակների մեջ է։

Չի հայտնվելու ճերմակ ձիու վրա նստած այն ձիավորը, Հիսուսի կերպարով փրկիչը, մանկան պես մաքուր քաղաքական դեմքը, որին այս մարդիկ հավանություն տան։ Իսկ եթե անգամ հայտնվի, մեկը կասի՝ այս մարդու ծագումն է կասկածելի, մյուսը կհարցնի՝ իսկ որտե՞ղ է եղել մինչ օրս նա, երրորդը նրա ազգուտակի ու գեների մեջ թերություններ կգտնի, չորրորդը ձիու վարգը չի հավանի։ Եվ ամեն ինչ կանեն նրան վարկաբեկելու, սեւացնելու, որպես մրցակից՝ ասպարեզից հանելու համար, որովհետեւ այս մարդիկ, իրականում, գոհ են իրենց վիճակից, գտել են իրենց լիդերին, ավելիին չեն ձգտում եւ այս իրադարձությունների մեջ ոչ մի սխալ չեն տեսնում։ Նրանց համար հայրենիքը ոչինչ չնշանակող գրքային հասկացություն է, Արցախը՝ Ջավախքին ու Լոս Անջելեսին համազոր մի բան, իսկ երազանքների գագաթնակետը «Մերսեդես» գնելն է ու Միջերկրական ծովի ափին հանգստանալը։