Նիկոլ Փաշինյանը նման է այն որդուն, որ իր ծնողներին տանում է ծերանոց, հետո բողոքում, որ հորն ու մորը լավ չեն կերակրում

Նիկոլ Փաշինյանը նման է այն որդուն, որ իր ծնողներին տանում է ծերանոց, հետո բողոքում, որ հորն ու մորը լավ չեն կերակրում

Ֆրանսիա կատարած այցի անմիջապես հաջորդ օրը, կառավարության նիստում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը կասեցնում է ՀԱՊԿ-ում գործունեությունը։ Ի՞նչ է նշանակում այս հայտարարությունը և ինչ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար։

Թեմայի շուրջ զրուցել ենք ՀՀԿ գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ։

- Այդ հայտարարությունը նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն անում է այն, ինչի համար նրան բերել են իշխանության։ Պարոն Բոլտոնը եկել է Հայաստան 2018-ին, և ասել է՝ «հայ ժողովուրդը և Հայաստանը պետք է հրաժարվեն պատմական կաղապարներից»։ Պատմական կաղապարներ ասելով, առաջինը նկատի է ունեցել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, և Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը։ 2018-ից սկսած ես ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանը հարմար առիթի դեպքում փոխելու է Հայաստանի արտաքին վեկտորը, և հիմա անում է։

- Հիմա այդ հարմա՞ր պահն է։

- Իր համար մի գուցե, բայց մեզ համար կարող է մահացու լինել, քանի որ ռուսական հովանոցից անցնելու ենք թուրքական հովանոցի տակ, իսկ թուրքերը մեր թիվ մեկ սպառնալիքն են։ Հայաստանը Ռուսաստանից ավելի լավ դաշնակից կարո՞ղ է ունենալ: Մենք Ռուսաստանին հարցեր ունե՞նք, այո՛, խնդիրներ կա՞ն, այո՛, բայց Նիկոլ Փաշինյա՞նն է այն մարդը, որ կարող է այդ խնդիրներից և հարցերից խոսել․ նա այդ բարոյական իրավունքն ունի՞, ո՛չ, ինչու՞, քանի որ Նիկոլ Փաշինյանն է միայնակ թողել Արցախը։ Նիկոլ Փաշինյանն է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։ Նիկոլ Փաշինյանն է Ադրբեջանի լկտի ռազմական օպերացիայի ժամանակ ասել, որ ինքը չի ներքաշվելու պատերազմի մեջ, ինքն է ասել, որ էթնիկ զտման վտանգ չկա։ Նիկոլ Փաշինյանը նման է այն որդուն, որ իր ծնողներին տանում է ծերանոց, հետո բողոքում է, որ իր հորն ու մորը լավ չեն կերակրում։

Հայաստանում բոլորն էլ ունեն իրավունք՝ Ռուսաստանին հարցեր տալու, բայց ոչ Նիկոլ Փաշինյանը։ Ինքն է վերջին 6 տարիների պատասխանատուն եղել Արցախի, բայց «փուռն» է տվել, ու այսօր բողոքում է։ Ինքն ո՞վ է, որ բողոքի։ Ինքը գնացել է՝ Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, եկել է` ուրիշների վրա է մուննաթ գալիս։ Ողջ խնդիրը սա է։ Կրկնում եմ, Ռուսաստանի հետ շատ հարցեր կան, բայց ինքը պետք է գնա, որ կարողանանք ըստ արժանվույնս այդ հարցերը ուղղենք, և լուծվեն։ Այս ամենով հանդերձ ես կրկնում եմ՝ մենք Ռուսաստանից լավ դաշնակից չենք ունեցել, և չենք էլ ունենալու։ Ռուսաստանի այլընտրանքը մեզ համար Թուրքիան է։ Որևէ արևմտյան երկրին Թուրքիան թույլ չի տալու գա այստեղ՝ պաշտպանելու Հայաստանի շահերը։ Ասելու է՝ ես այստեղ եմ, ՆԱՏՕ-ի անդամ եմ ու ստեղ ինչ-որ ֆրանսիական զորք պիտի գա՞, թույլ չի տալու։ Գոյություն ունի նաև պատմական փորձ, մեզ համար շատ դաժան հետևանքներով․ երբ 1920-ին հույսներս դրեցինք արևմուտքի վրա, և թուրքերը մտան և ստորագրվեց պատմության մեջ ամենանվաստացուցիչ պայմանագիրը՝ Ալեքսանդրապոլի պայմանագիրը, երբ այդ պայմանագրով Հայաստանը 9900-կմ քառակուսի էր, և միայն Հայաստանի խորհրդայնացումից, և ռուսների ուլտիմատումներից հետո թուրքերին հանգեցրին նրան, որ Հայաստանի սահմանները 9900-ից դարձավ 30 հազար կմ քառակուսի։ Էդ Նիկոլն է սարքե՞լ 30 հազար ք|կմ, կամ Շուշին ի՞նքն էր ազատագրել, որ տվեց։

Ֆրանսիացիքի մասով էլ ասեմ․ 21-ին հելան ասեցին՝ ազգային հայկական իշխանություն, պետություն ստեղծելու մասին՝ «կուտը» տվեցին, թե օգնելու ենք, և խեղճ Կիլիկիայի հայերը քնեցին, առավոտյան արթնացան և տեսան ֆրանսիական նավերը թողել գնացել են՝ գաղտնի պայմանագիր են կնքել թուրքերի հետ, Կիլիկիան էլ հանձնել ու թողել գնացել են՝ թուրքերն էլ մտան մեզ կոտորեցին։ Արևմուտքի նավերը հայկական լեռներ չեն կարող բարձրանալ, նույնը հիմա է։ Եվ ոչ միայն բրիտանական նավերը չեն ցանկանում բարձրանալ Արարատի լեռները՝ այլ արևմուտքի նավերը ո՛չ ցանկանում են, ոչ էլ կարող են բարձրանալ հայկական լեռները, որովհետև այստեղ իրենք թուրքական նավատորմի հույսին են։ Դրա համար, եթե ռուսից հեռանում ես, Հայաստանը տանում ես դեպի թուրքացում։ Նիկոլ Փաշինյանը կատարում է հստակ ծրագիր, որը անգլոսաքսոնական ծրագիր է, ըստ որի՝ Հայաստանը պետք է մտցնել թուրքական գայլի բերանը, և սարքել թուրքական աշխարհի մաս՝ 0 հայկական գործոնով։ Եվ մի ուշագրավ բան էլ ասեմ․ Նիկոլ Փաշինյանն ինչ ասում է՝ հակառակն է լինում։ Ասում էր՝ «Արցախը Հայաստան է և վերջ», հիմա ապացուցում է, որ Արցախն Ադրբեջան է։ 44-օր ասեց «հաղթանակ», բերեց պարտություն։ 21-ից ասում է՝ «խաղաղություն», բայց 2 պատերազմ է բերել Հայաստանի գլխին։ Ասեց` «խաղաղության դարաշրջան», էնօրն ինքն էր Ֆրանս 24-ին ասում՝ պատերազմը շատ մոտ է։ Հիմա էլ ասում է՝ «ինքնիշխանություն», բերելու է թուրքական ճորտացում։