Կոնդը հին քաղաք են համարել մի երկու ռուս տեսաբան, մեր հիմար, կիսագրագետ ճարտարապետներն էլ ակտիվացան

Կոնդը հին քաղաք են համարել մի երկու ռուս տեսաբան, մեր հիմար, կիսագրագետ ճարտարապետներն էլ ակտիվացան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է՝ Կոնդ թաղամասի ամբողջական օտարման և վերակառուցման քաղաքաշինական ծրագիր իրականացնելու մասին։ Այս հայտարարությունը բուռն դժգոհությունների, քննարկումների առիթ դարձավ: Շատերի, և հենց կոնդեցիների կարծիքով, այս իշխանությունները ցանկանում են ազատվել այն ամենից, ինչը խորհրդանշում է մեր պատմությունը։

Կա՞ արդյոք արդեն մշակված քաղաքաշինական ծրագիր, և արժե՞ ինչ-որ նորարարական ծրագրի պատճառով քանդել մի քանի դարի պատմություն ունեցող թաղամասը։

Այս թեմայի շուրջ զրուցել ենք ճարտարապետ Լևոն Վարդանյանի հետ, ով նաև Հին Երևան ձախողված նախագծի հեղինակն է։
 
-Պարոն Վարդանյան, Դուք տեղյա՞կ եք, թե ի՞նչ քաղաքաշինական ծրագիր է իրականացվելու Կոնդ թաղամասում։
 
-Այս պահին տեղյակ չեմ, քանի որ դեռ մրցույթ չի հայտարարվել, և մինչև մրցույթ չլինի, ես չեմ կարող ասել, թե ինչ են ցանկանում անել։ Քաղաքապետի ասածը ճիշտ չեն հասկացել․ օտարել, նշանակում է, որ Կոնդի այդ ողջ հատվածում պետք է ծրագիր իրականացվի։ Թե այդ ծրագրից ի՞նչ կլինի, քանի՞ բնակելի կլինի, դա պարզ կլինի մրցույթի ժամանակ՝ երբ կհայտարարեն։
 
-Շատերը, և հենց կոնդեցիները չեն ընդունում քաղաքապետի այս որոշումը՝ պատճառաբանելով, որ չի կարելի վերացնել մայրաքաղաքի մի քանի դար պատմություն ունեցող թաղամասը, որը տարեկան հարյուրավոր զբոսաշրջիկների է բերում Երևան՝ Կոնդ թաղամաս։ Դուք ի՞նչ կարծիք ունեք այս մասին։

-Կներեք, բայց ես նման կարծիք չունեմ և հակառակ կարծիքի եմ. որովհետև՝ հին Երևան ասելով, արհեստական նշելով ներկայիս Կոնդը սխալ է։ Ներկայիս Կոնդ թաղամասը հին Երևանի հետ կապ չունի։ Կոնդում միշտ եղել է ապօրինի կառուցապատում՝ հիմնականում խորհրդային շրջանում։ Այդտեղ ժամանակին շատ քիչ կառույցներ են եղել, հետո է, որ քաոտիկ ձևով սկսվել է կառուցապատումը։ Ինչ վերաբերվում է հին Կոնդին, ապա այն եղել է ավելի ներքև, և երբ նայենք ցարական Ռուսաստանի ժամանակների քաղաքի պլանին, կտեսնեք՝ հին Կոնդը եղել է ներքև՝ ներկայիս Սպանդարյան, Սվերդլով, Բյուզանդ, Արամի փողոցի կողմերը: Կոնդը հին քաղաք են համարել մի երկու ռուս տեսաբաններ, որ եկան իրենց հիմարությունները գրեցին, և մեր հիմար, կիսագրագետ ճարտարապետներն էլ ակտիվացան այդ հողի վրա, որ տուրիստների հոսքը ուղարկենք Կոնդ` ցույց տալով, որ Հայաստանը ոչ թե արևմտյան, այլ արևելյան գաղափարների կողմից է կառուցապատման տեսանկյունից, ոնց որ Բաղդադում է և այլ վայրերում։ Եթե այս մոտեցումը ճիշտ են համարում` Կոնդը հին քաղաքի մաս հայտարարողները, ուրեմն ճիշտը իրենք են։
 
-Դուք Կոնդի նոր նախագիծն ինչպե՞ս եք պատկերացնում, երբ ամբողջովին օտարեն թաղամասը։
 
-Նախագիծը իրականացնողները պետք է վերցնեն Կոնդի հատվածը՝ տեղում դեֆակտո ինչ գոյություն ունի, հասկանան ինչ կառույցներ պետք է մնան, որ արժեք ունեն, նրանից հետո ինչ պետք է կառուցապատվի դա հասկանան, որից հետո համապատասխանաբար կստանանք արդյունքը։ Այս պահին օդում ասելով չի։ Եթե կան արժեքավոր կառույցներ, ապա այն պետք է մնա։

-Ձեզ հայտնի՞ է Կոնդում ինչ արժեքավոր կառույցներ կան։
 
-Մի քանի արժեքավոր կառույցներ կան՝ հուշարձաններ՝ ավել բան ինձ համար չկա, որովհետև, Կոնդի հիմնական՝ արժեքավոր բնակելի տները, որոնք հուշարձանների մեջ էին մտնում, օրինակ «սիրուն Գևորի» տունը, դրանք վաղուց քանդվել են, և այն ինչ մենք այսօր տեսնում ենք, խորհրդային շրջանում կառուցված ապօրինի կառուցապատումն է՝ ով ոնց, ինչ ուզել կառուցել է, և ներկայացնում են արևելքի կառուցապատման ձև, և տուրիստներին ներկայացնում են, որ հայերը այսպես են ապրել, և հին Երևանը սա է, բայց նման բան գոյություն չունի։