Ինչու է Ջեյմս Օ՛Բրայենը մեկնում Բաքու

Ինչու է Ջեյմս Օ՛Բրայենը մեկնում Բաքու

ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենը դեկտեմբերի 6-8-ը կայցելի Ադրբեջան եւ Ռումինիա՝ հայտարարել է Պետդեպի մամուլի ծառայությունը։ Բաքվում ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան կհանդիպի ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների հետ, նպատակն է՝ «ամրապնդել երկկողմ հարաբերություններն ու աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությանը»։ Ռուս քաղաքական մեկնաբան Ստանիսլավ Տարասովի կարծիքով, Օ՛Բրայենի այցը Բաքու կարեւոր է եւ առանձնահատուկ։ Նախ, այս անգամ նա այցելում է միայն Բաքու, թեեւ բանակցությունների ընթացքում քննարկելու է հայ-ադրբեջանական հարաբերությունների գործընթացը։ Ընդ որում, այցը տեղի է ունենում այն բանից հետո, երբ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ տեղի է ունեցել հեռախոսազրույց, եւ Բլինքենը կոչ է արել Ալիեւին՝ կատարել ստանձնած պարտավորությունները։

Ըստ ամենայնի, կարելի է արձանագրել, որ Վաշինգտոնը մտադիր է հարթել Բաքվի հետ հարաբերություններում առաջացած խնդիրները, երբ Օ՛Բրայենը հայտարարել էր, թե չի կարող լինել սովորական բիզնես հարաբերություն Ադրբեջանի հետ այնքան ժամանակ, քանի դեռ Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության համաձայնագիրը կնքված չէ։ Այս հայտարարությունը Բաքուն չափազանց ցավոտ ընդունեց եւ չեղարկեց նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում պլանավորված հանդիպումը։ Նաեւ իր տարածքում արգելեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գործունեությունը, եւ սկսվեց արշավ «արեւմտյան լրտեսների դեմ»։ Ադրբեջանում լրագրողներ եւ հանրային գործիչներ ձերբակալվեցին։ Մասնավորապես՝ դոկտոր Ղուբադ Իբադօղլուն։

Ուշագրավ է այն, որ Բաքվում կարծում են, թե ամերիկա-ադրբեջանական հարաբերություններում նախաձեռնողականությունը Բաքվի ձեռքում է, եւ ամերիկյան կողմը «հարկադրված» է վերադառնալ «շփումների ռազմավարությանը», որպեսզի կարողանա վերահսկել ռազմավարական նշանակություն ունեցող «Հյուսիս-Հարավ», «Միջին միջանցք» առեւտրային մայրուղիները։ Այս իրավիճակում, ըստ Տարասովի, Վաշինգտոնի մոտ կարող է երկրորդ պլան մղվել «հայկական թեմատիկան», հատկապես որ «Հայաստանի հովանավորությունը ստանձնել է Ֆրանսիան։ Ադրբեջանում կարծում են, որ Ջեյմս Օ՛Բրայենը Բաքվում իր «նոր ծրագիրը» կներկայացնի, որի մանրամասները դեռ հայտնի չեն։ Ի դեպ, հատկանշական է, որ վերջերս է միայն Բաքու ժամանել մեկ տարի առաջ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան նշանակված Մարկ Լիբբին։