Նախարարությունը լուծարելու փոխարեն կարելի էր աշխատել և դուրս գալ «քայլ անելու» թմբիրից

Նախարարությունը լուծարելու փոխարեն կարելի էր աշխատել և դուրս գալ «քայլ անելու» թմբիրից

Սփյուռքի նախարարությունը լուծարելու որոշումը սփյուռքի հայության շրջանում մտահոգություն է առաջացրել: «Սփյուռքի նախարարությունը լուծարելը սխալ է, եթե հաշվի առնենք 8 միլիոնի հասնող Սփյուռքի առկայությունը»,- hraparak.am-ի հետ զրույցում ընդգծեց Իսպանիայի Վալենսիա քաղաքի հայ համայնքի նախագահ Արարար Ղուկասյանը ։

Նա  հարցը, սակայն, այլ տեսանկյունից էլ է դիտարկում. «Բայց եթե նորեկ ու նորելուկ նախարարն ինքն է հայտարարում, որ նախարարությունը սիմվոլիկ է, ապա այն պետք է լուծարվի։ Եթե կառավարությունը կամ վերջին հաշվով նախարարության աշխատակիցներն ընդունակ չեն կառույցին համապատասխան ղեկավար ընտրել, ուրեմն նախարարությունը Սփյուռքին կարող է չհետաքրքրել։ Այլապես անիմաստ է և ծախսատար նախարարություն պահելը, եթե այն իր գործառույթները չի իրականացնում։ Սփյուռքի նախարարը տեղյակ չէ Սփյուռքից, փոխարենը՝ նա քայլել է վարչապետի հետ։ Հետո՞..., վարչապետի հետ աշակերտներ էլ են քայլել, 80-ն անց գիտնականներ էլ...:

Մյուս կողմից էլ, տպավորություն է, ասես վարչապետը գիտակցելով է գնացել այդ քայլին՝ նախարարությունը հետագայում լուծարելու համար։ Եվ կարծես թե դա նրան հաջողվել է։ Այդուհանդերձ, 8 միլիոնանոց Սփյուռքին նախարարություն պետք է, բայց, կրկնում եմ, ոչ այսպիսին։Հրանուշ Հակոբյանի օրոք նախարարությունն աշխատում էր։ Գուցե դա վախից էր՝ գործը կորցնելու, կամ նախարարն էր շատ վազվզում այս ու այն կողմ (գուցե նաև՝ սեփական շահից ելնելով): Բայց, փաստը մնում է փաստ, որ նա աշխատում էր, գիտեր Սփյուռքի ուղնուծուծը, ուներ կազմակերպչական մեծ փորձ:

Պարզ է, որ կոռուպացված վարչակարգն այլևս չի վերադառնալու, բայցեւայնպես դա չի՜ նշանակում, որ պիտի 8 միլիոնանոց հասարակության հարցերով զբաղվող հսկա նախարարությունը նպատակադրված տանել դեպի լուծարում։ Վախենամ, ոչ մի վարչություն չկարողանա լուծել ուծացման վտանգի առջև կանգնած մեր ավելի քան 5 միլիոն (2,5-ը՝ Ռուսաստանում) հայրենակիցների, նրանց հայապահպանության և հայ ինքնության պահպանման խնդիրները։ Ընդամենը պետք էր լսել հանրությանը և փոխել նախարարին։ Հենց նույն նախարարությունում շատ պատրաստված աշխատակիցներ կան, ովքեր շատ լավ կաշխատեին նախարարի պաշտոնում։ Այսքանով հանդերձ, կարծում եմ, որ նախարարությունը լուծարելու փոխարեն, պարզապես կարելի էր աշխատել և դուրս գալ «քայլ անելու» թմբիրից»,- ասաց Վալենսիայի հայ համայնքի նախագահը:

Հիշեցնենք, որ այսօր Սփյուռքի նախարարության աշխատակիցները դուրս են եկել բողոքի՝ նշելով, որ Ամանորի նախաշեմին իրենց նվեր մատուցեցին՝ գործազուրկ դարձնելով: