Առանց թափոնների՝ մաքուր և կանաչ Հայաստան

Առանց թափոնների՝ մաքուր և կանաչ Հայաստան

-Թեկուզ անանուն՝
Ինչպես խոտերդ սարերիդ լանջին,
Եթե ես օգնեմ կանաչությանդ,
Կարող եմ ասել.
«Ե՛ս էլ ապրեցի»...
Պ. Սևակ

Այստեղ Պ. Սևակը իմաստավորում իր կյանքի, ապրելու իմաստը՝ լուռ ու անաղմուկ, անմնացորդ նվիրվելու հայրենիքին...

Սակայն այս տողերը միաժամանակ մեզ օգնում են իմաստավորելու քաղաքական, տնտեսական, մշակութային և բնապաշպանական գործունեության մեր ամեն մի քայլը:
Այս մոտեցումը մեզ համար պետք է լինի բանալի...
Եվ այս մոտեցումով էլ մենք կմեկնենք քննարկվող խնդիրները:

Կենցաղային և արտադրական թափոնների տեսակավորումը, հետագա վերամշակումը և օգտագործումը հասարակության հոգևոր, բարոյական և տնտեսական զարգացման համար կարևորագույն գործոն են:
Այն բազմաշերտ և ծավալուն գործընթաց է: Կենցաղային և արտադրական թափոնների հավաքումը, տեսակավորումը և հետագա վերամշակումն ու օգտագործումը լուծում է հասարակական և տնտեսական երեք հիմնական խնդիրներ...


1
Առաջինը՝ Անհատի և ազգի բարոյականության խնդիրը: Հայաստանը մաքուր, կանաչ և առողջարար դարձնելը ազգային արժանապատվության խնդիր է...

Թափոնները, աղբը չթափելը և Հայաստանը չկեղտոտելը, չաղտոտելը, մեր երկրի կանաչ տարածքները, անտառները և ամբողջ բնաշխարհը անաղարտ, մաքուր և առողջարար պահելը ամեն մի հայի համար դառնում է ազգային ինքնասիրության խնդիր:
Իր միջավայրը, իր բակն ու գյուղը, իր քաղաքը,հայրենի բնաշխարհը մաքուր, կանաչ և անաղարտ պահելը դառնում է ազգային բարոյական արժեք...
Ես կեղտոտում եմ՝ դու պարտավոր ես մաքրել: Ես քեզ վճարում եմ, փող եմ տալիս՝ դու պարտավոր ես հավաքել, սրբել իմ թափածը, կեղտոտածը, ապականածը:
Ես փչացնում –ապականում-...ավերում եմ բնությունը՝ փողի, տնտեսական շահերի, իմ հաճույքների ու ցանկությունների համար...
Իսկ դուք և պետությունը, հասարակությունը պարտավոր եք մեծագույն ջանքեր գործադրել, նյութական հսկայական միջոցներ ծախսել՝ մաքրելու, բարեկարգելու և մարդկանց առողջության համար անվտանգ ու ապահով դարձնելու մեզ շրջապատող բնությունը...
Հայրենի գյուղը, քաղաքը, աղտոտող-կեղտոտող, բնաշխարհը ապականող և ավիրող մարդը, անձը և ազգը չեն կարող բարոյական լինել:
Իսկ իր բակի, գյուղի, քաղաքի, անտառի, լեռան, ձորակի, իր մոտիկ հարազատների հոգսով ապրող անհատը և ազգը բարոյապես մաքրվում են, վեհանում են ու վերածվում:
Այստեղից էլ սկիզբ է առնում - սկսվում է ազգի բարոյական վերածնունդը:

2
Մեր քննարկվող երկրորդ հարցը դա հոգևոր վերափոխումների և զարգացումների խնդիրն է՝ կապված թափոնների հավաքման, տեսակավորման և վերամշակման հետ:

Երբ մարդը, անհատը, անձը խոնարհվում  և գետնից վերցնում է աղբը, թափոնը,  մաքրում է իր տունը, իր բակը, իր գյուղը, իր քաղաքը, բնաշխարհը, երկիրը՝ նա կոտրում-ջարդում է իր ներսում, իր հոգում եղած գոռոզությունը, մեծամտությունը, սնապարծությունը, սնափառությունը: Նա դրանով ինքնամաքրվում է, ինքնազտվում է, իրեն ազատում է խնդրահարույց հպարտություններից, ցուցամոլություններից, «բարձրակենցաղ գլամուր» - ներից և ամեն տեսակ հոգևոր ախտերից...
Անհատը դառնում է համեստ, հասարակ, մարդկային ու բարի՝ իր հարազատների, իր շրջապատի և հայրենակիցների հանդեպ: Եվ նրա հոգեկան աշխարհում տարածքներ են ազատագրվում հոգեկան ընդարձակումների և հոգևոր զարգացումների համար:
Հոգևոր զարգացումը ուղիղ համեմատական է մարդու ներքին համեստությանը, նրա հոգևոր ներքին մշակույթին:
Իսկ գոռոզությունը, ցուցամոլությունը, սնապարծությունը հոգևոր աղբ են: Առանց դրանցից ազատագրվելու անձը չի կարող հոգեպես կատարելագործվել:

3
Իսկ այժմ քնարկենք երրորդ խնդիրը՝ Հայաստանի տնտեսական զարգացման խնդիրը՝ կապված կենցաղային և արտադրական թափոնների տեսակավորման, վերամշակման և նրա հետագա օգտագործման հետ:

1.Նախ և առաջինը:
Փորձենք դիտարկել աղբի, թափոնների տեսակավորումից և նրանց վերամշակումից էժան հումք ստանալու գործընթացը:
 Նորագույն տեխնոլոգիաների օգտագործումը թափոների տեսակավորման և վերամշակման մեջ հնարավորություն է տալիս ընձեռնում թափոնները վերածել – դարձնել բարձր որակի հումք՝ արտադրության համար:

Այդ երկրորդական հումքը գրեթե չի զիջում առաջնային հումքին՝ իր որակով, սակայն իր գներով այն 2-3 անգամ էժան է, քան առաջնային հումքը:
Տնտեսական զարգացման այս ճանապարհով են գնացել և այսօր էլ գնում են Չինաստանի, Ճապոնիայի և շատ ուրիշ զարգացած երկրների արտադրության զարգացումները: Այս է գլխավոր պատճառներից մեկը, որ չինական ապրանքները որակով հաճախ չեն զիճում Եվրոպական և Ամերիկյան ապրանքներին, սակայն գնով երկու կամ ավելի անգամ էժան են նրանցից(ի հարկե սրան գումարվում է նաև Չինաստանում էժան աշխատուժի հանգամանքը):

Երկրորդական և էժան հումքերի օգտագործումը եղել է Չինաստանի տնտեսական թռիչքի պատճառներից մեկը: Սա է նաև չինական, ճապոնական և Տայվանի ապրանքների մրցակցության գաղտնիքներից մեկը:
2. Իսկ հիմա փորձենք դիտարկել այս խնդրի երկրորդ կողմը:
Ազատ տնտեսական մրցակցության պայմաններում թափոնների տեսակավորումը վերամշակումը և նրանցից պատրաստի ապրանքների արտադրությունը զարգացնելու համար, գործարարները, ելնելով իրենց տնտեսական շահերից, կանխիկ գումարներով կամ էլ վարկերով ձեռք են բերում նորագույն տեխնոլոգիաներ և բարձրարժեք մեքենաներ ու հաստոցներ:
Եվ այդ գործընթացը զարգանում է անընդհատ և անվերջ՝ նոր թափ հաղորդելով երկրի ընդհանդուր տնտեսական զարգացմանը:

Այսպիսով ելնելով իրենց տնտեսական շահերից գործարարները նորագույն տեխնոլոգիաների և բիզնեսի զարգացման լավագույն մեթոդների կիրառմամբ կարողանում են ստեղծել բարձր որակի և ցածր ինքնարժեքով մրցունակ ապրանքներ:

3.Դիտարկենք խնդրի երրորդ կողմը: Հայաստանի գործարար աշխարհը ելնելով թափոնների տեսակավորման, վերամշակման և ապրանքների արտադրության մեջ նոր տեխնոլոգիաներ և գյուտեր օգտագործելու անհրաժեշտությունից կարող է ներդրումներ կատարել Հայաստանի գիտական, գիտատեխնիկական և նորարարական գյուտերի ստեղծման և զարգացման մեջ, ելնելով իր տնտեսական շահերից կամ էլ հայրենասիրական և ազգասիրական ձգտումներից: Դրանով կամրապնդվի մեր երկրի տնտեսական զարգացումը և երկրի պաշպանունակությունը:

4.Դիտարկենք սույն խնդրի չորրորդ կողմը: Ելնելով բիզնեսի մրցունակության և գոյապայքարի օրենքներից պահանջվում է արտադրության ծավալների մեծացումը և ընդլայնումը: Բիզնեսը կամ պետք է անընդհատ զարգանա կամ էլ՝մեռնի:

Բիզնեսի ընդլայնումը՝ իր ծավալով և քանակներով, պահանջում է էժան հումքի ձեռքբերման անհրաժեշտություն: Եվ գալիս է մի ժամանակ, երբ երկրի ներսում եղած թափոնների վերամշակումը չի բավարարում տվյալ երկրի արտադրության զարգացման պահանջները: Եվ նա ստիպված թափոնները գնում է ուրիշ երկրներից, օրինակ՝ և Ճապոնիան և Չինաստանը Եվրոպայից և ԱՄՆ-ից միլիոնավոր տոնաներով թափոններ են գնում, իրենց արտադրության պահանջները բարելավելու համար:

Այսինքն տեխնոլոգիապես և տնտեսապես զարգացած շատ երկրների համար այսօր արդեն թափոնները դարձել են ռեսուրս, պաշար, հումք, նյութական արժեք՝ երկրի տւնտեսության զարգացման համար:
Օրինակ՝ այսօր, ամբողջ աշխարհում և Հայաստանում, բոլոր տեսակի պլաստմասսաները, ամեն տեսակ ջրերի, գարեջրերի, հյութերի պէտ շշերը, ամեն տեսակ գուպկաները, սինտիպոնները, արհեստական կաուչուկներն ու ռեզինե ապրանքները, ամեն տեսակ պլյոնկաները, պոլիէթիլենե ամենաբազմազան փաթեթներն ու փաթեթավորումները, ջրի, գազի համար բոլոր տեսակի պլաստմասսե խողովակները, շինարարության համար օգտագործվող ամենազանազան ապրանքներ և նյութեր, կենցաղային սեղաններ, աթոռներ, դույլեր, բաժակներ և այլն, համակարգիչներ, հեռախոսներ, հեռուստացույցներ, կենցաղային ամբողջ տեխնիկան, կտորների ու գործվածքների, հագուստների մեծ մասը (ի գիտություն՝ ամբողջ աշխարհում արտադրվող Արհեստական (այսինքն՝ պոլիմերներից) կտորների, գործվածքների, հագուստների 60%-ը արտադրվում է Չինաստանում) և կենցաղում և արտադրության մեջ օգտագործվող հազար ու մի ապրանքներ, գիտական լեզվով կոչվում են

ՊՈԼԻՄԵՐՆԵՐ :
Ռուսաստանում պոլիմերների քանակը տարեկան աճում է 40%-ով, իսկ աշխարհում՝ 17%-ով: Եվ ամեն տարի նրանց քանակն ու կիրառությունները աճում են ու զարգանում...
Իսկ պոլիմերները ստացվում են նավթի վերամշակումից: Եվ պոլիմերների թափոնները տեսակավորելով ու վերամշակելով ստանում ենք էժան հումք, քանի որ նավթից պոլիմերներ ստանալու համար մեծ ծախսեր և աշխատանք է պետք: Եվ ինչու՞ ենք մենք գնահատում նավթը, բայց ոչ պոլիմերների թափոնները: Այդ բանը լավ են հասկացել զարգացած երկրները, որոնք ուրիշ երկրներից թափոններ գնելով ներդրում են կատարում իրենց երկրի տնտեսության զարգացման մեջ:

5.Անդրադառնանք խնդրի հինգերորդ կողմին: Թափոնների տեսակավորման, վերամշակման և պատրաստի ապրանքների արտադրման կամ էլ հետագա օգտագործման գործընթացների համակարգը շատ ընդգրկուն և աշխատատար է, որը սկզբնական էտապում կպահանջի հազարավոր, իսկ հետագայում տասնյակ հազարավոր մարդկանց աշխատանք:
Որն էլ, ինչ որ չափով, կլուծի աշխատատեղերի ստեղծման, բնակչությանը աշխատանքով ապահովելու և այլ սոցիալական խնդիրներ:
Իսկ հիմա տեսնենք, թե մենք մինչ հիմա ինչպես ենք վերաբերվել թափոններին: Հայաստանի համար թափոնները այսօր բնապահպանական, առողջապահական, տնտեսական լուրջ խնդիրներ են…
Կենցաղային և արտադրական թափոնները չմաքրվելով- կուտակվելով դառնում են աղբ՝ հոտում են, փտում են, գարշահոտություն են տարածում, հիվանդությունների աղբյուր են դառնում… բազմանում են առնետները, մկները, խավարասերները, ճանճերն ու մոծակները… հիվանդություններ, վարակ ու չարիք…
Մարդկանց և հասարակական դժգոհություններ ու խնդիրներ, աղբահանության վերաբերյալ ակցիաներ, միտինգներ,  բողոքներ… հասարակական լարվածություն և ընդվզումներ…
Մեծ ծախսեր աղբը հավաքելու, տեղափոխելու և ուրիշ տեղ կուտակելու նպատակով… տասնյակ միլիոնավոր դոլլարներ աղբահորեր կառուցելու համար, դրան գումարած նոր ծախսեր աղբահորերը վերացնելու նպատակով:
... Եվ անվերջ ծախսեր ու միջոցներ... նախորդ 30 տարիների հանցագործ համակարգերի հանցագործ գործունեության արդյունքում, տնտեսապես քայքայված պետությունից և ծայրահեղ աղքատության հասած ժողովրդից:

Եվ բոլոր դժգոհում են պետությունից, կառավարությունից, տարբեր ռանգի ու կարգի պաշտոնյաներից: Եվ այսօր ընդհուպ աղբահանությունը դարձել է պետության և Երևանի քաղաքապետարանի համար դժվար լուծելի քաղաքական հարց ու խնդիր…

Իսկ ինչի՞ց սկսել հանգուցալուծումը:

 Նախ և առաջ Ազգային ժողովի կողմից պետք է ընդունել օրենքներ՝ ստեղծել օրենքների համակարգ և օրինական դաշտ թափոնների տեսակավորման, վերամշակման և հետագա օգտագործման վերաբերյալ և ընդհանրապես աղբահանության վերաբերյալ:

Սակայն լավ օրենքներ ընդունելու համար պետք է ուսումնասիրել Ճապոնիայի, Տայվանի, Հարավային Կորեայի, Սինգապուրի, Չինաստանի, Եվրոպական երկրների՝ Գերմանիայի, Նորվեգիայի, Ավստրիայի, ԱՄՆ-ի և մյուս երկրների փորձը, օրենքները, օրենքների կիրառման մեթոդները ու ձևերը:
Անհրաժեշտ է պատգամավորներ, մասնագետներ՝ բնապահպանները, տնտեսագետներ, օրենսգետներ, գործարարներ, գործուղել այդ երկրները, տեղում օրենքները, օրինական դաշտը և փորձը ուսումնասիրելու նպատակով:

Մինչև այդ օրենքների նախագիծը ընդունելը ՝ այդ օրենքները պետք է քնարկվեն և վերլուծվեն Հայաստանի և Սփյուռքի փորձառու և լավագույն բնապահպանների, գործարարների, օրենսգետների և տնտեսագետների կողմից:

Լավ և ճիշտ օրենքների ընդունումը կփոխահատուցեն վերոհիշյալ ծախսերը՝ հարյուրապատիկ ու հազարապատիկ…

Եվ այդ օրենքները հիմք ու բազա կդառնան երկրի տնտեսական և քաղաքական զարգացման համար:
Իսկ այդ օրենքների հիման վրա կառավարությունը պետք է մշակի պետական քաղաքականություն՝ տեղերում այդ օրենքները կիրառելու և իրականացնելու նպատակով:

Դա պետք է լինի պետական-ազգային քաղաքականություն՝ օրենքի ուժով և խստությամբ՝ համապատասխան պատիժներով և տուգանքներով: Եվ դա չպետք է կրի ձևական ու ֆորմալ բնույթ: Եվ պետական ապարատը պետք է խստորեն հսկի օրենքի կիրառումը: Այլապես թուլությամբ և անհետևողականությամբ, լոյալությամբ մենք պետություն չենք դառնա: Կլինենք պետության նման մի բան, բայց ոչ՝ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ: 
Մարզերում, քաղաքային և գյուղական համայքներում այդ օրենքները պարտադիր և հետևողական կիրառություն պետք է գտնեն: Օրենքի գերակայությունը պետք է դառնա պետական կառավարման պայման և գործելակերպ:
Թափոնների և աղբահանության անհրաժեշտ օրինական դաշտի գոյությունը և ազատ տնտեսական մրցակցությունը կունենա նաև քաղաքական նշանակություն և հետևանքներ:

Եվ քանի որ տնտեսական դաշտում գործում են նորագույն տեխնոլոգիաներով հագեցված և զարգացած բիզնեսների տիրապետող բազմաթիվ գործարարներ, որոնք շատ հեշտությամբ կարող են փոխարինել մեկը մյուսին՝ առանց ցնցումների ու խաթարումների, ապա այս դեպքում բացառվում է քաղաքական և տնտեսական սաբոտաժը և շանտաժը գործարարների կողմից: Քանի որ որևէ գործարար, եթե հրաժարվի կամ էլ անհրաժեշտ ձևով չկատարի իր պարտականությունները, ապա նրա մրցակիցները հանդես կգան ավելի նպաստավոր առաջարկներով՝  և պետության և հասարակության համար ավելի ձեռնտու պայմաններով: Եվ այդ հարցը կլուծվի շատ արագ և հարթ՝ առանց ցնցումների և հուզումների…

Մի խոսքով թափոնների տեսակավորումը, վերամշակումը նրանց հետագա օգտագործումը լուծում է Հայաստանի համար այսօր անչափ կենսական մի քանի գլխավոր խնդիրներ՝
    1. Բնապահպանական
    2. Առողջապահական
    3. Տնտեսական զարգացման
    4. Աշխատատեղերի ստեղծման
    5. Հոգևոր, բարոյական և այլ սոցիալական խնդիրներ…
Այսօր մեր երկրի գոյության խնդիրը պահանջում է` անկախ քաղաքական հայացքներից և քաղաքական տարաձայնություններից՝ երկրի և ազգի մասին մտածող ցանկացած քաղաքական գործչին, մտավորականին և հասարակության գիտակից և ակտիվ խմբերին համախմբվել՝ վերահիշյալ խնդիրները արագ լուծելու նպատակով:
Այլ ելք ու ճանապարհ չունենք:

Ք. Էջմիածին, Նորիկ Հ. Միրզախանյան