Շոումեն հացագործը Վրաստանից

Շոումեն հացագործը Վրաստանից

Վանաձորցի 3-4 տղամարդ աղմուկ-աղաղակով փորձում էին թոնրից դուրս քաշել մարմնի 1/3-ով կրակի մեջ հայտնված տղամարդուն: Ոմանք էլ ճիգեր էին գործադրում վանաձորցիներին հետ պահելու համար։ «Մարդն իր գործն է անում, հանգիստ թողեք»,- ասում էին:

Մարդը, որին տաք թոնրից դուրս բերելու ջանքեր էին գործադրում հայ տղամարդիկ, վրացի Գեորգի Բուդավելին է: Արդեն մեկ ամիս է՝ Գեորգին Ապարանում գործող առեւտրի եւ սպասարկման կենտրոններից մեկում պուրի հաց է թխում: Այն, ինչ անում է վրացի հացթուխը, յուրովի ներկայացում է, որի բեմադրիչն էլ, դերասանն էլ ինքն է:
Գեորգիի՝ պարային շարժումներով թոնրին մոտենալն ու դրա մեջ ճարպկորեն կախվելն այնքան արագ ու անսպասելի են տեղի ունենում, որ անսովոր աչքը չի էլ հասցնում ընկալել կատարվածը: Վանաձորցի տղամարդիկ հենց նման իրավիճակում էին հայտնվել, երբ ներս մտնելով տեսել էին գլուխը՝ թոնրում, ոտքերն օդի մեջ հայտնված հացթուխին:

Սպասարկման կենտրոնի մենեջեր Մերի Մելքոնյանն անկեղծանում է. «Մեր վարկանիշը բարձրացնում են: Գեորգիից բացի, Վրաստանից հրավիրեցինք նաեւ Զաքոյին. երկուսն էլ հմուտ վարպետներ են: Նրանցով ենք ապահովում մեր վարկանիշը, շատացնում հացամթերքի տեսականին: Սա հատուկ մտածված ու աշխատող մենեջմենթ է, որ շուկայում չկորցնենք մեր հաստատուն տեղը»:

Թոնրի խորությունը 1,5 մետր է: Պատերն ամբողջությամբ հացով ծածկելու համար տղաները մինչեւ թոնրի հատակն են հասնում: Գեորգիից ոչ պակաս «ակրոբատ» է նաեւ Զաքոն: Վրացի հացթուխների կազմակերպած շոուն տեսնելու են գալիս նաեւ արտասահմանցիները: 

«Մեկ շաբաթից ավելի է՝ հանգստանում ենք Վանաձորում: Չենք ալարում, ամեն օր հասնում ենք Ապարան՝ ոչ այնքան այստեղից գնումներ կատարելու համար, որքան հացթուխների ներկայացումը դիտելու: Երբ առաջին անգամ տեսանք, թե ինչպես են կախվում տաք վառարանի մեջ, ես տեղում քարացա, կարծեցի՝ տղան սայթաքեց-հայտնվեց կրակի մեջ: Կինս նույնիսկ վախից չճաց, բայց կողքից հնչող ծափերը տեսնելով՝ հասկացանք, որ դա հատուկ է արվում՝ հացաթխումն ուրախ դարձնելու համար: Շատ համարձակ են, կեցցեն իրենք: Նկարել-ուղարկել եմ երեխաներիս, որ տեսնեն, թե հացն այստեղ ինչպես են թխում… Դե, եթե մարդն ուրիշներին կերակրելու համար կրակին է տալիս սեփական մարմինը, ուրեմն չարժե՞ ուտել նրա թխած հացը»,- ասաց Տուլայից Հայաստան հանգստանալու եկած Անատոլի Կապարնիկովը:

Գեորգին հատուկ դպրոց չի անցել: Հմտություններն ու ճարպկությունը փորձի հետ են եկել: «Որպեսզի խանութ գնալն ու հաց գնելը քաղաքացու համար ձանձրալի չլինեն, որոշեցի իմ հնարքներով լցնեմ այն րոպեները, որ նրանք կանցկացնեն խանութում: Սկզբում մեզ մոտ էի աշխատում, հայ հաճախորդներ շատ էինք ունենում: Համբավս հասավ հայ գործարարներին, ու նրանցից աշխատանքի առաջարկ ստացա: Արդեն մեկ ամիս է՝ այստեղ եմ: Չնայած աշխատանքը շատ է, բայց չեմ հոգնում, չեմ ձանձրանում: Իսկ երբ հաճախորդները հանդիսատեսի պես հավաքվում են շուրջս, նկարում, ժպտում, ծափահարում, ինձ մի քիչ դերասան եմ զգում»,- կատակեց Գեորգին:
Նաեւ ասաց, որ սուրբ գործ է կատարում ու նախախնամության ուժն է զգում: «15 տարի կրակի հետ եմ խաղում ու դեռ ոչ մի անգամ չնչին այրվածք անգամ չեմ ստացել»: