Ալիևին ու Էրդողանին՝ հասկացանք, Փաշինյա՞նն ինչու է նեղվել

Ալիևին ու Էրդողանին՝ հասկացանք, Փաշինյա՞նն ինչու է նեղվել

Հետաքրքիր իրողություններ եղան այսօր։ Նախ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվեց մեկնել Իսպանիա, որտեղ հոկտեմբերի 5-ին նախանշված էր նրա հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ ԵՄ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների մասնակցությամբ։

Ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, այդ որոշման պատճառը Ֆրանսիայի «ապակառուցողական» դիրքորոշումն է, ինչպես նաև Փարիզի և Բեռլինի անհամաձայնությունը, որ Թուրքիան էլ մասնակցի հանդիպմանը։ 
«Ադրբեջանին այս ձևաչափը պետք չէ։ Ինչո՞ւ պետք է տարածաշրջանի խնդիրները քննարկեն մեր տարածաշրջանից հեռու երկրները։ Միաժամանակ, եթե օրակարգում մնա նախկին ԵՄ-Ադրբեջան-Հայաստան եռակողմ ձևաչափը, ապա դրան կարող է մասնակցել Ադրբեջանը։ Ցանկացած ձևաչափ, որին մասնակցում է Ֆրանսիան, հարմար չէ Ադրբեջանին։ Ադրբեջանը չի մասնակցի այն հարթակին, որտեղ ներկայացված է Ֆրանսիան»,-Բաքվի դիրքորոշումը, ավելի շուտ՝ նեղվածության պատճառը ներկայացնելիս գրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Ավելի ուշ, Ադրբեջանի ԱԳՆ-ն շտապեց ոչ ուղղակիորեն, սակայն ենթատեքստով հաստատել այս թեզը։

«Մենք խստորեն դատապարտում և մերժում ենք Ադրբեջանին ուղղված անհիմն մեղադրանքները, որոնք հոկտեմբերի 3-ին Հայաստան կատարած այցի ժամանակ մամուլի ասուլիսում հնչեցրել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան։ Ֆրանսիան նախկինում ուշադրություն չէր դարձնում մի շարք խնդիրների, այդ թվում՝ ադրբեջանցիների զանգվածային տեղահանություններին և նրանց դեմ ռազմական հանցագործություններին։ Հայաստանին ցանկացած հնարավոր միջոցներով զինելը, Երևանին Ֆրանսիայի կողմից ագրեսիայի և ռազմական արկածախնդրության դրդելն անընդունելի է»,-նշել են գերատեսչությունում։

Ի դեպ, Թուրքիայի ղեկավարի՝ Գրանադա չմեկնելու հետ կապված մեկ ուշագրավ հանգամանք։ Թուրքական լրատվամիջոցները, Ալիևի՝ Փաշինյանի հետ նախատեսված հանդիպումից հրաժարվելու մասին տեղեկություններին զուգահեռ, հայտնեցին, թե Էրդողանը հոկտեմբերի 5-ին չի այցելի Իսպանիա և չի մասնակցի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ հանդիպմանը։ 

Նշեցին, թե պատճառը՝ թուրք առաջնորդի մրսածությունն է։ Զավեշտն այն է, որ Անկարայում շտապել են պարզաբանել մի բան, որի կարիքը չկար։ Ավելին՝ Էրդողանին դրել են անհարմար վիճակում, թե բա` մրսած է, չի մասնակցի։ Եթե չեն հրավիրել, չեն համաձայնել՝ ուզում ես հարբուխ ունեցիր, ուզում ես․․․ նեղվածություն։ Վերջին ենթադրությունն առավել իրատեսական է, քանի որ վերջին օրերին միջազգային հանրությունը, հատկապես՝ ԱՄՆ-ն և ԵՄ-ն ուժեղացրել են Արցախի (արցախցի բռնագաղթվածների) հարցով ճնշումն ադրբեջանա-թուրքական տանդեմի նկատմամբ։
Ֆրանսիան՝ իր գլխավոր դիվանագետի շուրթերով, կարողացավ դիմակազերծել մեր դարավոր թշնամական զույգի բուն՝ ռազմատենչ ու ծավալապաշտական էությունը, որոնք ցանկացած պահի ու պատրվարկով կարող են ստվերել խաղաղությանը միտված գործընթացները, որ ձևաչափով էլ դրանք լինեն։ Այո՛, Ֆրանսիան պնդեց և ապացուցեց, որ Հայաստանի ու արցախցիների կողքին է։ Հայտարարեց, որ ռազմական տեխնիկա կտրամադրի Հայաստանին և կշարունակի բովանդակ աջակցությունը՝ այդ ամենը նախագահ Էմանուել Մակրոնի հատուկ ուշադրության ներքո։ Ֆրանսիան կրկնեց, որ ուսումնասիրում է ՀՀ պաշտպանական կարիքները և հանձնառու է աջակցել Հայաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության պաշտպանությանը։
Մինչդեռ տարածքային ամբողջականությունը վերականգնելու մասին հպարտորեն ազդարարող Ալիևը, փաստորեն, մեկ քայլ չի կարող անել և լքել սեփական երկրի տարածքն առանց մեծ եղբոր՝ Էրդողանի թույլտվության կամ ներկայության։ Թե՞ էլի վախենում է, որ կուլիսներում իրեն կնճշեն, ինչպես հայտարարում էր նախքան չարաբաստիկ 44-oրյա պատերազմը։ 

Իսկ որ ճնշելու հավականություն կա, երևաց վերջին երկու օրերին Եվրախորհրդարանում ԼՂ -ում տիրող ճգնաժամի և Հայաստանի սպառնացող վտանգների թեմայով քննարկումների ժամանակ։ Եվրոպացի խորհրդարականները միաբերան պնդեցին, որ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացնում արցախցիների նկատմամբ, ինչի համար պետք է պատասխանատվության ենթարկվի։ Համանման կոչով օրերս ԱՄՆ նախագահ Բայդենին նամակ ուղղեցին նաև 75 կոնգրեսականներ։ Ասել է թե՝ հավաքական Արևմուտքն ու միասնական Եվրոպան խոսքերից հետզհետե անցնում են կոնկրետ գործողությունների։ Ամեն դեպքում նման տպավորություն կա։
Իսկ թե ինչ նշանակություն ուներ Գրանադայի հնգակողմ հանդիպումը Հայաստանի համար, ԱԺ-ում մեկնաբանեց Փաշինյանը․

«Մենք մինչև վերջին պահը հաստատել էինք մեր մասնակցությունը այդ հանդիպմանը։ Կարծում էինք, որ շրջադարձային փաստաթուղթ ստորագրելու հնարավորություն կա։ Մինչև այս առավոտ այդ հավանականությունը շատ բարձր էինք գնահատում։ Ցավում ենք, որ հանդիպումը տեղի չունեցավ, սակայն հույս ունենք, որ այն հայեցակարգային փաստաթուղթը, որ դրված է սեղանին, հարմար պահի կստորագրվի։ Ես պատրաստ եմ այդ պայմանագիրը ստորագրել»։

Փաստորեն, դատելով Երևանի, Բաքվի և Անկարայի ազդակներից, երեքն էլ նեղված են հանդիպման տապալումից։ Թե ինչո՞ւ․․․ դատեք ինքներդ․․․

Արա Ալոյան