Երկուսը՝ նոր, երեքը՝ նախկին իշխանությունից․ ովքեր են շարունակում մնալ կալանքի տակ

Երկուսը՝ նոր, երեքը՝ նախկին իշխանությունից․ ովքեր են շարունակում մնալ կալանքի տակ

Շուրջ 2 տարի է անցել թավշյա հեղափոխությունից․ այս տարիների ընթացքում ամենածանրաբեռնվածն աշխատել ու աշխատում է դատական համակարգը։ Պետք է արձանագրենք, որ հեղափոխությունից հետո այս ոլորտը բազմաթիվ հարվածներ ստացավ իշխանություններից։

Երկրում իրավական գործընթացների պակաս չկա, գրեթե ամեն օր լսում ենք տասնյակ նոր քրեական գործերի, իրավական պրոցեսների մասին։ Շատ են նաեւ ներկա ու նախկին պաշտոնյաները, որոնց մեղադրանք է առաջադրվել, բայց ոչ բոլորն են գտնվում կալանքի տակ։

«Հրապարակ»-ը առանձնացրել է հանրային հնչեղություն ունեցող այն անձանց անունները, որոնք այժմ կալանավորված են։

Այսպես․

Հեղափոխությունց հետո քրգործեր հարուցվեց պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրների եւ վերջիններիս ընտանիքների անդամների նկատմամբ։ Նրանք բոլորն ազատության մեջ են, բացառությամբ՝ հանրությանը Ֆրանկլին Գոնսալես անունով հայտնի դարձած Նարեկ Սարգսյանի, նա շարունակում է գտնվել ԱԱԾ-ի մեկուսարանում, գործով նախաքննությունը շարունակվում է։ 2018թ.-ի հունիսի 26-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով: 2018թ.-ի հուլիսի 6-ին նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում: Նարեկ Սարգսյանը ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Չեխիայից Հայաստան տեղափոխվեց 2019թ.-ի դեկտեմբերի 21-ին։

Նախկին իշխանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած Գագիկ Խաչատրյանը եւս շարունակում է կալանքի տակ գտնվել, թեպետ նրա պաշտպանական թիմը բարձրաձայնում է Խաչատրյանի մոտ առկա բազմաթիվ հիվանդությունների մասին։ Նշենք՝ նրա որդուն եւս մեղադրանք կա առաջադրված։ Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելը) նախատեսված հանցագործությունների կատարման՝ պաշտոնեական դիրքի չարաշահման եւ առանձնապես խոշոր չափերի վատնման համար։

Հաջորդ անձը, որը գտնվում է կալանքի տակ «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանն է, օրերս նրա կալանավորման ժամկետը երկարացվել է եւս 2 ամսով։ Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Առուստամյանին առաջադրվել է մեղադրանք՝ ՔՕ 312-րդ հոդվածի 3-րդ մասով (առանձնապես խոշոր չափի կաշառք տալը) եւ 38-190-րդ հոդվածով (փողերի լվացման օժանդակությունը):

Մյուս երկուսը, որոնք կալանավորված են, նոր իշխանության ներկայացուցիչներ են։ Նրանցից մեկը Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն է։ Նա ձերբակալվել է փետրվարի 5-ին, ապա կալանավորվել է։ ԱԱԾ-ն տվյալներ էր ստացել, որ նա շինարակական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք է բերել պայմանավորվածություններ և ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1-2.5 մլն ՀՀ դրամի չափով կաշառք է ստացել։ Դրա դիմաց Վերմիշյանը 2019թ. ընթացքում նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը։

Իսկ մյուսը՝ սուպերնախարար Արայիկ Հարությունյանի տեղակալ Գեւորգ Լոռեցյանն է։ Նա եւս տեւական ժամանակ է, ինչ կալանքի տակ է։ Լոռեցյանը նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի և մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն է ցուցաբերել մի տնտեսվարողի, որը Հայաստանում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահն է և միաժամանակ նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը:

Նշենք, որ կալանքի տակ են գտնվում նաեւ վերջերս աղմկահարույց միջադեպերի մասնակիցները, մասնավորապես՝ Կապանի եւ Գավառի դեպքերով մի քանի անձ։